ՏԿԵՆ-ը կմշակի ծրագիր ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2036թ. շարունակելու համար

ՏԿԵՆ-ը կմշակի ծրագիր ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2036թ. շարունակելու համար

Սույն թվականի մարտի 23-ին ՀՀ կառավարությունը որոշեց սկսել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման գործընթաց՝ 2026 թվականի սեպտեմբերից հետո ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործումը հիմնավորելու և շահագործման շարունակականությունն ապահովելու նպատակով:

Որոշման հիմնավորման համաձայն, հաշվի առնելով արդեն իսկ կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը, նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10-ը տարով՝ 2026 թվականից մինչև 2036 թվականը։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի մշակման աշխատանքները հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարին: Այն  պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

ա. Ընկերության N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար անհրաժեշտ աշխատանքների և ֆինանսական միջոցների ծավալը,
բ. ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվությունը,
գ. նախատեսվող ներդրումների ազդեցության գնահատականը Ընկերության և վերջնական սպառողների սակագների վրա։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին որոշմամբ առաջարկվել է Ծրագրում ներառելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման գործընթացով նախատեսվող ներդրումների ազդեցության գնահատականը Ընկերության և վերջնական սպառողների սակագների վրա՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։

Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին։  ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 461-Ն որոշման համաձայն իրականացվել է ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026 թվականը։ Նշված ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ շուրջ 189 միլիոն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից շուրջ 63.2 միլիարդ դրամի հաշվին։

Մարտ 23, 2023 at 17:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր