Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման հիմնական պատճառները

Էլեկտրաէներգիայի  սակագնի հնարավոր բարձրացման հիմնական պատճառները

Հայաստանը չի հրաժարվել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ծրագրի ռուսական վարկից, պարզապես Հայաստանը չի դիմել վարկի երկարացման համար դրա պայմանների հետ առնչվող խնդիրների պատճառով: Այս մասին 2021թ. հունվարի 12-ին  ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020թ. հունիսի 11-ին որոշեց ՀՀ պետական բյուջեից 63 միլիարդ 200 միլիոն դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով՝ հրաժարվելով ՀԱԷԿ-ի արդիականացման համար ռուսական վարկի մնացած մասից: Ռուսաստանը Հայաստանի հետ 2015թ. կնքել էր 270 միլիոն դոլարի վարկի և 30 միլիոն դոլարի դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար:

Հակոբ Վարդանյանը բացատրեց. «Ռուսական վարկի մնացորդը դրամաշնորհի հետ միասին կազմել է մոտ 110 միլիոն դոլար: Վարկի օգտագործման ժամկետը լրացել է 2019թ. դեկտեմբերի 31-ին: Այն պայմաններով, որով վարկն օգտագործվում էր, հնարավոր չէր ավարտել ծրագիրը:  Ռուսական կողմն առաջարկում էր երկարաձգել վարկային միջոցների օգտագործման ժամկետը մինչև 2021թ. ավարտ,  սակայն այն բոլոր աշխատանքները, որոնք պետք է սկսվեին, չէին ավարտվի մինչ այդ: Օրինակ՝ ենթակայանի, հովացման աշտարակի, ենթակայանների և դիզել-գեներատորային կայանների վերանորոգման աշխատանքները երկու տարուց ավելի կտևեին: Նույն պայմաններով ռուսական կողմը վարկեր էր տրամադրել նաև այլ երկրների: Մեր վարկի փոփոխությունը ենթադրում էր, որ մյուս երկրները նույնպես կցանկանային փոփոխություն կատարել»: 

Ըստ փոխնախարարի՝ վարկի օգտագործման պայմանների մյուս խնդրահարույց կետն այն էր, որ պետք է վարկի առնվազն 80%-ն օգտագործվեր ռուսական ընկերությունների կողմից: «Ռուս գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ մեր երկրի ներսում ստեղծված սեփական միջոցների հաշվին կշարունակենք աշխատանքները»,- ասաց նա: 

Անդրադառնալով այն հարցին, որ 2021թ. պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների նպատակով ՀԱԷԿ-ը կկանգնի 141 օրով, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե ռուսական վարկի ոչ ճիշտ ժամանակին օգտագործումն է հանգեցրել այդ կանգին: «Դա էլ իր հերթին բերել է այլ գործոնների ավելացմանը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մոտ երեք դրամով թանկացմանը»,- ասաց նա:  

Ի պատասխան Հակոբ Վարդանյանն ասաց, որ ատոմակայանի աշխատանքի դադարեցումը բազմաթիվ այլ պատճառներ ունի: «Վարկային ծրագիրը սկսվել էր 2014թ. և պետք է ավարտվեր 2019թ.: 2018թ. կեսերին, երբ ատոմակայանը կանգնեց պլանային նախազգուշական վերանորոգման համար, ծրագրի 80%-ը դեռևս իրականացված չէր: Բանն այն է, որ չկար նման աշխատանքի փորձ, և ի սկզբանե ճիշտ չէին գնահատվել ժամկետներն ու աշխատանքների ծավալները: Դա հանգեցրել է նրան, որ նախանշված ժամկետում ամբողջությամբ չի ավարտվել ծրագիրը»,- ասաց նա: 

Ըստ Հակոբ Վարդանյանի՝ 141 օր ժամկետով կանգնեցնելը պայմանավորված է ռեակտորի իրանի թրծման և վթարային հովացման համակարգի աշխատանքներով: «Վարկային համաձայնագրի սկզբնական ծրագրով նախատեսված չի եղել ռեակտորի իրանի թրծումը, և դա առաջացել է ուսումնասիրությունների և կատարվող աշխատանքների շրջանակներում»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ ատոմակայանի երկար կանգ առնելը սակագնի վրա բացասական ազդեցություն կունենա: Ըստ նրա, սակագնի վրա ազդեցություն ունեն նաև արտարժույթի գործոնը, նախկինից կուտակված համակարգի դեֆիցիտը, մյուսը՝ Որոտանի հիդրոկասկադի վերանորոգման ժամանակին չավարտելն է: Այն առաջացրել է 6 միլիարդ դրամի չափով վնաս:

 

Հունվար 14, 2021 at 15:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր