Թափուկ վառելափայտի հավաքումը, բնաշվային ու կոճղաշվային էտը, արդյունագործական անտառհատումները կիրականացվեն բացառապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով, տեխնիկայով և տնտեսվարմամբ: Այս մասին դեկտեմբերի 23-ին նշել է ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրենների հետ հանդիպմանը՝ անտառկառավարման նոր մոդելը ներկայացնելիս:
Նոր մոդելի փորձնական տարբերակի ներդնումը մի քանի անտառտնեսություններում նախատեսվում է իրականացնել 2021թ. սկզբին։ Ըստ պաշոտանական հաղորդագրության, մոդելի ներդրման դեպքում վերոնշյալ աշխատանքների իրականացման արդյունքում այն շահույթները, որոնք գեներացնում էին անհատ ՍՊՆ-ները, այլևս կուղղվեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և ՊՈԱԿ-ի սեփական կարողությունների ընդլայնմանը։
Նախարարը նշել է, որ այժմ բանակցություններ են տարվում միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Չեխիայի հետ, անտառկառավարման փորձի փոխանակման ուղղությամբ։
Նա նաև խոսել է ռենջերների ինստիտուտի ներդրման մասին, ներկայացրել այլ ոլորտներում ներդրված 24-ժամյա աշխատանքային ռեժիմով պահնորդական ջոկատների օրինակները և հույս հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի անտառները վերահսկվելու են ռենջերների կողմից, ովքեր վերազինված կլինեն արդի տեխնիկական միջոցներով և կունենան սպասարկող հատուկ մեքենաներ։
Հանդիպման ընթացքում Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է նաև անտառհատումների թվի մտահոգիչ վիճակագրությանը։ Անկախ սահմանային գոտիներում պաշտպանական նպատակներով անտառհատումներից, մտահոգիչ է նաև ապօրինի անտառհատումների ծավալը թիկունքային անտառտնտեսությունների տարածքներում։ Քննարկվել է անտառկառավարման ոլորտում գույքագրված խնդիրների ողջ համալիրը՝ պարեկապահակային ծառայություն, վերահսկողական գործառույթի իրականացում ու խնդիրներին օպերատիվ արձագանքի կազմակերպում:
Ներկայացվել է նաև Անտառային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների փաթեթը:
Լուսանկարը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության
Դեկտեմբեր 23, 2020 at 16:55