Լենա Բադեյան, «Ռադիոլուր»
ԱԺ օրակարգում է երկրորդ ընթերցմամբ «Հողային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը, որի հեղինակն է Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը: Օրենսգրքի փոփոխության հիմնական նպատակն է արգելել սահմանամերձ հողերի վաճառքը օտարազգի իրավաբական անձանց եւ կազմակերպություններին:
Ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այլ Իսրայելի եւ Պաղեստինի պատմությունը ստիպեց Աժ պատգամավոր Ռուզան Առաքելյանին փոփոխություններ եւ լրացումներ նախաձեռնել «Հողային օրենսգրքում»:
«Առաջին գործը, որ նրանք արեցին, բոլոր հրեա մեծահարուստները եկան եւ Պաղեստինից հողեր գնեցին։ Ընդ որում՝ այդ հողերը գնում էին հենց սահմանային գոտում: 5-6 տարի հետո պարզվեց, որ Պաղեստին պետությունը լուրջ փաստի առջեւ է կանգնել հենց այդ իմաստով: Իրենց երկրի տարածքի մոտ 50 տոկոսը այլեւս հրեա սեփականատերերինն է»։
Այս պատմությունը եթե չի կրկնվում, ապա մտահոգության առիթ ամեն դեպքում կա, քանի որ նույնիսկ ազգային անվտանգության խնդիրներից ելնելով՝ Հայաստանը չունի օրենսդրական սահմանափակումներ` օտարազգիներին հողատարածքներ վաճառելու առումով: Արդյունքում՝ պատգամավորները օրենսդրական փոփոխության միջոցով ծանոթացել են Հայաստանում տիրող այսօրվա իրավիճակին:
«Պարսկաստանի քաղաքացիները սեփականություն ունեն ՀՀ- ում, Թուրքիայի քաղաքացիներն ունեն։ Ես չգիտեմ անգամ այնպիսի քաղաքացիներ Հայաստանին հարակից տարածքներից, որ Հայաստանում չունենան սեփականություն` Վրաստանից սկսած, երեւի միայն ադրբեջանցիները, այն էլ երեւի ունեն Պարսկաստանի գրանցում»։
«Հողային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը Աժ է ներկայացվել երկրորդ ընթերցման: Որոշ վերապահումներ նախագծի առումով ունեցել է կառավարությունը: Մի մասը հեղինակը ընդունել է, մի մասն էլ` ոչ: Կառավարության համար ընդունելի չէ օրենքի սահմանումը, որ օտարազգիներին սահմանամերձ շրջանների հողերի վաճառքը արգելվում մինչեւ 25 կիլոմետր խորությամբ:
Այս սահմանափակումը կառավարությունը չընդունեց: Ռուզան Առաքելյանը նախագծից հանեց դա, ինչն էլ առաջացրեց պատգամավոր Վարդան Խաչատրյանի դժգոհությունը:
«Դեմ եմ, որ հանեք, որովհետեւ 25 կիլոմետրը որպես այդպիսին դիտվում է միջազգային իրավունքի շրջանակում որպես հրետակոծման գիծ: Եվ սրա հետ կապված մենք ունենք նաեւ երկրորդ խնդիրը` սահմանամերձ գյուղ հասկացությունը, սահմանամերձ բնակավայր, ավան հասկացությունը, սահմանամերձի խնդիրը մեզանում լուծված չէ»,- դժգոհում էր նա։
Ռուզան Առաքելյանը բացատրեց, թե ինչու համաձայնեց կառավարության առարակությունը։ «Իրենք պատճառաբանում էին, որ եթե մենք ազգային անվտանգության իմաստով 25 կիլոմետր սահմանից այն կողմ ունենանք անվտանգության իմաստով կարեւոր նշանակության օբյեկտ կամ տարածք, այդ դեպքում մենք իրավունք ունենք վաճառելու: Ինձ համար համոզիչ թվաց եւ արդեն հանված է 25 կիլոմետրը»։
Օրենքի ընդունումն ու կիրառումը դեմ չէ ժողովրդավարական պետությունների սկզբունքներին, նմանատիպ օրենքներ` երբեմն ավելի խիստ, գործում են բազում երկրներում: Ամեն դեպքում՝ մեզ մոտ օտարազգիներին հող չի վաճառվի, բայց կտրվի օգտագործման իրավունք: Ինչ վերաբերում է հարեւան պետությունների հետ հարաբերություններին, մասնավորապես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ապա պատգամավորներն այս առումով տարբեր վերլուծություններ ունեին:
Եթե դաշնակցական Ռուզան Առաքելյանի ներկայացմամբ` Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձեւը հաղթանակ էր, ապա Վարդան Խաչատրյանի պանդմամբ` դա դիվանագիտական մահակի հարված էր Թուրքիայի դեմքին, որովհետեւ Թուրքիան իր հերթին որոշ հարցերում նեղացրել է Միացյալ Նահանգներին:
Այս հարցում պատգամավորի կարծիքը համընկնում է գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան կարծիքի հետ:
«Մեր խնդիրները թուրքերի հետ օգտագործում են այլ երկրները` իրենց շահերը լուծելու համար ու դրանից պարզ չէ` ինչ ենք մենք ստանում: Դասական օրինակները երկուսն են` երբ որ առանձին եվրոպական երկրներ Ցեղասպանության փաստը օգտագործում էին Թուրքիային չթողնելու ԵՄ անդամ դառնալու, ամենանոր օրինակը` այսօրվա պրոցեսն է Կոնգրեսում: Տարեցտարի կրկնվում է նույն խնդիրը: Մեզ պետք չեն երրորդ պետությունների միջոցով լուծել խնդիրները, մենք տեսնում ենք, որ նրանք անկեղծ չեն»։
Քաղաքագետը, ի դեպ, պնդում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը ոչ միայն չպետք է ապավինի երրորդ ուժերի միջնորդությանը, այլեւ արձանագրությունների վավերացման հարցում չսպասի նաեւ Թուրքիային եւ անի այդ քայլը:
Մարտ 15, 2010
