ՊԵԿ-ը պարզաբանեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությունը՝ ընդերքօգտագործողների շահութահարկ չվճարելու վերաբերյալ

ՊԵԿ-ը պարզաբանեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությունը՝ ընդերքօգտագործողների շահութահարկ չվճարելու վերաբերյալ

Ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկի համար ընդերքօգտագործողները շահութահարկ չեն վճարում: Այս մասին հունվարի 19-ին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքի ամփոփ արդյունքները:

Նա, մասնավորապես, ասաց. «Նոյեմբերի 25-ին քննիչ հանձնաժողովը հրավիրած նիստում քննարկել է ոլորտի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։ Քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր: Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Հանքավայր շահագործող 27 ընկերություններն ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045 թվականներից։ Շեշտադրվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն՝ շահույթով չի աշխատում»:

Ի արձագանք մետաղական հանքեր շահագործող ընկերությունների առանց շահույթի աշխատելու մասին հայտարարությանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ, որում նշված է.  «Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության թույլտվություն ունեցող 28 հարկ վճարողներից տվյալ ոլորտում փաստացի ակտիվ գործունեություն են ծավալում 2019 թվականին՝ 8, իսկ 2020 թվականին՝ 9 հարկ վճարողներ: 

Չնայած այն հանգամանքին, որ նշված տնտեսվարող սուբյեկտներից ոչ բոլորն են աշխատում շահույթով, սակայն հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող ակտիվ (փաստացի գործունեություն իրականացնող) հարկ վճարողները 2018 թվականին հայտարարագրել են բոլոր հարկ վճարողների կողմից հայտարարագրված շահութահարկի 10,9, իսկ 2019 թվականին՝ 11,1 տոկոս շահութահարկի գումար: Իսկ 2020 թվականի համար տվյալներ չեն ներկայացվել, քանի որ նախորդ տարվա շահութահարկի հաշվարկը հարկ վճարողները  ներկայացնում են մինչև 2021թ. ապրիլի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին՝ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ընկերությունն ինչպես 2018 թվականին, այնպես էլ  2019թ. հանդիսացել է հանրապետության ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը: Հետևաբար, ենթադրությունները, որ ձեռնարկությունն աշխատում է վնասով, չեն համապատասխանում իրականությանը»:

Մեր կողմից նշենք, որ մետաղական հանքերի շահագործման իրավունք ունեցող 28 ընկերությունից 5-ի իրավունքը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրել է 2020թ-ին:

Քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ ելույթ ունեցող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հիմնականում նշեցին, որ հանձնաժողովն իր նպատակին չի հասել:

Մանրամասները դիտեք տեսանյութում (սկիզբ՝ 28:19 րոպե,  ավարտ՝ 1:34:10 րոպե):



Հունվար 20, 2021 at 16:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր