Տավուշի մարզում մեկնարկեց 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը

Տավուշի մարզում մեկնարկեց 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը
Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Հովք համայնքում մեկնարկեց Շրջակա միջավայրի նախարարության՝ 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը։ Ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ. Ցուգունյանը: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
 
Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տնկել 1 միլիոն ծառ։ «Իջևանի անտառտնտեսության» տարածքում կտնկվի շուրջ 30 հազար տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակները կլինեն սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թխկի, արջատխլենի։   

«Մեր երկրի կայուն զարգացմանը և անտառապատ տարածքների կրկնապատկմանն ուղղված ծառատունկի մեկնարկը պատերազմի և ռազմական դրության այս օրերին իր մեջ կարևոր ուղերձ է պարունակում՝ ուղղված ամբողջ աշխարհին. մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին։
Պետությունն իր ինստիտուտներով և զարգացման նախանշած ծրագրերով աներեր թիկունք է հայոց անպարտ բանակի զինվորներին և շարունակելու է գործել ի նպաստ երկրի հզորացման ու շենացման։ 

Հայ զինվորը հետ նայելով պետք է տեսնի կանգուն ու ուժեղ թիկունք։
 
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում ազդարարեց 10 միլիոն ծառ տնկելու, իր որակմամբ, ամբիցիոզ ծրագրի մասին: 10 միիոլն ծառը, համաձայն վարչապետի, «կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ՝ Հայաստանի Հանրապետությունում»:
 
Հայրենի հողին ամուր կառչելու վճռականությունը պետք է վարակիչ դառնա. յուրաքանչյուր ոք կարող է մասնակից դառնալ համահայկական ծառատունկին ու իր ներդրումն ունենալ հաղթանակած երկրի հզոր ապագայի կերտման հարցում։

Գրանցվե՛ք www.10m.am  կայքում ու դարձե՛ք 1-ը 10 միլիոնից։ Յուրաքանչյուր մարդ իր ցանկությամբ կարող է տնկել իր իսկ ծառը, հատուկ  նախատեսած վայրում, այն անվանակոչելով իր անունով և կայքի ինտերակտիվ հաշվիչի միջոցով հետևել ընթացքին»,- նշված է Շրջակա միջավայրի նախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ։
 
Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Հոկտեմբեր 30, 2020 at 14:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր