

ԱՄՆ պետքարտուղարի աշխատանքային այցի շրջանակում ս․թ․ մայիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն»։
«Կողմերը ողջունում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարողությունների զարգացման գործընկերության, ԱԲ և կիսահաղորդիչների նորարարության գործընկերության և էներգետիկ անվտանգության գործընկերության վերաբերյալ և հաստատում են, որ սույն կանոնադրությունը հանդիսանում է դրանց իրականացման համապարփակ շրջանակը»,- նշված է կանոնադրության մեջ:
Կանոնադրության 2-րդ բաժնում ամրագրված են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության ուղղությունները։
«Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության ու մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի հետագա զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն չափանիշներին համաձայն, որը ներպետական համաձայնեցման և վավերացման ընթացակարգերի, քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո, կարող է ներառել փոքր մոդուլային ռեակտորի հնարավոր տեղակայումը և հասանելիությունը ԱՄՆ վառելիքին և տեխնոլոգիաներին, էներգետիկ անվտանգության և արդյունավետության բարելավման ջանքերը, այդ թվում՝ Հայաստանին ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաներին հասանելիության տրամադրում, տարածաշրջանային և եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածության աճի միջոցներ և ԱՄՆ քաղաքացիական միջուկային այլ ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիություն։
Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել էներգետիկ դիմակայունությունը և կարևորագույն ենթակառուցվածքների անկախությունը և խթանել ներդրումներ Հայաստանի էներգետիկ ոլորտում: Առաջնահերթ ուղղությունները ներառում են էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի արդիականացումը, էներգիայի կուտակիչ կայանների զարգացումը և կիբեռանվտանգության բարելավումը և աշխատուժի կարողությունների զարգացումը: Երկու երկրները մտադիր են աշխատել նաև Հայաստանի առավել լայն կարևորագույն ենթակառուցվածքների դիմակայունության զարգացման ուղղությամբ, հատկապես արհեստական բանականության հեղափոխության հիմքում ընկած ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը և ֆինանսները», - նշված է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության» մեջ։
Մայիս 29, 2026 at 16:09
