

www.asparez.am
Հարզազրույց Գյումրու Օրհուսի կենտրոնի համակարգող եւ «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գեւորգ Պետրոսյանի հետ:
Հանրապետությունում հանքարդյունաբերությունը զարգանում է Հայաստանի այն վայրերում, որտեղ ավելի շատ անտառածածկ տարածքներ կան. այն հանգեցնելու է կանաչ տարածքների էլ ավելի նվազեցմանը` մեծ վնաս հասցնելով մարդկանց առողջությանը:
-Հանրապետությունում բնապահպանական ո՞ր հիմնախնդիրներն եք առավել կարեւորում:
-Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Տավուշի մարզերում, որտեղ գտնվում է հանրապե-տության անտառածածկ տարածքների մեծ մասը, «ծաղկում» է հանքարդյունաբե-րությունը, ինչը տնտեսության զարգացմանը չի նպաստելու, ոչ էլ մարդկանց բարեկեցությանն է ծառայելու:
Ամենավատն այն է, որ դեռ նոր հանքեր են սկսելու շահագործել: Թեղուտում պղնձի հանքի շահագործման արդյունքում մոտ 400 հա անտառ է ոչնչացվելու, որից մոտ 70 հա-ն արդեն հատվել է` հանքի շահագործման համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար: Հանքավայրը մի քանի տասնյակ միլիարդի հասնող հարստություն է: Շահագործման արդյունքում շահագործողները կհարստանան, բնակչությանը այն ոչինչ չի տա: Հետեւանքը` շահագործումից մնալու է ամենամեծ պոչամբարը` լցված մի քանի միլիոն խմ թունավոր արտանետումներով: Քաջարանում, որտեղ աշխարհի մոլիբդենի պաշաների մոտ 7-8 տոկոսն է գտնվում, դեռեւս հանքարդյունաբերության զարգացում չի նախատեսվում: Եթե դա լինի, Քաջարան գյուղը կոչնչանա: Հետո ինչ, որ այնտեղ 10-15 ընտանիք է ապրում: Մի կողմից զարգացնում են առողջ գյուղատնտեսությունը, մյուս կողմից` հանքարդյունաբերությունը: Դրանք իրար հետ անհամատեղելի են:
-Ի՞նչ տվյալներ կան հանրապետությունում կանաչապատ տարածքների նվազման վերաբերյալ:
-Իրական եւ պաշտոնական տվյալները տարբեր են: Հանրապետության 11 տոկոսն է անտառածածկ եղել, հետո նվազել է` հասնելով 8 տոկոսի: Արբանյակային ուսումնասիրությունները ցույց են տալիս` Հայաստանում անտառածածկ տարածքները 6 տոկոս են կազմում, ինչը մեր հանրապետության համար շատ վատ ցուցանիշ է: Ամենաքիչ անտառածածկ տարածքները Արմավիրի մարզում են, երկրորդ տեղում Շիրակի մարզն է: Էներգետիկ ճգնաժամի պայմաններում սկսված մասսայական անտառահատումներից հետո էլ, այսօր շուկայում վաճառքի հանված փայտը ոչ թե սանիտարական հատումների արդյունք է, այլ շատ դեպքերում` բնության պահպանվող հատուկ տարածքներում արված հատումների, մեծ քանակությամբ երիտասարդ ծառեր են հանվում վաճառքի: Շիրակի մարզում անտառածածկ տարածքների մեծ մասը հիմնվել է խորհրդային տարիներին, բնական անտառածածկ տարածքները հիմնականում Ամասիայի շրջանում են: Կանաչ տարածքների ոչնչացման հիմնական պատճառներից է նաեւ մարդկանց անապահով վիճակը, տնակային թաղամասերում ապրող մարդկանց մեծ մասամբ փայտ է անհրաժեշտ: Գյումրիում ոռոգման ցանցի բացակայությունը եւս անտառածածկ տարածքների ոչնչացման պատճառներից է: Չնայած քաղաքային իշխանությունները ամեն տարի նոր ծառեր են տնկում, բայց կա դրանց պահպանման խնդիր:
-Գյումրիում մի շարք թաղամասերում լուծված չէ նաեւ աղբահանության հիմնախնդիրը: Չերքեզի ձորում հսկայական աղբակույտ է գոյացել:
-Ոչ միայն Չերքեզի ձորում, այլեւ այլ թաղամասերում. «Ձորի թաղում» չկան աղբամաններ. տեղ էլ չկա, որ դրանք տեղադրեն: Ոչ մի բնակիչ չի ուզենա, որ իր պատուհանի տակ աղբաման տեղադրեն: Դա սանիտարական նորմերի խախտում է: Եթե քաղաքապետարանն անգամ փորձի դնել, բնակիչները չեն թողի: Այդ հիմնախնդիրը չի լուծվելու: Աղբահավաքման այլ ձեւ կա, երբ ամեն օր, կոնկրետ ժամի, աղբահավաքման մեքենան գալիս է, բնակիչները աղբը թափում են մեքենայի մեջ: Դա թանկ հաճույք է: Ամեն դեպքում, եթե չլուծվի նմանատիպ թաղամասերի աղբահանության հարցը, աղբից գետերի մաքրումը որեւէ արդյունք չեն տալու, քանի որ դրանք նորից աղբով են լցվում:
-Հայաստանում մոտ 4 մլրդ դոլարի սահմաններում նոր ԱԷԿ-ի կառուցումը կարելի՞ է դիտարկել որպես բնապահպանական հիմնախնդիր:
-ԱԷԿ-ն ինքնին բնապահպանական հիմնախնդիր է: Մարդկանց կյանքի եւ առողջության վրա շատ վատ ազդեցություն ունի: Հայաստանում մոտ 2,5 անգամ ավելի հզոր ատոմակայան է նախատեսվում կառուցել այն տարածքում, որի 50 կմ-անոց շառավղի գոտում Հայաստանի բնակչության 80 տոկոսից ավելին է ապրում: Սա այն դեպքում, երբ եվրոպական երկրները հրաժարվում են ԱԷԿ-ներից: Հայաստանում պետք է զարգանա այլընտրանքային էներգիա ստանալու եղանակները` արեւի, քամու էներգիան: Հայաստանում նման հզորությամբ ԱԷԿ-ի կառուցումն անթույլատրելի է: Դրա փորձարկումը կփոխի շրջակայքի ջերմային ռեժիմը, քանի որ գետավազաններից ԱԷԿ-ի հովացման համակարգի համար մեծ քանակով ջրեր են վերցվում, որը հետո տաքացված վիճակում լցվում են գետերը:
Հունվար 23, 2012 at 18:39
