

Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոն հիմնել։ Կենտրոնի հիմնումը նախատեսվում է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Նոյեմբերի 25-ին Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է այց «Ջրվեժ» անտառպարկ՝ նախարարության ներկայացուցիչների և մասնագետների հետ ապագա տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի տարածքը տեղում դիտարկելու նպատակով։ Այցի ընթացքում նախատեսվում է համատեղ քննարկում, կենտրոնի կառուցման հայեցակարգի վերաբերյալ, մտքերի փոխանակում և կենտրոնի հիմնման համար տարածքի ընտրություն։ Կենտրոնի կառուցման հայեցակարգը քննարկելու համար նախարարությունը հրավիրում է դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների։
Այս փուլում նախարարությունն ակնկալում է հետաքրքրություն հայտնած մասնակիցների կամավոր աջակցություն, իսկ հետագա փուլերում «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ընթացակարգերին համապատասխան կհայտարարվի Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի նախագծման բաց մրցույթ, որին մասնակցելու հնարավորություն կունենան մրցույթի պահանջներին բավարարող բոլոր հնարավոր մասնակիցները։
Նախագծով հետաքրքրված և շահագրգիռ անձինք ու կազմակերպությունները կարող են կապ հաստատել [email protected] հասցեով կամ 093 54 99 55
հեռախոսահամարով։
Մեկնումը՝ 25․11․2020թ․, ժամը 11։00, ք․ Երևան, ՀՀ Կառավարական 3-րդ մասնաշենքի կենտրոնական մուտքի դիմացից։
Այցի մասնակիցների քանակը սահմանափակ է, անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղմամբ: Կազմակերպչական հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 093 54 99 55 հեռախոսահամարին։
Նոյեմբեր 23, 2020 at 12:43