

ԷկոԼուր
Կոպենհագեն` տապալում, թե հնարավորություն: Այս վիճելի հարցը իր ելույթի ժամանակ շոշափեց Հ. Բյոլլի անվան հիմնադրամի` էներգիայի և կլիմայի միջազգային քաղաքականության դեպարտամենտի վարիչ Թիլման Սանտարիուսը, հունիսի 29-ին՝ Բերլինում, «Կուլտուրա և Կլիմա» ամառային ակադեմիայի ընթացքում:
Ակադեմիայի մասնակիցներն են նախկին Խորհրդային Միության 8 երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ուկրաինա: «Եթե եվրոպական երկրները հիասթափություն են ապրել Կոպենհագենից, ապա զարգացող երկրների համար Կոպենհագենը կարող է մեծ քաղաքականություն մտնելու սկիզբ հանդիսանալ»,- նշեց Սանտարիուսը՝ ընդգծելով, որ իրավիճակն այժմ այնպիսին է, որ մեծ քաղաքականությունը առանձին քաղաքականությունների գումար է, որտեղ յուրաքանչյուրը կարող է պատասխան տալ միայն իր համար:
Ամառային ակադեմիայի մասնակիցների կարծիքները Կոպենհագենի արդյունքների վերաբերյալ միանշանակ չեն: Ամենաառաջին անհամաձայնությունը վերաբերվում է քվոտաների առ ու ծախին: «Քվոտաների առ ու ծախը բիզնես միայն չի նշանակում, այլ այն պետք է ուղղված լինի մաքուր արդյունաբերության զարգացմանը այն երկրում, որը վաճառում է այդ քվոտաները, իսկ քվոտաների վաճառքից ստացված շահույթը չպետք է ուղղված լինեն լրացուցիչ արտանետումների ստեղծմանը», - կարծում է Կետևան Ցխակայան (Վրաստան) և ավելացնում, որ ամենագլխավոր նպատակը` արտանետումների գլոբալ քանակի կրճատումն է: Միևնույն ժամանակ Հայաստանի (ԷկոԼուր) և Ղրղզստանի (Բիոմ) ներկայացուցիչները համակարծիք էին, որ եթե կա բիզնես, ապա այն միշտ ճնշում է էկոլոգիայի սկզբունքները և հաճախ հանգեցնում է հակաէկոլոգիական հետևանքների: Նրանք կարծում են, որ հարկավոր է փոխել մոդելը: «350» ՀԿ-ն (Ուկրաինա) հարկ է համարում անցկացնել մաքուր զարգացման մեխանիզմներին ուղղված ֆինանսական հոսքերի խիստ մոնիտորինգ:
Սանտորիուսը այս կամ այն կարծիքի օգտին սեփական փաստարկներ չբերեց: Նա նշեց, որ գլոբալ տաքացման այլընտրանքային մոդելներ առայժմ չեն նախատեսվում («ԷկոԼուր»-ի նկատառում՝ մաքուր զարգացման մեխանիզմները հիմնված են ջերմոցային գազերի արտանետման հաշվին մթնոլորտի միջին տարեկան ջերմաստիճանի ավելացման՝ գոյություն ունեցող մոդելի վրա): Սանտորիուսն ընդգծեց, որ գլոբալ տաքացման հարցում խոշոր քաղաքականության վրա ազդել կարողանալու համար հարկավոր է ազգային մակարդակով անցկացնել սեփական քաղաքականությունը, այդ թվում և մաքուր զարգացման մեխանիզմներով:
Հուլիս 07, 2010
