

ԷկոԼուր
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 3-ին ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիան եւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը համատեղ հայտարարություն ստորագրեցին` Մերսինում «Ակույու» ատոմակայանի կառուցման նախագծի վերաբերյալ:
Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ստամբուլ կատարած այցի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում: Ռուսաստանն ամբողջությամբ կֆինանսավորի նախագիծը 20 միլիարդ դոլլարի չափով: «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարել է, որ ««Ակույու» ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը պատրաստ կլինի 2019թ. վերջին, իսկ ամբողջ նախագիծը կավարտվի 2022թ-ին» (մեջբերումը ИТАР-ТАСС-ից):
Այդպիսով, ատոմային էներգետիկայի զարգացման համար ռուսական ներդրումներն ուղղվեցին Թուրքիա, իսկ Հայաստանում ներդրումների հարցը դեռ սառեցված է: Միայն վերջին տարվա ընթացքում մենք ծայրաստիճան հակասական տեղեկատվություն ունենք ռուսական կողմից ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ` սկսած 50%-անոց ներդրումներից, վերջացրած 5 միլիարդ դոլլարով, որն ակնհայտորեն չի բավականացնի կառուցման համար:
Ռուսաստանը Հայաստանին շատ խիստ շրջանակների մեջ դրեց` ի դեմս «Ինտեր ՌԱՕ»-ի, որը իր վրա վերցրեց ՀԱԷԿ-ի ֆինանսական կառավարումը, իսկ հետո միակողմանիորեն հրաժարվեց ֆինանսավորումից: Հիշեցնենք, որ «Ինտեր ՌԱՕ»-ի հետ Հայկական պետական ատոմակայանի 100% բաժնետոմսերի կառավարման պայմանագիրը կնքվել է 2003թ-ին ռադիոակտիվ վառելիքի պարտքի դիմաց: Պայմանագրի համաձայն` «Ինտեր ՌԱՕ»-ն պարտավորվում էր ապահովել ատոմակայանի անխափան եւ անվտանգ աշխատանքը եւ մատակարարել միջուկային վառելիք ատոմակայանի համար:
Սակայն նախատեսված ժամկետից շուտ` 2012թ. մարտին, ռուսական կողմի նախաձեռնությամբ պայմանագիրը դադարեցվեց:
Նշենք, որ ՀԱԷԿ-ի ռիսկերի եւ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը դեռ պայմանագրի գործելու ընթացքում մնում էին Հայաստանի պատասխանատվության տակ, այլ ոչ Ռուսաստանի: Օրինակ, երկաթուղային գծերի շրջափակման պատճառով շահագործված վառելիքը չի կարող թաղվել դրա համար նախատեսված գերեզմանոցներում, որոնք կառուցվել են ԽՍՀՄ-ի ատոմակայանների համար: Եւ Հայաստանը ռադիոակտիվ թափոնները պահեստավորում է ՀԱԷԿ-ի տարածքում` այսինքն` երկրի կենտրոնում, Արարատյան դաշտավայրում:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանն իր վրա վերցրեց ԽՍՀՄ-ի իրավահաջորդի եւ շարունակողի առաքելությունը: Հայկական ատոմակայանը կառուցվել է որպես ԽՍՀՄ-ի ռազմավարական օբյեկտ: Սակայն մինչ օրս ՀԱԷԿ-ի ոչ աշխատանքի, ոչ անվտանգության համար ռուսական կողմը որեւէ պատասխանատվություն չի կրում: Հարց է առաջանում, թե ինչ են այդ դեպքում ձեռնարկել Հայաստանի իշխանությունները:
Դեկտեմբեր 06, 2012 at 15:08
