

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄ) փետրվարի 11-ին ապամոնտաժել է Սևանա լճի հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ հատվածում գտնվող պարսպապատ քարե կիսակառույց շինությունը, որի սեփականատիրոջ հետ առկա էր լուծված պայմանագիր։
Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը:
Զավթած տարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկի տնօրինմանը: Նախարարությունից հայտնում են, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։
Նախարարը նշել է, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը ենթադրում է Սևանի ավազանի և հարակից բնակավայրերի զարգացման նոր մոտեցումներ ու հայեցակարգեր: «Խնդրի լուծման համար անհրաժեշտ քաղաքական կամքը կա: Մենք պետք է մեր ողջ ներուժով լծվենք այդ տեսլականի կյանքի կոչմանը: Ազգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է։ Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն»,- նշել է նա։
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։
Լուսանկարը՝ ՇՄ նախարարության
Փետրվար 12, 2021 at 15:28
