Պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է իր ՀԷԿ-երի դրվածքային հզորության 40%-ը

Պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է իր ՀԷԿ-երի դրվածքային հզորության 40%-ը

Արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունը կորցրեց ոչ միայն տարածքներ, այլև այդ տարածքներում գտնվող հիդրոէլեկտրակայաններ՝ ՀԷԿ-երի դրվածքային հզորության 40%-ը:

«Մինչ պատերազմը Արցախում գործել են 187,5 ՄՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, պատերազմից հետո մնացել են 75 ՄՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-երը»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հունվարի 12-ին՝ ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ Արցախը սպառում է 590 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, և Հայաստանին 2021թ. պետք է տրամադրեր 330 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա: Հարց է առաջանում, թե ստեղծված իրավիճակում Արցախում էլեկտրաէներգիայի պակասորդն ինչպես կանդրադառնա երկու երկրների հիդրոէներգետիկ բալանսի վրա:

Փոխնախարար Հակոբ Վարդանյանն ասաց, որ 75 ՄՎտ դրվածքային հզորության մեջ մտնում են Սարսանգի ՀԷԿ-ը` 50 ՄՎտ, 4 ՀԷԿ-եր` 12-13 ՄՎտ (Թեղի 1,2,3,4) և մեկ` 12 ՄՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ: «2021թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա: Հայտնի իրադարձություններից հետո ձևավորված էներգետիկ բալանսով այդ էլեկտրաէներգիան կփոխարինվի ՀՀ-ի ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայով՝ հիմնականում ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան: Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան հավասարազոր էր Հայաստանի փոքր ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի գնին՝ գումարած 7% տեղափոխման և կորստի ծախսերի համար»,- նշեց նա:

Ըստ Հակոբ Վարդանյանի՝ Արցախը ներկայում ոչ մշտական ռեժիմով Հայաստանից ներմուծում է էլեկտրաէներգիա՝ էներգետիկ ռեժիմների կարգավորման համար: «Տեսականորեն, միգուցե, անհրաժեշտություն չառաջանա ներմուծել էլեկտրաէներգիա Արցախի Հանրապետություն, որովհետև ժամանակ է գալիս, որ 75 ՄՎտ դրվածքային հզորությունը սեզոնային բնույթից ելնելով կարող է ամբողջությամբ աշխատել, մի մասն արտահանվել Հայաստան, իսկ այլ սեզոնի՝ ներմուծվել: Երբ տարին ավարտվի, կկարողանանք գնահատել՝ կարիք կունենա, թե՝ ոչ: Կարիք ունենալու դեպքում շատ չի լինելու դա, որովհետև սպառման անկում կլինի տարածքների կորստի պատճառով՝ մոտ 30%-ով: Դա կախված է, թե որքան մարդ կվերադառնա այնտեղ, թե արդյունաբերական որ ձեռնարկությունները, որոնք գտնվում են ներկայիս Արցախի տարածքում, կշարունակեն գործել կամ կվերագործարկվեն»- ասաց նա:

Հակոբ Վարդանյանն ասաց, որ Արցախում դեռևս ամբողջությամբ վերականգնված չէ ջեռուցման ամբողջ համակարգը: Սպառումը ներկայում բավական մեծ է՝ 47-55 ՄՎտ/ժ, ինչը հավասարազոր է մինչպատերազմյան ցուցանիշին:  

Հունվար 12, 2021 at 18:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր