

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններին մասնակցելու է գրանցվել 19 քաղաքական ուժ։ Հունիսի 4-ի դրությամբ այս ուժերից 11-ն է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել նախընտրական ծրագիր։ Էկոլուրն ուսումնասիրել է նախընտրական ծրագրերը՝ պարզելու, թե էներգետիկայի ոլորտի առնչությամբ ինչ միջոցառումներ են ներառված այդ ծրագրերում։
- ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագրում էներգետիկայի ոլորտի հետ կապված միջոցառումներ առկա չեն։
- «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագիր չի ներկայացվել ԿԸՀ:
- «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
Նախընտրական ծրագրում գրված է․
«1.6 Էներգետիկայի զարգացումը
Իրավիճակի գնահատականը և խնդիրները:
- Արևային էներգետիկայի զարգացման ծրագրի ձախողում
- Արևային էներգետիկայի զարգացումը, որպես ոլորտում իր կողմից իրականացված քաղաքականության հիմնական ձեռքբերումներից մեկը համարող ՀՀ կառավարությունը իրականում ձախողել է այդ ծրագիրը, որը ծանր հետևանքներ է ունեցել էլեկտրաէներգետիկ համակարգի համար, մասնավորապես՝
- արևային էներգետիկայի անկառավարելի աճը հանգեցրել է էլեկտրաէներգետիկ համակարգի լուրջ անհամաչափությունների (դիսբալանսի), ինչը Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի համար հուսալիության և անվտանգության ռիսկեր է առաջացրել,
- էլեկտրաէներգետիկ համակարգի համար ֆինանսական բացասական հետևանքներ է առաջացրել՝ վնասի չափը տարեկան գնահատվում է շուրջ 5 մլրդ դրամ,
- իրավիճակի շտկմանն ուղղված հապճեպ քայլերը վտանգի տակ են դրել Հայաստանում արևային էներգիայի մեծ ներուժի հետագա իրացման հեռանկարը, որը էներգետիկ ոլորտում համարվում է Հայաստանի հիմնական առավելություններից մեկը։
2.Բնակիչ սպառողների շահերի անտեսման հաշվին էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացում
- ՀՀ կառավարությունը էներգետիկայի ոլորտում իր կողմից վարված քաղաքականության որպես մյուս կարևոր ձեռքբերում է համարում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը, սակայն շուկայի ազատականացման մեկնարկից չորս տարի անց դեռևս դրական արդյունքները տեսանելի չեն, իսկ բնակիչ սպառողների շահերը մեծապես անտեսված են եղել, մասնավորապես՝
- չնայած նրան, որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի միջին գինը նվազում է, բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն չի նվազել, այլ 2026 թվականին դրա բարձրացումը զսպելու նպատակով պետական բյուջեից 12.3 մլրդ դրամի սուբսիդիա տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել,
- էլեկտրաէներգետիկական՝ շուկայի ազատականացումից առավելապես օգտվում են խոշոր սպառողները, որոնք դրա արդյունքում՝ հասանելիություն են ստացել շուկայի կարգավորվող բաղադրիչում վաճառվող էժան էլեկտրաէներգիային, որի մասով տարեկան խնայողությունը 2026 թվականին գնահատվում է շուրջ 13.6 մլրդ դրամ,
- էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մրցակցությունը խիստ սահմանափակ է, գործարքների միայն չնչին մասն է (12 տոկոս) կնքվում շուկայական մեխանիզմներով գնագոյացմամբ՝ առաջարկ-պահանջարկի հիման վրա,
- դեռևս էլեկտրաէներգետիկ համակարգում ի հայտ չեն եկել նոր համեմատաբար խոշոր արտադրողներ, որոնք պատրաստ կլինեին մրցակցային հիմունքներով գործել շուկայում:
3.Նոր մոդուլային ատոմային կայանի կառուցման արկածախնդիր ծրագիր
- Գործող կառավարությունը հայտարարել է մինչև ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտը՝ 2036 թվականը, նույն հզորությամբ նոր մոդուլային տիպի ատոմային կայանի կառուցման մտադրության մասին՝ առանց նշելու, թե ինչ հիմնավորմամբ է կայացվել այդ որոշումը: Ըստ վերջին գնահատականների` մոդուլային տիպի ատոմային կայանի կառուցման գինը ամենաբարձրերից մեկն է և մեկ ՄՎտ-ի հաշվով կազմում է մոտ 7.7 մլն ԱՄՆ դոլար:
- Հաշվարկները ցույց են տալիս, որ գործող ատոմային կայանի հզորության (400 ՄՎտ) մոդուլային կայանի կառուցման համար կատարված ներդրումների խելամիտ եկամտաբերությամբ հետվերադարձը ապահովելու համար անհրաժեշտ սակագինը կկազմի՝ 0.133 ԱՄՆ դոլար/կՎտ.ժ (50,5 դրամ/կՎտ.ժ), ինչը մոտ 76 տոկոսով բարձր կլինի այս պահին գործող հաշվեկշռման առավելագույն սակագնից (28.756 դրամ/կՎտ.ժ), իսկ ՀԱԷԿ-ի գործող սակագնից (15.127 դրամ/կՎտ.ժ) 3.3-ից ավել անգամ բարձր կլինի:
- Վերը բերված գնահատականները կասկածի տակ են դնում Հայաստանի գործող իշխանությունների կողմից հայտարարված փոքր հզորության մոդուլային նոր ատոմային կայանի կառուցման ծրագրի տնտեսական կենսունակությունը:
Աճող պահանջարկ, հնացած մոտեցումներ
- Հայաստանի էներգետիկ համակարգը մտնում է արագ փոփոխությունների փուլ: Առաջիկա 5 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի պահանջարկը առնվազն 50%-ով աճելու է։
- Այս աճի հիմնական աղբյուրները լինելու են՝
- մշակող արդյունաբերության առաջանցիկ զարգացումը
- տվյալների կենտրոնների և արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնումը
- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արագ աճը
- բնակչության սպառման աճը, որը խթանվելու է տնային արևային կայանների և
կուտակիչների տարածմամբ:
- Այս գործընթացները պահանջում են նոր էներգետիկ մտածողություն, քանի որ գործող մոդելը կառուցված է անցյալի պահանջարկի համար և չի համապատասխանում ապագայի տնտեսական կառուցվածքին:
- Եթե համակարգը չվերափոխվի, աճող պահանջարկը կդառնա՝
- սակագների աճի աղբյուր,
- ներդրումների սահմանափակման գործոն,
- տնտեսական զարգացման արգելք:
Մեր տեսլականը
էներգետիկան՝ արդյունաբերական զարգացման հիմք
- Մեր քաղաքականության հիմքում երեք սկզբունքներն են՝
- Էներգետիկ անվտանգություն
- Ֆինանսատնտեսական արդյունավետություն
- Մրցակցություն և ապաքաղաքականացում:
- Մենք չենք դիտարկում էներգետիկան որպես վարչական ոլորտ: Մենք դիտարկում ենք այն որպես արդյունաբերական զարգացման հիմնական ենթակառուցվածք:
Էլեկտրաէներգիայի պահանջարկի նոր փուլ
- Առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության կառուցվածքը կփոխվի: Մշակող արդյունաբերության մասնաբաժնի աճը, ինչպես նաև տվյալների կենտրոնների զարգացումը, կբերեն էներգիայի սպառման զգալի ավելացման:
- Մեր գնահատականներով մինչև 2031 թվականը էլեկտրաէներգիայի պահանջարկը առնվազն առնվազն 50%-ով աճելու է:
- Բնակչության սպառումը նույնպես աճելու է՝ ի հաշիվ տնային արևային կայանների և տնային կուտակիչների տարածվածության ընդլայնման, ինչպես նաև էլեկտրականացման գործընթացների:
- Այս աճը պետք է ընդունել ոչ որպես խնդիր, այլ որպես տնտեսական զարգացման հնարավորություն:
Վերականգնվող էներգետիկան՝ գլխավոր ուղղություն
- Մեր քաղաքականության գլխավոր գերակայությունը անելու է վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի զգալի ավելացումը:
Սակայն, մենք չենք կրկնի անցյալի սխալը՝ անկառավարելի աճ՝ առանց համակարգային լուծումների:
Մեր մոդելը պարզ է.
Արևային կայաններ + կուտակիչներ = Հայաստանի էներգետիկ ապագա
Էլեկտրաէներգիայի կուտակման հեղափոխություն
- Առանց կուտակման համակարգերի, արևային էներգետիկան չի կարող ապահովել կայունություն:
- Այդ պատճառով մինչև 2031 թվականը նախատեսվում է՝
- ստեղծել անհրաժեշտ հզորությամբ կուտակիչ կայանների համակարգ,
- զարգացնել ինչպես ցանցային, այնպես էլ տնային կուտակիչները,
- առավելագույնս օգտագործել հիդրոկուտակման հնարավորությունները:
- Կուտակման համակարգերը թույլ կտան՝
- հավասարակշռել արտադրությունն ու սպառումը,
- նվազեցնել գների տատանումները,
- ապահովել համակարգի կայունությունը:
- Հայաստանի էլեկտրական ցանցը պետք է անցնի նոր փուլ: ՀԷՑ-ը և ԲԷՑ-ը պետք է աշխատի Smart Grid սկզբունքով:
Սա նշանակում է՝
- թվայնացված ցանց,
- իրական ժամանակում կառավարման համակարգեր,
- սպառման ճշգրիտ կառավարում,
- ինքնավար կայանների արդյունավետ ինտեգրում:
Smart Grid-ը թույլ կտա՝ բարձրացնել հուսալիությունը, նվազեցնել կորուստները, նվազեցնել սակագնային ճնշումները:
Կարգավորումների ապաքաղաքականացում
- Էներգետիկ համակարգը չի կարող զարգանալ քաղաքական միջամտությունների
պայմաններում:
- Մենք իրականացնելու ենք.
ՀԾԿՀ-ի ամբողջական ապաքաղաքականացում:
Սա նշանակում է՝
-մասնագիտական որոշումներ,
- բաց և թափանցիկ կարգավորում,
- կանխատեսելի սակագնային քաղաքականություն:
Գները չեն կառավարվի քաղաքական նպատակներով:
Գները պետք է որոշվեն տնտեսական հաշվարկներով:
Մասնավոր ներդրումների նոր փուլ
- Էներգետիկ համակարգի զարգացման հիմնական աղբյուրը պետք է լինեն մասնավոր ներդրումները:
- Համակարգային բարեփոխումները թույլ կտան՝
- նվազեցնել ներդրումային ռիսկերը,
- բարձրացնել վստահությունը և կանխատեսելիությունը,
- ներգրավել նոր արտադրողներ:
Սա կնպաստի՝
-մրցակցության աճին,
- գների կայունացմանը,
- նոր տեխնոլոգիաների ներդրմանը:
Ատոմային էներգետիկա
Ոչ քաղաքական, այլ տնտեսական որոշումներ
- Ատոմային էներգետիկան չի դիտարկվելու որպես քաղաքական կամ՝ գաղափարական հարց:
- Մենք չենք ընդունում այն մոտեցումը, որ ատոմային էներգետիկան ինքնին ապահովում է էներգետիկ անկախություն:
Ի վերջո, եթե տեխնոլոգիան պատկանում է որևէ երկրի, կախվածությունը նույնպես առաջանում է այդ երկրից:
Մեր մոտեցումը պարզ է՝ միակ չափանիշը կլինի ֆինանսատնտեսական արդյունավետությունը:
Նոր ատոմային կայանի վերաբերյալ ցանկացած որոշում կընդունվի միայն այն դեպքում, երբ՝ այն կլինի տնտեսապես հիմնավորված, այն կլինի մրցունակ, այն չի ստեղծի ավելորդ ֆինանսական բեռ:
Սակագնային քաղաքականություն
Արդար և կանխատեսելի գներ
- Մեր քաղաքականությունը լինելու է.
կայուն սակագներ՝ առանց քաղաքական միջամտությունների:
- Գների զսպման հիմնական գործիքները լինելու են՝ մրցակցությունը, տեխնոլոգիական զարգացումը, արդյունավետ կառավարումը, կորուստների նվազեցումը, և ոչ թե՝ արհեստական սուբսիդիաները:
Վերջնական տեսլական
Հայաստանի էներգետիկ ապագան կառուցվելու է. վերականգնվող էներգիայի, կուտակիչների, թվային ցանցերի և մրցակցային շուկայի վրա:
Մեր համոզմամբ.
Արևային կայաններ + կուտակիչներ + Smart Grid
սա է Հայաստանի էներգետիկ ապագայի բանաձևը։
Քաղաքական եզրափակիչ ուղերձ
Էներգետիկան պետք է դադարի լինել քաղաքական գործիք: Այն պետք է դառնա տնտեսական զարգացման շարժիչ։
Մենք կառուցելու ենք կայուն, մրցունակ և ժամանակակից էներգետիկ համակարգ, որը կապահովի Հայաստանի արդյունաբերական վերածնունդը»:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագիր չի ներկայացվել ԿԸՀ:
- «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագիր չի ներկայացվել ԿԸՀ:
- «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագրում էներգետիկան չի դիտարկվում որպես առանձին ոլորտային առաջնահերթություն, այլ միայն մեկ անգամ հիշատակվում է համապարփակ անվտանգության համակարգի շրջանակում՝ որպես ենթակառուցվածք, որը կարող է ծառայել երկրի պաշտպանությանը։
«Երկիրը մշտապես պատրաստ է պաշտպանության և այդ հարցում հաջողելու է, որովհետև բոլորը՝ պետությունը, հասարակությունը և տնտեսությունը, գործում են՝ որպես մեկ համադրված համակարգ։ Ենթակառուցվածքներն 4 (օրինակ՝ էներգետիկա) անմիջապես սկսում են ծառայել երկրի պաշտպանությանը», - նշված է ծրագրում։
- «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում էներգետիկան արդեն դիտարկվում է ոչ թե ներքին անվտանգության ենթակառուցվածքի համատեքստում, այլ՝ արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունների շրջանակում՝ Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցության մաս։
«Հայաստանն իրականացնելու է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը միտված է լինելու պետական ինքնիշխանության ամրապնդմանը, արտաքին քաղաքական ռիսկերի նվազեցմանը և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։ Համագործակցության հիմնական ուղղություններն են.
- Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն. տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտային փոխկապվածության ոլորտներում հիմնական դաշնակիցներ», - գրված է ծրագրում։
8․ «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագրում նշված է․
«ՄԱՍ I - ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Գլուխ 1 - Ենթակառուցվածք
Ենթակառուցվածքային համակարգը դիտարկվում է որպես պետական ինքնիշխանության հիմնասյուն։ Պետական քաղաքականությունն ուղղված է՝
-Հարավ-Հյուսիս տրանսպորտային միջանցքի զարգացմանը՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային տարանցիկ հանգույց
- Ախուրյան-Քասախ ջրային համակարգի և հիդրոէներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը. նոր ատոմակայանի կառուցմանը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ
- էներգետիկ անկախության ապահովմանը
- վերականգնվող էներգետիկայի զարգացմանը ․․․․
Գլուխ 2 - Սյունիք և Վայոց Ձոր
Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը սահմանվում են որպես ռազմավարական առաջնահերթության գոտիներ։ Նախատեսվում է՝
- արտոնյալ տնտեսական ռեժիմի կիրառում
- վերաբնակեցման խթանում
- ենթակառուցվածքների արագ զարգացում
- կանաչ տնտեսության փորձնական ծրագրերի իրականացում
- վերականգնվող էներգետիկայի զարգացում»։
- «ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագիր չի ներկայացվել ԿԸՀ։
- «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագրում նշված է․
«Էներգետիկա
Հայաստանի էներգետիկ և տնտեսական կայունության հիմքը շարունակում է մնալ ռուսական էժան գազի կայուն մատակարարումը և Ռուսաստանի հետ համագործակցությունը ատոմային էներգետիկայի բնագավառում։ Ատոմային էներգետիկայի անվտանգության և զարգացման համար հույժ կարևոր է նոր ատոմակայանի կառուցումը։ Միաժամանակ պետք է շարունակել բարձրացնել արևային էներգետիկայի տեսակարար կշիռը։ Այս հարցում գլխավոր խնդիրն այն է, որ արևային էներգետիկան հասել է տարեկան մոտավորապես 1 GWh (Գիգավատժամ) արտադրության ծավալի, և առանց կուտակային հզորությունների կառուցման, արևային էներգետիկայի հետագա զարգացումը սպառնում է ստեղծել անկայունություն և զանգվածային վթարային անջատումներ:
Այսօր Հայաստանի կուտակային հզորությունները գտնվում են զրոյական մակարդակի վրա, ինչը գործող իշխանությունների ռազմավարական մոտեցման բացակայության հետևանք է: Արևային էներգետիկայի հետագա զարգացման համար պետք է ստեղծվեն անհրաժեշտ կուտակային հզորություններ:
Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման մեր գլխավոր անելիքները, ըստ այդմ, հետևյալն են.
- Կկառուցվի 1.2 GW (Գիգավատ) հզորությամբ նոր ատոմակայան Ռուսաստանի առաջարկած փաթեթի հիման վրա:
- Կարդիականացվի Սևան-Հրազդանի կասկադը՝ 150 Mwh հզորությամբ հիդրոկուտակիչ էլեկտրակայանի վերածելու նպատակով:
- Առաջնային ուղղություն կդառնա ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Գերմանիայի և Իտալիայի առաջատար ընկերությունների հետ համագործակցությամբ` մետաղաիոնային և կիսահաղորդիչ-մատրիցային փոխարկիչների տեխնոլոգիաների հիման վրա 1-2 MWh հզորությամբ կուտակիչ սարքավորումների ձեռքբերումն ու բաշխումը էներգետիկ համակարգում:
- Այնուհետև նորից զարկ կտրվի արևային էներգետիկայի զարգացմանը»։
11․ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրապետության» նախընտրական ծրագրում էներգետիկան հիշատակվում է մի քանի տարբեր համատեքստերում՝ ընդգծելով դրա համակարգային նշանակությունը տնտեսության, անվտանգության և պետական կառավարման ոլորտներում։
2.ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ հատվածում նշվում է․
«Նպատակը՝ տնտեսության կառուցվածքի փոփոխություն, մոնոպոլիաների վերացում, նոր աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձերով, ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, էներգետիկ, պարենային անվտանգության ապահովում»
5.ԱՊԱԳԱ կոչվող բաժնում էներգետիկայի վերաբերյալ կարդում ենք հետևյալը․
«2. Կառավարության կառուցվածքը համալրել՝ ավելացնելով փոխվարչապետի պաշտոն՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների կանոնակարգման, ստորագրված համաձայնագրերի կատարման նպատակով: Հավելել Ատոմային էներգիայի և էներգետիկայի, Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների, Մշակույթի և սփյուռքի նախարարություններ»։
5.Արտաքին քաղաքականության մասին հատվածում նշված է․ «Հայաստանի Հանրապետությունը վարելու է սեփական շահերից բխող քաղաքականություն՝ խորացնելով հարաբերությունները ժողովրդավարական արժեքներ կրող պետությունների հետ: Այդ նպատակով՝
1.TRIPP-ի իրականացումը հնարավորինս արագացնել՝ իբրև ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության, տնտեսական զարգացման, էներգետիկ անվտանգության գրավական»:
- ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագիր չի ներկայացվել ԿԸՀ:
- «ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագիր չի ներկայացվել ԿԸՀ:
- «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագրում էներգետիկ ոլորտի վերաբերյալ հիշատակում չկա։
- ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագրում նշված է․
«Բազմավեկտոր արտաքին քաղաքականություն
Իրան և Վրաստան
Իրանն ու Վրաստանը Հայաստանի բարեկամ երկրներն են։ Այս հարաբերություններում առաջնահերթ պետք է լինեն՝ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկ անվտանգության ապահովումը, ոլորտային և տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը։
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
Սյունիքի ճանապարհները պետք է լինեն ռազմավարական մակարդակի։ Վերակառուցվելու են մարզային ու գյուղական ճանապարհները, ջրագծերը, էներգետիկ ենթակառուցվածքները, ինտերնետային կապը»։
- «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագրում նշված է․ «6. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ստեղծել է էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու և ի վերջո էներգետիկ ինքնաբավ երկիր դառնալու բացառիկ հնարավորություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը գնալու են այս ճանապարհով։ Արևային, քամու էներգետիկայի, կենսագազի, կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև կուտակիչ կայանների զարգացումը, կլինեն առաջնահերթություն։ Կշարունակվեն նաև նոր ատոմակայանի ստեղծմանն ուղղված աշխատանքները։
Այն միջոցառումները (անելիքները), որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կիրականացնի խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին։
-Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկ՝ մինչև 2027 թվականի ավարտն իրականացնելով՝ նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրություն:
- ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի՝ 2026-2036 թթ., երկարացման ծրագրի իրականացում:
- Վերականգնվող էներգետիկայի զարգացում՝ մինչև 2040 թվականն արևային և հողմային էներգետիկայի հզորությունը 2000 ՄՎտ հասցնելու նպատակադրմամբ, ինչպես նաև մինչև 2027 թվականի ավարտն էլեկտրական էներգիայի կուտակման կայանների կառուցման ծրագրի մշակում՝ մինչև 2040 թվականը կուտակիչ կայանների առնվազն 600 ՄՎտ հզորություն ունենալու նպատակադրմամբ:
- Բիոգազի արտադրության կայանի ստեղծում:
- Կանաչ ջրածնի արտադրության կայանի ստեղծում։
- «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
Նախընտրական ծրագիր չի ներկայացվել ԿԸՀ։
- «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագրում նշված է․«Ինքնիշխան, ժողովրդավար, անվտանգ և արդիական Հայաստան
5․ Օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ նախկինում համագործակցած անձանց գաղտնազերծումը (լյուստրացիա) հրամայական է՝ երկրի անվտանգության ու պաշտպանության, տնտեսության և էներգետիկայի, արտաքին ու ներքին քաղաքականությունների կարևորագույն հարցերով ընդունվող որոշումների վրա արտաքին ազդեցություններն ու ճնշումները, ժողովրդավարության և ազատությունների դեմ հնարավոր ոտնձգությունները չեզոքացնելու և ի սպառ բացառելու նպատակով:
Մենք կներդնենք լյուստրացիայի մեխանիզմներ՝ համապատասխանեցնելով եվրոպական փորձաքննությանը և լավագույն պրակտիկաներին:
6․ Երկրի ինքնիշխանության տնտեսական խոչընդոտները կարող են վերանալ, երբ պետությունը պարենային, էներգետիկ, սոցիալական ու այլ անվտանգությունների առումով ունի ինքնաբավության նվազագույն՝ բազային մակարդակ, այդ բնագավառներում ինքնիշխան նպատակներ հետապնդելու կամք և վճռականություն, իսկ քաղաքացին էլ ապրում է բարեկեցիկ կյանքով, այլ ոչ թե անզոր ու անպաշտպան է կենսական հանրային ծառայություններ (գազամատակարարում, էլեկտրամատակարարում, տրանսպորտային փոխադրումներ և այլն) մատուցող օտարերկրյա ընկերությունների կամայական «սակագնային» շանտաժներին, մենաշնորհային ու գերշահութ ստանալու քաղաքականությանը՝ դեմ հանդիման:
Մենք կխրախուսենք էներգետիկ դիվերսիֆիկացիան՝ վերականգնվող աղբյուրների ներդրմամբ և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության խորացմամբ, ԱՄՆ-ի հետ համատեղ մեր միջուկային էնեգետիկան և էներգիայի կուտակման հզորությունները զարգացնելով որպես բացարձակ առաջնահերթություն:
Մրցունակ տնտեսություն․ տնտեսական քաղաքականության առաջնահերթություններ
- ԵՄ-ին ինտեգրվող տնտեսական համակարգ Հայաստանի տնտեսական զարգացման առանցքում մենք դնում ենք Եվրոպական միությանն անդամակցելու քաղաքական կուրսը, ինչը ենթադրում է տնտեսական համակարգի ինստիտուցիոնալ վերափոխում՝ եվրոպական կանոններին, շուկաներին և ստանդարտներին համապատասխան։
Պետական քաղաքականության առաջնահերթություններն են՝
- ԵՄ հետ հարաբերությունների խորացում՝ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) ներդրման ուղղությամբ,
- վիզաների ազատականացման գործընթացի տնտեսական և ինստիտուցիոնալ պայմանների լիարժեք իրականացում,
- «Եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածք» համաձայնագրի լիարժեք կիրառում,
- Հայաստանի լիիրավ անդամակցություն Եվրոպական էներգետիկ համայնքին։
- ԱՄՆ-ի հետ ռազմավարական տնտեսական գործընկերություն
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը դիտարկվում է որպես Հայաստանի տնտեսական, տեխնոլոգիական և էներգետիկ ինքնիշխանության ամրապնդման առանցքային ուղղություն։
Պետությունը պետք է անցնի դրվագային համագործակցությունից դեպի ոլորտային, ինստիտուցիոնալ և երկարաժամկետ տնտեսական գործընկերություն՝ հիմնված ներդրումների, տեխնոլոգիաների և անվտանգության համադրման վրա։
- Միջուկային էներգետիկա և էներգետիկ անվտանգություն
Հայաստանի էներգետիկ անվտանգությունը պահանջում է բարձր տեխնոլոգիական, անվտանգ և դիվերսիֆիկացված լուծումներ։ Մենք կարևորում ենք ԱՄՆ-ի հետ համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում․
- անվտանգության միջազգային ստանդարտների ներդրման,
- նոր սերնդի փոքր և միջին հզորության մոդուլային ռեակտորների ցանցի կառուցման, հնարավորությունների ուսումնասիրության և զարգացման,
- մարդկային կապիտալի և կարգավորիչ կարողությունների ամրապնդման, • էներգետիկ համակարգի պաշտպանվածության բարձրացման՝ արտաքին ճնշումներից և մատակարարման ռիսկերից,
- Հայաստանի էներգետիկ քաղաքականության ինտեգրման արևմտյան էներգետիկ անվտանգության ճարտարապետությանը։
- TRIPP նախագիծ, ենթակառուցվածքներ և հաղորդակցությունների փոխկապակցվածություն
TRIPP նախագծի շրջանակում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը դիտարկվում է որպես ենթակառուցվածքների զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության նոր որակի հիմք։
Առաջնահերթություններն են՝
- ճանապարհային, երկաթուղային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների արդիականացում՝ միջազգային ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ
- Իրանի հետ համագործակցություն՝ իրավական և ռիսկերի կառավարման շրջանակում
Իրանը Հայաստանի համար կարևոր տնտեսական և էներգետիկ գործընկեր է։ Մենք կարևորում ենք՝
- Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը՝ միջազգային իրավունքի և սանկցիոն ռեժիմների լիակատար պահպանմամբ,
- էներգետիկ փոխլրացնող ծրագրերի իրականացումը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացման նպատակով,
- տարածաշրջանային նախագծերի գնահատումը՝ քաղաքական, տնտեսական և անվտանգային ռիսկերի խիստ հաշվառումով։
- Ենթակառուցվածքներ՝ տնտեսական աճի հիմք
Պետությունը պետք է կենտրոնանա՝
- ճանապարհային և երկաթուղային ցանցի համակարգային արդիականացման վրա,
- էներգետիկ և թվային ենթակառուցվածքների փոխկապակցվածության վրա,
- միջազգային գործընկերների ներգրավմամբ երկարաժամկետ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վրա։
- Էներգետիկ անվտանգություն և կանաչ անցում
Տնտեսական քաղաքականությունը պետք է ապահովի՝
- էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացում և ածխաջրածնային կախվածության նվազեցում,
- արևային և քամու էներգետիկայի զարգացում շուկայական մեխանիզմներով,
- միջուկային էներգետիկայի հարցում՝ անվտանգություն, հաշվարկվածություն և միջազգային համագործակցություն։
Հայաստանի Կառավարության կազմում անհրաժեշտ է ձևավորել Էներգետիկայի նախարարություն, և մինչև 2028 թվական ԵՄ և ԱՄՆ մասնագետների և խորհրդատուների հետ համատեղ կազմել և հաստատել ՀՀ էներգետիկայի զարգացման և էներգետիկ անվտանգության ռազմավարությունը։
Արդիական և տեխնոլոգիապես հագեցած, ժամանակակից գյուղատնտեսություն
- Էներգետիկ և բնապահպանական հավասարակշռություն
Փոքր ՀԷԿ-երը, որոնք խախտում են գետերի բնական հոսքը և զրկում գյուղատնտեսությանը ոռոգման ջրից, պետք է փուլային կերպով փակվեն։ Դրանք պետք է փոխարինվեն՝
- արևային էլեկտրակայաններով,
- էներգետիկ լուծումներով, որոնք չեն վնասում գյուղատնտեսությանը և շրջակա միջավայրին։
Էներգետիկ քաղաքականությունը չպետք է հակասի գյուղատնտեսության կենսական շահերին»։
- «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական ծրագիր չի ներկայացվել ԿԸՀ։
Հունիս 04, 2026 at 19:05
