Կստեղծվի նոր ընկերություն, որը կկառավարի ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը․ 2024 թվականի բյուջեն՝ 200 միլիոն դրամ

Կստեղծվի նոր ընկերություն, որը կկառավարի ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը․ 2024 թվականի բյուջեն՝ 200 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով կստեղծվի «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն։

Նորաստեղծ ընկերության բյուջեն, ըստ նախնական գնահատականի, 2024 թվականի համար կկազմի 200,000,000 դրամ։

ՀՀ կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց․ «Էներգետիկ ոլորտի մինչև 2024 թվականի մեր ռազմավարության մեջ ունենք, որ գործող ատոմակայանի հարթակում՝ հարակից տարածքում, գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո այդ փուլում ունենանք նոր, առնվազն նույն հզորության նոր էներգաբլոկ, որը կշարունակի նոր ատոմակայանի նման աշխատել։ Այս գործընթացը կազմակերպելու համար և գործընթացն ավելի կազմակերպված, ինստիտուցիոնալ ու համակարգված իրականացնելու համար առաջարկում ենք ստեղծել այս կազմակերպությունը»:

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու ծրագիրն ավելի ինստիտուցիոնալ և համակարգային իրականացնելու նպատակով առաջարկվում է ստեղծել կազմակերպություն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված Milestones in the Development of a National Infrastructure for Nuclear Power. No. NG-G-3.1 (Rev. 1) ուղեցույցի համաձայն։ Կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը և կադրերի հավաքագրումը պետք է համապատասխանի ԱԷՄԳ-ի ընթացակարգերին, ֆինանսավորումը պետք է իրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ընկերության ընդհանուր կառավարումը պետք է իրականացվի լիազոր մարմնի, այն է՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Վերոնշյալ կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև, որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։ Վերջինս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:

Ազգային ժողովի կողմից նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին օրենքը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո, կառավարության կողմից ընդունած ժամանակացույցին համապատասխան կազմակերպությունը պետք է կառավարի, կազմակերպի և պատասխանատու լինի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար, այսինքն՝ հանդիսանա տվյալ ծրագրին իրականացնողը (SPV):

Այդ ընթացքում կազմակերպությունը, կախված վերը նշված աշխատանքների փուլերից, պետք է համալրվի համապատասխան կադրերով, հետագայում նոր կայանի կառուցումից հետո դառնալով կայանի շահագործողը:

Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե։ Հաշվի առնելով ԱԷՄԳ-ի ուղեցույցը՝ նմանատիպ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է տարբեր ոլորտների (էլեկտրաէներգետիկա, միջուկային ֆիզիկա, բնապահպանություն, կրթություն, քաղաքաշինություն և այլն) բարձր որակավորում ունեցող 50-60 մասնագետներով համալրված անձնակազմ:

Հաշվի առնելով աշխարհում միջուկային տեխնոլոգիաների զարգացման փուլը և աշխարհաքաղաքական զարգացումները՝ կարծում ենք, որ տվյալ կազմակերպության ստեղծումից և համապատասխան անձնակազմի համալրումից հետո 1,5-2 տարվա ընթացքում կկարողանա կառավարությանը տալ հիմնավորված առաջարկ տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ», - նշված է որոշման հիմնավորման մեջ։

Նոր կադրերի համալրումից, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումից հետո այս կառույցի գործընկերները կառավարությանը եզրակացություն կտան, թե ինչպես շարժվել առաջ հզորության, մեթոդների, շինարարությունը սկսելու փուլերի, դրա կառավարման և մնացած առումներով:

Կառավարության որոշումից հետո այս կազմակերպությունը պետք է դառնա այն կառույցը, որը կիրականացնի ամբողջ շինարարության գործընթացը՝ որպես իրականացնող պատվիրատու և հսկող մարմին, որից հետո էլ այս կազմակերպությունը կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի նոր շահագործող, կառավարության որոշումից հետո իրենք իրականացնեն ամբողջ գործընթացը։

Օգոստոս 02, 2024 at 11:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր