COVID-19 համավարակով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը երկարացրել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրով նախատեսված մի շարք միջոցառումների ժամկետներ: Այդ միջոցառումներից է «Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը և ՀՀ վարչապետի ներկայացումը: Դա պետք է արվեր 2021թ. 4-րդ եռամսյակում: Գործադրի որոշմամբ ժամկետը երկարացվեց մինչև 2022թ. 4-րդ եռամսյակ:
Որոշման հիմնավորման մեջ նշված է. «փաստաթղթի մշակման մասով 2021թ. ընթացքում իրականացվել է կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ էներգետիկայի ոլորտի խոցելիության գնահատում, որի արդյունքները ներկայացվել են շահագրգիռ կողմերին և մասնագիտական հանրությանը: Հաջորդիվ ստացվել են խոցելիության գնահատման ու հարմարվողականության նախանշված ուղղությունների վերաբերյալ մի շարք առաջարկներ և դիտարկումներ, և ներկայումս մեկնարկել են էներգետիկայի ոլորտի հարմարվողականության ծրագրի մշակման աշխատանքները»:
էներգետիկ ոլորտի վրա ազդող հիմնական կլիմայական գործոններն են՝
- մթնոլորտային օդի ջերմաստիճան
- սելավներ/սողանքներ
- քամու արագություն
- ամպրոպ
- ջրի սակավություն
Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարածքի համար 1961-1990թթ․ միջինի (5.5°C) նկատմամբ կանխատեսվում է տարեկան միջին ջերմաստիճանի աճ մինչև 1.6°C-ով՝ 2040թ․, 3.3°C-ով՝ 2070թ․ և 4.7°C-ով՝ 2100թ․։ Մթնոլորտային տեղումների դեպքում ակնկալվում է 1961-1990թթ․ տարեկան տեղումների միջին քանակի (592 մմ) նկատմամբ նվազում մինչև 2.7%-ով՝ 2040թ․, 5.4%-ով՝ 2070թ․ և 8.3%-ով՝ 2100թ․։
Ըստ կանխատեսումների՝ գետային հոսքի նվազումը 1961-1990թթ. միջինի նկատմամբ կկազմի 2040թ.՝ 14%, 2070թ.՝ 28% և 2100թ. 39%: Սեւանա լճի ընդհանուր գետային ներհոսքը մինչև 2100թ. կարող է նվազել մոտ 34%-ով՝ 265 մլն խմ:
Կլիմայի փոփոխության ռիսկերը էներգետիկ համակարգի վրա
- Ջրի սակավությունը կհանգեցնի հիդրոէլեկտրակայանների արտադրողականության կորուստների, կաճի ատոմակայանի և ջերմակայանների հովացման համար անհրաժեշտ ջրի պահանջարկը:
- Ջերմաստիճանի աճը կարող է ազդել ակտիվների բեռի, հզորության, գեներատորների արդյունավետության, սարքավորումների աշխատանքի վրա, արտադրանքի քանակի/որակի վրա:
- Կրիտիկական խափանումներ կարող են տեղի ունենալ վտանգավոր երևույթների զուգակցման ժամանակ:
Մարտ 18, 2022 at 11:22