Համաշխարհային բանկից նոր դրամաշնորհ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության մշակման համար

Համաշխարհային բանկից նոր դրամաշնորհ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության մշակման  համար

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» (դրամաշնորհ թիվ TF0B3556) նամակ համաձայնագիրը: Համաձայնագրի հաստատման մասին ՀՀ նախագահի հրամանագիրը գործադիրը հաստատեց սույն թվականի հունվարի 14-ի նիստում:

Համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկանքում նշված է.  «Հանքարդյունաբերության ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ գրեթե բոլոր օրենքները և այլ իրավական ակտերը ընդունված են, սակայն կարգավորման համակարգը տուժում է անորոշության և տարբեր օրենքների միջև անհամապատասխանության պատճառով (օրինակ՝ «մեկ պատուհանի» սկզբունքի ոչ լիարժեք կիրառման հնարավորությունները, ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողօգտագործման իրավունքի տրամադրման օրենսդրական հակասությունները. գործընթացը չի հենվում փոխհատուցման և տարաբնակեցման հարցերում հողի սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն փորձի վրա և այլն), որը ոլորտի կազմակերպված ու կայուն զարգացմանը խոչընդոտող ամենակարևոր գործոնն է:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առկա վիճակի վերլուծությունից հետևում է, որ ոլորտը՝ որպես արտահանումից ստացվող եկամուտների, արտարժութային ներհոսքի, օտարերկրյա ուղղակի ներդրումների և համեմատաբար բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման աղբյուր, կարևոր կշիռ ունի ազգային տնտեսության մեջ՝ ապահովելով բարձր հարկային եկամուտներ: Սակայն հանքարդյունաբերության ոլորտը ոչ ամբողջական կերպով է ապահովում շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման պահանջները՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով (բնապահպանական, սոցիալական և տնտեսական հիմնահարցերի համակցման և համակարգված գործողություններ): Այս առումով կարևորվում է հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտի զարգացման ներկա փուլում չափազանց կարևոր է ունենալ կայուն, պարզ և թափանցիկ իրավական դաշտ: Իսկ ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու, միջազգային լավագույն փորձին մոտեցնելու և ոլորտի կայուն զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապարփակ քաղաքականություն: Այժմ բարենպաստ պահ է հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման համար: Սա կապահովի, որ զարգացման և ներդրումների հաջորդ ալիքի ժամանակ Հայաստանը լավ պատրաստված լինի այդ մարտահրավերներին:

Հարկ է նշել, որ ռազմավարության մշակման անհրաժեշտությունը ամրագրված է նաև 2019թ. մայիսի 16-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» №650-Լ որոշման 127.2 կետում:

Համաշխարհային բանկից ստացվող ֆինանսական միջոցների հաշվին 2019-2020 թվականներին ԱՃԳԾԱ ՀՀ Դրամաշնորհ թիվ TF0A5519 ծրագրով (Հանքարդյունա­բերության ոլորտի քաղաքականության ծրագիր) նախատեսված էր եղել ռազմավարության մշակումը՝ երկու թեմատիկ ուսումնասիրությունների իրականացումից հետո: Սակայն Խորհրդատուների կողմից աշխատանքների կատարումները ուշացան, իսկ նախկին դրամաշնորհի հիմնական ֆոնդը փակվեց, որի արդյունքում հնարավոր չեղավ իրականացնել ռազմավարության մշակումը: Հաշվի առնելով նպատակի կարևորությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բանակ­ցություններ սկսեց Համաշխարհային բանկի հետ՝ նպատակը անավարտ չթողնելու և նոր դրամաշնորհ ներգրավելու համար:

ՀՀ կառավարությունը 2020 թվականի դեկտեմբերի 10-ի № 2006-Ն որոշմամբ հավանություն է տվել Համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, և հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ կնքել գործակալության պայմանագիր` որոշման 1-ին կետում նշված միջազգային պայմանագրի իրականացումն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է համարում Համաձայնագրի հաստատումը»: 

Հունվար 21, 2021 at 13:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր