Գրիգոր էմին-Տերյան, «ԷկոԼուր»-ի համար
Որքան իմաստուն եւ հեռատես են մեր այն հայրենակիցները, որոնք ոչնչացնում են անտառներն ու առանձին ծառերը: Խոստովանեմ, որ չէի հասկանում դրա խորը իմաստը եւ զայրանում էի, երբ տեղեկանում էի հերթական ջարդի մասին: Սակայն Հունաստանում տեղի ունեցած անտառային սարսափելի հրդեհների տեսարանները, որ ցուցադրվում էին հեռուստատեսությամբ, ինձ խելքի բերեցին:
Հիմա եմ հասկանում, թե ինչ լավ է, որ Հայաստանում ծառերն այլեւս այդքան ազատ չեն աճում, ինչպես Հունաստանում, ինչի արդյունքում անտառային հրդեհների աղետի հավանականությունը մեր երկրում տարեցտարի նվազում է: Եվ շուտով այդ վտանգն ընդհանրապես կվերանա, քանի որ անապատում հրդեհ չի լինում: Կմնան միայն օազիսներ, որտեղ ծառերի շուքում հանգստանալ ցանկացողներին կմոտենան ինչ-որ մարդիկ եւ կպահանջեն վարձավճար, ինչպես որ այսօր տեղի է ունենում Սեւանա լճի ափին, կամ այլ հանգստավայրերում: Այսպիսով կստացվի կրկնակի օգուտ: Նախ, ծառերը հենց այնպես չեն այրվի անտառային հրդեհներում, այլ կդառնան փայտանյութ, որի վաճառքից ստացված գումարներով կհարստանան ազգի ճարպիկները, երկրորդ, հենց նրանք էլ հնարավորություն կստանան հետագայում եւս ունենալ եկամտի աղբյուր, ինչն այսօր անհնար է, քանի որ ծառերը դեռ աճում են ամենուրեք, ցաքուցրիվ, անկանոն եւ խառնիխուռն ձեւով, ինչն անհնար է դարձնում նրանց ստվերի օգտագործման վերահսկողությունը:
Նույն բնաքանդողական միջոցառումներն անհրաժեշտ է կիրառել նաեւ Սեւանա լճի հանդեպ, որտեղ արդեն համարյա թե ձուկ չի մնացել եւ ստվերային եկամուտ քիչ է ստացվում: ԱԺ-ում պետք է ընդունել օրենք «Բնաքանդության մասինե, Բնապահպանության նախարարությունը վերանվանել բնաքանդության նախարարության, որից հետո անհրաժեշտ է ավելացնել ձկների եւ խեցգետինների թույլատրելի որսի նորմերը, արագ թափով վերացնել դրանց եւ սկսել լճի մի մասի ճահճացումը, որ գոնե Մեծ Սեւանը դառնա գեղեցիկ ժամանցի վայր` վայրի թռչունների որսատեղի: Մեր նախարարները եւ օլիգարխները, որոնք շատ են սիրում հանգստի այդ ինտելեկտուալ տեսակը եւ նեղվում են քաղաքում կրակելու արգելքից, հնարավորություն կստանան Սեւանում օգտագործել իրենց հարուստ զինանոցները:
«Հայ որսորդների ազգային դաշինք» հասարակական կազմակերպության նախագահը վերջերս լրագրողներին բացատրեց, թե ինչ հաճույք է պաշտոնյաների համար որս անելը: Չէ՞ որ նրանք ամբողջ օրը տխուր նստած են լինում իրենց առանձնասենյակներում եւ չարչարվում են` մտածելով ժողովրդի հոգսերի մասին: Իսկ սպանված որսը, պարզվում է, ինչքան ավելի մեծ է չափսերով, այնքան ավելի մեծ հաճույք է պատճառում որսորդին: Սեւանի Ճահճացումը հնարավորություն կտա նրա ափերին ստեղծել ֆերմաներ, որտեղ հնարավոր կլինի պահել եւ բազմացնել ամենամեծ որսատեսակները` գետաձիերին եւ կոկորդիլոսներին: Դրանց որսը էքստազ կպարգեւի մեր ազգի ընտրյալներին, ինչն էլ ավելի կպայծառացնի նրանց միտքը: Դրանից բացի, աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կգան նույնպիսի ինտելեկտուալներ, որոնք կաշխուժացնեն տուրիզմի զարգացումը: Կգան նաեւ այլ երկրների որսորդ ղեկավարներ, որոնց հետ խարույկի շուրջ մտերմիկ զրուցելով, գետաձիու կամ կոկորդիլոսի մոդայիկ դարձած մի կտոր խորովածը համտեսելով, հնարավոր կլինի մեր օգտին լուծել ցանկացած հարց:
Ասեմ նաեւ, որ Ադրբեջանի իշխանություններն էլ պակաս հեռատես չեն: Բաքվում նրանք ամեն քայլի վրա սկսել են անորակ էլիտարներ խցկել եւ աչք են փակում, երբ շենքերի բնակիչները եւ առաջին հարկերում գտնվող խանութների սեփականատերերը քանդում են հիմնապատերը, կառուցում են լրացուցիչ հարկեր` թուլացնելով շինությունների սեյսմակայունությունը: Բայց չկարծեք, թե Ադրբեջանի ղեկավարությունը վտանգում է իր հայրենակիցների կյանքը: Ոչ: Նրանք, ըստ երեւույթին, որոշել են կիրառել ռուս մեծ զորավար, ֆելդմարշալ Կուտուզովի հնարքը: Տեղեկանալով մոտալուտ երկրաշարժի վտանգի մասին, նրանք Իրանին կամ Հայաստանին պատերազմ կհայտարարեն, հետո կնահանջեն եւ կհանձնեն մայրաքաղաք Բաքուն: Որից հետո ոսոխի հարցը կլուծի հուժկու երկրաշարժը:
Այլապես, ի՞նչ իմաստ ունի թուլացնել շենքերի սեյսմակայունությունը, միաժամանակ խախտելով նաեւ շինարարական նորմերը եւ անվտանգության պահանջները, ինչը աղետի դեպքում փրկարարներին կզրկի օգնություն ցուցաբերելու հնարավորությունից:
Մարտ 06, 2009
