

Հայաստանը 2020թ․ բարելավել է կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 7 միավորով՝ հասնելով 49-ի: Հունվարի 28-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից հրապարակված կոռուպցիայի ընկալման 2020թ. աղյուսակի համաձայն՝ Հայաստանի արձանագրած նման բերալավումը դիտվում է երկրորդ տարին անընդմեջ: 2019թ. Հայաստանի ԿԸՀ-ն կազմում էր 42, իսկ 2018թ.՝ 35: Ի դեպ, 2012-2018թթ. միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանի ԿԸՀ ցուցանիշը երբևէ բարձր չի եղել չորս տասնյակից: Այս աճի մեծությամբ Հայաստանն աշխարհում զիջում է միայն Մալդիվյան կղզիներին, որի 2020թ․ ԿԸՀ արժեքը 2019թ. համեմատ աճել է 14 միավորով (29-ից 43):
Կոռուպցիայի ընկալման 2020թ. աղյուսակում ներառված 180 երկրների շարքում Հայաստանը Հորդանանի և Սլովակիայի հետ կիսում է 60-62-րդ տեղերը։ Այս մասին տեղեկացնում է հայաստանյան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Իսկ դասակարգման աղյուսակը 88-ական միավորով գլխավորում են Դանիան և Նոր Զելանդիան: Ամենից ցածր ԿԸՀ արժեքներ ունեն Սիրիան, Սոմալին և Հարավային Սուդանը՝ համապատասխանաբար 14, 12 և 12 միավորներով։
Ի՞նչ է կոռուպցիայի ընկալման համաթիվը
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը ԿԸՀ աղյուսակը կազմելիս հիմնվում է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների փորձագիտական գնահատումների և գործարար ոլորտի ղեկավարների ուսումնասիրությունների վրա։ Երկրների նկատմամբ կիրառում է 0-100 միավորանոց սանդղակը, որտեղ ԿԸՀ 0 արժեքը նշանակում է վերին աստիճանի կոռումպացված, իսկ 100-ը՝ բացարձակ մաքուր։
Հայաստանի դեպքում կազմակերպությունը օգտվել է 6 աղբյուրներից ստացված տվյալներից, մասնավորապես՝
- Բերտելսմանի հիմնադրամի 2020 թվականի տրանսֆորմացիոն համաթիվ
- Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2020թ.
- Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2019թ. վարկանիշ
- Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2020թ. Ուղեցույց
- Ժողովրդավարության բազմազանության ծրագիր 2020 թ.
- Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում 2019թ.
Վերոնշյալ բոլոր զեկույցներից օգտվելու պարագայում հեղինակները հավաքագրել են 2019թ. տվյալները:
Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա–Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը (2019 թ. նա գրավում էր 4-րդ տեղը): Այս տարածաշրջանում Հայաստանը, զիջում է միայն Վրաստանին, որի ԿԸՀ 2020թ. արժեքը 56 է: Իսկ հարևան Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը համապատասխանաբար՝ 40, 30 և 25 միավորներով այս տեսանկյունից գտնվում են ավելի կոռումպացված տիրույթում: ԵԱՏՄ անդամ երկրների ԿԸՀ արժեքները նույնպես ցածր են Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես, Բելառուսի 2020թ. ԿԸՀ արժեքը 47 միավոր է, Ռուսաստանինը՝ 30, Ղրղզստանինը՝ 31, իսկ Ղազախստանինը` 38:
Ըստ հետազոտության, այն երկրները, որոնց ԿԸՀ-ն ավելի բարձր է, ավելի շատ ներդրումներ են անում իրենց առողջապահական համակարգերում, ավելի ունակ են տրամադրելու առողջապահական ծառայություններ իրենց բոլոր քաղաքացիների համար և ավելի քիչ հավանական են նրանց կողմից ժողովրդավարական նորմերի խախտումները, ժողովրդավարական հաստատությունների խաթարելը կամ օրենքի գերակայության արհամարհումը։ «Կոռուպցիայի ընկալման 2020թ. համաթիվը վեր է հանում մի իրողություն, երբ չնվազող կոռուպցիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին խարխլում է առողջապահական համակարգերը և նպաստում ժողովրդավարության նահանջին»,- նշված է հետազոտության մեջ։
Հետազոտության հեղինակները կոռուպցիան կրճատելու և ապագա ճգնաժամերին ավելի արդյունավետ դիմակայելու համար առաջարկություններով են հանդես եկել: Մասնավորապես՝
- Ուժեղացնել վերահսկողական մարմինները՝ ապահովելու համար միջոցների հասանելիությունը առավել կարիքավորների համար։ Հակակոռուպցիոն մարմինները և վերահսկողական հաստատությունները պետք 1 ունենան բավարար բյուջեներ, միջոցներ և անկախություն իրենց պարտականությունները կատարելու համար։
- Ապահովել բաց և թափանցիկ գնումներ՝ պայքարելու համար անօրինականությունների դեմ, վեր հանելու շահերի բախումը և ապահովելու համար արդար գնագոյացումը
- Պաշտպանել ժողովրդավարությունը և նպաստել քաղաքացիական սեկտորի ընդլայնմանը՝ ստեղծելու համար նպաստավոր պայմաններ հասարակությանը իշխանությունների հաշվետու լինելու համար
- Հրապարակել վերաբերելի տվյալները և երաշխավորել տեղեկատվության մատչելիությունը՝ ապահովելու համար դյուրին, հասանելի, ժամանակին և բովանդակալից տեղեկատվություն հանրության համար։
Փետրվար 02, 2021 at 15:30
