

ԷկոԼուր
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ներքին իրավական ակտերը կընդունվեն անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: Այս մասին որոշման նախագիծը ներկայացված է գործադիրի հաստատմանը հուլիսի 4-ի կառավարության նիստի ընթացքում: Այն ներկայացրել է Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Ըստ որոշման նախագծի` անգլերեն եւ ռուսերեն լեզուներով կընդունվեն «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի, «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի, «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի, «Ատոմսերվիս» ՓԲԸ-ի՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ներքին իրավական ակտերը: «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում օտար լեզվով իրավական ակտերի կիրառումը հնարավորություն կտա համալրել բնագավառի կարգավորման դաշտը իրավական ակտերով ու նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով, ապահովել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ու անվտանգության բարձրացումը, շահագործման ժամկետի երկարացումը, ինչպես նաեւ միջուկային նյութերի, աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարումը (անվտանգ փոխադրում, պահեստավորում, վերամշակում եւ այլ), ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության մակարդակը համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին»,- մասնավորապես նշված է որոշման նախագծի փաստաթղթում:
Հուլիս 03, 2013 at 16:28
