Ադրբեջանը Հայաստանին սպառնում է Ատոմակայանի ռմբակոծմա՞մբ

Ադրբեջանը Հայաստանին սպառնում է Ատոմակայանի ռմբակոծմա՞մբ

News.am

Ադրբեջանական կողմը հերթական անգամ Հայաստանի  հասցեին անմիտ սպառնալիքներ է հնչեցրել: Այս անգամ աչքի է ընկել Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն: «Մենք այնպիսի ռադարային համակարգ ունենք, որն անմիջապես կհայտնաբերի եւ կվնասազերծի այն հրթիռները, որոնք բաց կթողնվեն թշնամական կողմից: Մեր նշանառության տակ է գտնվում Հայաստանի այնպիսի օբեկտ, որին մենք կարող ենք հարված հասցնել հաշված րոպեների ընթացքում: Դա հարցականի տակ կդնի Հայաստանի հետագա ճակատագիրը` որպես պետություն»,-հայտնել է Է. Սաբիրօղլուն:

NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը` ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը  նշել է, որ առաջին անգամ է լսում ռադարային այնպիսի համակարգի մասին, որը կարող է միաժամանակ հայտնաբերել եւ վերացնել  հրթիռները: «Եթե անգամ ադրբեջանցիները ոչ թե երազում, այլ իրականում ստանան այնպիսի համակարգ, ինչպիսինն է «Փեթրիոթ»-ը, «Ստանդարտը», ապա անգամ  այդ դեպքում նրանք չեն կարողանա իրենց երկրի ողջ տարածքը պաշտպանել լեռներից բաց թողնված  հրթիռներից: Եթե պարոն Սաբիրօղլուն փոքր ինչ պատկերացում ունենար ռազմական  գործի վերաբերյալ, ապա կիմանար, թե որքան անհիմն է հնչում իր հայտարարությունը»,-նշել է փորձագետը, ավելացնելով, որ  ադրբեջանցի զինվորական պաշտոնյաների  երեւակայությունը առաջ է անցնում բանակի տեխնիկական հնարավորություններից, ինչի արդյունքում  ցանկալին ընկալվում է որպես իրականություն:

Նրա խոսքով, այդ նույն երեւակայությունը Սաբիրօղլուին հուշել է  «Հայաստանի տարածքում օբեկտի ռմբակոծման» հնարավորության մասին, ինչը  կվերացնի հայկական պետականությունը: Ինչպես հիշեցրել է Արկադի Գրիգորյանը, դրա համար Ադրբեջանին անհրաժեշտ կլինի մի քանի մեգատոննա քաշով ատոմային ռումբ:

«Զինվորական հասարակ գիտելիքները հուշում են, որ 40 հազար ք/կմ  տարածք ունեցող պետության վերացման համար, եթե զգացմունքները մի կողմ դնենք, անհրաժեշտ է  մի քանի տասնյակ մեգատոննայանոց ատոմային ռումբ: Հնարավոր է, որ   Էլդար Սաբիրօղլուն իրենց բանակի զինանոցում տեսել է նման  ռումբ: Իսկ եթե նա նկատի է ունեցել Հայաստանի  ատոմակայանը, ապա այստեղ կա երկու բաց հարց»,-նշել է Արկադի Գրիգորյանը: Նրա խոսքով,  առաջին հարցն այն է, թե ինչ զենքով են ադրբեջանցիները պատրաստվում դա անել: «Միգուցե Իսրայելում եւ Ղազախստանում խոտանված հրթիռներո՞վ»,-քմծիծաղով նշել է փորձագետը:

Երկրորդ հարցն այն է, որ սթափ մտածող ցանկացած մարդ հասկանում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանին հասցված հարվածը ողջ սահմանի պարագծով միլիոնավոր մարդկանց կյանք կխլի: «Ավելի շատ թուրքեր կմահանան, քան  հայեր, էլ չխոսենք  իրանցիների եւ վրացիների մասին»,- նշել է փորձագետը: Որպես ամփոփում` նա Էլդար Սաբիրօղլուին հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն, որի հետ Ադրբեջանը այդքան ցանկանում է  ընկերանալ, զինվորական տերմինաբանության եւ զինվորական գործի հրաշալի դասընթացներ է  իրականացնում:

Հոկտեմբեր 31, 2012 at 12:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր