

Հայաստանը չի հրաժարվել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ծրագրի ռուսական վարկից, պարզապես Հայաստանը չի դիմել վարկի երկարացման համար դրա պայմանների հետ առնչվող խնդիրների պատճառով: Այս մասին 2021թ. հունվարի 12-ին ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020թ. հունիսի 11-ին որոշեց ՀՀ պետական բյուջեից 63 միլիարդ 200 միլիոն դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով՝ հրաժարվելով ՀԱԷԿ-ի արդիականացման համար ռուսական վարկի մնացած մասից: Ռուսաստանը Հայաստանի հետ 2015թ. կնքել էր 270 միլիոն դոլարի վարկի և 30 միլիոն դոլարի դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար:
Հակոբ Վարդանյանը բացատրեց. «Ռուսական վարկի մնացորդը դրամաշնորհի հետ միասին կազմել է մոտ 110 միլիոն դոլար: Վարկի օգտագործման ժամկետը լրացել է 2019թ. դեկտեմբերի 31-ին: Այն պայմաններով, որով վարկն օգտագործվում էր, հնարավոր չէր ավարտել ծրագիրը: Ռուսական կողմն առաջարկում էր երկարաձգել վարկային միջոցների օգտագործման ժամկետը մինչև 2021թ. ավարտ, սակայն այն բոլոր աշխատանքները, որոնք պետք է սկսվեին, չէին ավարտվի մինչ այդ: Օրինակ՝ ենթակայանի, հովացման աշտարակի, ենթակայանների և դիզել-գեներատորային կայանների վերանորոգման աշխատանքները երկու տարուց ավելի կտևեին: Նույն պայմաններով ռուսական կողմը վարկեր էր տրամադրել նաև այլ երկրների: Մեր վարկի փոփոխությունը ենթադրում էր, որ մյուս երկրները նույնպես կցանկանային փոփոխություն կատարել»:
Ըստ փոխնախարարի՝ վարկի օգտագործման պայմանների մյուս խնդրահարույց կետն այն էր, որ պետք է վարկի առնվազն 80%-ն օգտագործվեր ռուսական ընկերությունների կողմից: «Ռուս գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ մեր երկրի ներսում ստեղծված սեփական միջոցների հաշվին կշարունակենք աշխատանքները»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, որ 2021թ. պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների նպատակով ՀԱԷԿ-ը կկանգնի 141 օրով, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե ռուսական վարկի ոչ ճիշտ ժամանակին օգտագործումն է հանգեցրել այդ կանգին: «Դա էլ իր հերթին բերել է այլ գործոնների ավելացմանը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մոտ երեք դրամով թանկացմանը»,- ասաց նա:
Ի պատասխան Հակոբ Վարդանյանն ասաց, որ ատոմակայանի աշխատանքի դադարեցումը բազմաթիվ այլ պատճառներ ունի: «Վարկային ծրագիրը սկսվել էր 2014թ. և պետք է ավարտվեր 2019թ.: 2018թ. կեսերին, երբ ատոմակայանը կանգնեց պլանային նախազգուշական վերանորոգման համար, ծրագրի 80%-ը դեռևս իրականացված չէր: Բանն այն է, որ չկար նման աշխատանքի փորձ, և ի սկզբանե ճիշտ չէին գնահատվել ժամկետներն ու աշխատանքների ծավալները: Դա հանգեցրել է նրան, որ նախանշված ժամկետում ամբողջությամբ չի ավարտվել ծրագիրը»,- ասաց նա:
Ըստ Հակոբ Վարդանյանի՝ 141 օր ժամկետով կանգնեցնելը պայմանավորված է ռեակտորի իրանի թրծման և վթարային հովացման համակարգի աշխատանքներով: «Վարկային համաձայնագրի սկզբնական ծրագրով նախատեսված չի եղել ռեակտորի իրանի թրծումը, և դա առաջացել է ուսումնասիրությունների և կատարվող աշխատանքների շրջանակներում»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ ատոմակայանի երկար կանգ առնելը սակագնի վրա բացասական ազդեցություն կունենա: Ըստ նրա, սակագնի վրա ազդեցություն ունեն նաև արտարժույթի գործոնը, նախկինից կուտակված համակարգի դեֆիցիտը, մյուսը՝ Որոտանի հիդրոկասկադի վերանորոգման ժամանակին չավարտելն է: Այն առաջացրել է 6 միլիարդ դրամի չափով վնաս:
Հունվար 14, 2021 at 15:36