ԷկոԼուր
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի առաջարկով հետաձգվեց երկու ամսով:
Օրինագծի քննարկումը տեղի ունեցավ հունիսի 12-ին ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Իրինա Ղափլանյանը, ներկայացնելով օրինագիծն, ասաց. «Նախագծով սահմանվել է կարմիրգրքյան տեսակների ապրելավայրերի կամ աճելավայրերի տեղեկատվությունների բացահայտման սահմանափակում: Միաժամանակ հաշվի առնելով ԱԺ-ի հետ նախնական քննարկման արդյունքները, ինչպես նաև ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության առաջարկությունները, նախագիծը լրամշակվել է, ինչի արդյունքում առավելագույնը նեղացվել և հստակեցվել է այն տեղեկությունը, որի տրամադրումը ենթակա է մերժման: 8-րդ հոդվածի լրացումը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա բացահայտում է ՀՀ բույսերի կամ կենդանիների կարմիր գրքերում գրանցված տեսակների աճելավայրերի կամ ապրելավայրերի աշխարհագրական կոորդինատներ»: Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրից, Օրհուսի կոնվենցիայի կարգավորումից, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզից»:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանն ասաց, որ օրինագծի լրացումը կարող է հնարավորություն ստեղծել կարմիրգրքյան տեսակների մասին տեղեկատվություն չտրամադրելու, և այդ տեսակների ապրելավայրերում կամ աճելավայրերում կարող է հանք կամ ՀԷԿ շահագործվել:
ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց. «Մենք ունենք Ամուլսարի խնդիր, և շատերն են ասում, որ այնտեղ կան հազվագյուտ տեսակներ: Վաղը եթե մեկ այլ տարածքում էլ փորձ արվի հանք շահագործել և, օրինակ, քաղաքացու, կազմակերպության, բնապահպան ակտիվիստների համար հետաքրքիր լինի՝ արդյո՞ք այդ տարածքում կա հազվագյուտ կենդանի կամ բուսատեսակ, որը կարող է վտանգվել այդ նույն հանքի շահագործմամբ, այս պարագայում հայեցողական լիազորություն է տրված նախարարությանը, և նախարարությունը կարող է պարզապես չտրամադրել, և այդ տեղեկատվությունը չակերտավոր թաքցվի, և հանքի շահագորումը, ի վերջո, ավելի վնասի այդ հազվագյուտ կենդանիներին և բուսատեսակներին, քան այդ ինֆորմացիայի տրամադրումը»: Նա նաև նշեց, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ մի քաղաքացի կամ կազմակերպություն չի դիմել նախարարություն կարմիրգրքյան տեսակի ապրելավայրի կամ աճելավայրի կոորդինատ իմանալու համար:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ օրինագծի տեքստը չի արտացոլում Օրհուսի կոնվենցիայի պահանջը:
ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն ասաց. «Մեր հանձնաժողովում ստեղծված ենթահանձնաժողովը տիկին Մերի Գալստյանի գլխավորությամբ աշխատել է «Բնապահպանական տեղեկատվության մասին» նոր օրենքի նախագծի վրա, որտեղ ներառված են եղել հանրային հատվածի կազմակերպություններ, նաև նախարարության աշխատակիցները: Մենք առաջարկում ենք այս նախագծի ընդունումը ժամանակավորապես հետաձգել, մեզ հետ համատեղ աշխատել այդ հիմնական օրենքի համալիր լուծման վրա մինչև սեպտեմբեր և սեպտեմբերին ամփոփ լուծումը բերենք օրակարգ: Մեզ նաև դիմել են բազմաթիվ կազմակերպություններ հանրային հատվածից, որոնք նաև համահեղինակել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը և խնդրում են իրենց հետ նույնպես քննարկումներ կազմակերպել: Այս է պատճառը, որ մենք խնդրում ենք Ձեզ հիմա հետաձգել քվեարկությունը»:
Լսելով հանձնաժողովի անդամներին՝ Իրինա Ղափլամյանն առաջարկեց հետաձգել օրինագծի քվեարկությունը 2 ամսով:
Հունիս 12, 2020 at 15:41