«Պատերազմի երեսներից մեկը. Էկոցիդի վտանգ՝ Արցախում» թեմայով քննարկում

«Պատերազմի երեսներից մեկը. Էկոցիդի վտանգ՝ Արցախում» թեմայով քննարկում

Մեդիակենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «Պատերազմի երեսներից մեկը. Էկոցիդի վտանգ՝ Արցախում» թեմայով:

«Ադրբեջանը Դավիթ Բեկ գյուղին պատահական չի խփում, այնտեղ մեծ ջրամբար կա»․ Ինգա Զարաֆյան

Բնապահպան Ինգա Զարաֆյանի կարծիքով, Ադրբեջանը պատահական չէ հրթիռակոծում Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը։ Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ տիկին Զարաֆյանն ասաց, որ Դավիթ Բեկ գյուղում կա մեծ ջրամբար, որը սնում է ամբողջ մարզը․ «Պատահակա՞ն է խփում այդ գյուղին։ Չեմ կարծում»։ Բնապահպանը հիշեցրեց՝ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե իր ջրամբարները վտանգի տակ են․«Իսկ մեր ջրամբարները վտանգի տակ չե՞ն։ Արդեն քանի անգամ հարձակվեցին Արծվանիկ գյուղի վրա, որտեղ Հայաստանի ամենամեծ պոչամբարն է՝ իր թունավոր պոչանքներով եւ թափոններով։ Իսկ եթե այս պոչամբարը վնասվի՞։ Թեղուտի պոչամբարը, որը սահմանին մոտ է եւ կրկին բարձր տեղանքում է, էլ չեմ ասում փոքր ջրամբարների մասին։ Ադրբեջանն անընդհատ խոսում է իր ռիսկերի մասին, իսկ մենք մեր վտանգների մասին մտածո՞ւմ ենք»։ Տիկին Զարաֆյանի կարծիքով՝ ռազմական գործողությունների ժամանակ շրջակա միջավայրը լրջորեն վնասվում է, եւ այնպես չէ, որ ինչ-որ մի բան անվնաս է մնում, վնասվում են հողը, ջուրը, անտառները․ «Վերջին հաղորդագրության համաձայն, 1816 հեկտար անտառ է վնասվել, ո՞նց ենք վերականգնելու, ո՞վ պետք է աջակցի դրանք վերականգնելու համար։ Այդ անտառները միայն Արցախինը չեն, դա գլոբալ դեր ունի՝ կլիմայի փոփոխության համատեքստում պաշտպանիչ դեր ունի։ Զինամթերք է մնացել մեծ տարածքով հողերի մեջ, դրանք թունավորված են արդեն»։

Բնապահպանն ասաց, որ պետք է աշխատել միջազգային կառույցների հետ, որոնք հետագայում աջակցեն շրջակա միջավայրի վնասները վերացնելու համար։ Նա օրինակ բերեց նախկին Հարավսլավիան․ «Այս երկրի համար ՄԱԿ-ը միջոցառումների մեծ փաթեթ ընդունեց՝ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ։ Մեզ ո՞վ պետք է օգնի։

Մենք պետք է շուտափույթ վերանայենք մեր հարաբերությունները միջազգային կառույցների հետ, միջազգային հանրության միջոցով այդ կառույցներին դիմենք, որպեսզի բոլորը հասկանան, սա միայն Արցախի խնդիրը չէ, սա գլոբալ խնդիր է»։

Նազելի Վարդանյան․ «Հաջորդը կառավարության գործն է, որպեսզի պաշտոնապես դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին»

«Այն ողբերգությունը, որ հիմա տեղի է ունենում՝ պետք է պարզ ներկայացվի թե հայ հանրությանը, թե արտաքին աշխարհին։ Մենք հիմա պարտավոր ենք ստեղծել իրազեկող արշավ եւ տարածել աշխարհով մեկ։ Նաեւ կարեւոր է հասարակական կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների մասնակցությունը»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Արցախում Ադրբեջանի զինված ուժերի քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զենքի կիրառմանը, որը բնապահպանական աղետ է առաջացնելու տարածքում։ Քննարկման մեկ այլ մասնակից՝ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն էլ անդրադառնալով արգելված զենքի կիրառման իրավական հետեւանքներին՝ ասաց, որ, միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի եւ կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, քանի որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունն, այն էլ՝ էկոցիդի վտանգը, չունի սահմաններ․ «Որեւէ մեկը չի կարող ասել, որ Արցախը չճանաչված երկիր է եւ վերջ, բնապահպանական վտանգների դեպքում իրավական ազդեցությունը սահմաններ չունի։ Բոլոր կոնվենցիաների ազդեցությունը տվյալ դեպքում առկա է, որոնցով արգելվում է նման զենքի կիրառումն ու կա շրջակա միջավայրի վրա անդառնալի ազդեցություն»։ Տիկին Վարդանյանն ասաց, որ ֆոսֆորային զենքի կիրառման ազդեցությունը երկար ժամանակ թողնելու է բացասական հետեւանքները․ «Նույնիսկ միայն անտառների հրդեհով չի ավարտվելու։ Այն ունի ունակություն, որ մինչեւ երեք հազար ջերմաստիճանի տակ այրվում են, նույնիսկ մետաղն է հալվում։ Մենք արդեն նամակներ եւ ուղերձներ ենք ուղարկել միջազգային բոլոր կազմակերպություններին։ Հաջորդը կառավարության գործն է, որպեսզի պաշտոնապես դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին»։



Նոյեմբեր 04, 2020 at 17:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր