Նոր համագործակցություն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև՝ միջուկային անվտանգության ոլորտում

Նոր համագործակցություն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև՝ միջուկային անվտանգության ոլորտում

ՀՀ կառավարությունը 2023թ. հունիսի 1-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրին: 

Նշենք, որ 2023 թ. մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրվել էր «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագիրը: 

Նոր hամաձայնագրով ընդլայնվում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։ Այն կնպաստի անվտանգության հարցերով առաջադեմ փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։ Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։

Հունիս 01, 2023 at 17:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր