ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը՝ համայնքներում COVID-19 համավարակի առաջացրած խնդիրների վերաբերյալ ԷկոԼուրի նամակին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը՝ համայնքներում COVID-19 համավարակի առաջացրած խնդիրների վերաբերյալ ԷկոԼուրի նամակին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է COVID-19 համավարակի առաջացրած խնդիրների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ԷկոԼուրի նամակին: Նախարարության գլխավոր քարտուղար Գ. Գուլյանի 09.02.2021թ.  N 5/07.2/809 նամակում նշված է.

«Ի պատասխան Ձեր 2021թ. հունվարի 15-ի գրության և վարչապետի 2021թ. հունվարի 21-ի N02/11.9/1269 հանձնարարականի՝ հայտնում եմ, որ «COVID-19-նոր մարտահրավերներ էկոլոգիապես խոցելի համայնքներում» ծրագրի շրջանակներում Սևանա լճի աղտոտման և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության վերաբերյալ գրությամբ բարձրացված խնդիրները մշտապես գտնվել և ներկա դրությամբ գտնվում են շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում:

2020թ. սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1603-N հավելված 2.11 կետով հաստատված է «Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների շինարարության  նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, կենսաբանական մաքրում իրականացնող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում» միջոցառումը:

2019-2020թթ. ընթացքում պետական բյուջեի և ջրօգտագործողների սեփական միջոցների հաշվին լուծարվել է 10-ը, կոնսերվացվել է 75 հորատանցք, բացի այդ՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից փականային ռեժիմի է բերվել 49 հորատանցք, ինչի արդյունքում խնայվել է 4534 լ/վրկ ջուր:

«Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ի «Արգիճի» ՓՀԷԿ-ի նկատմամբ  պետական վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև Ձեր կատարած հետազոտության արդյունքների վերաբերյալ ներկայացված խնդիրները մասամբ՝ (արտագնա աշխատանքի չմեկնածները) են կապված COVID-19-ը համավարակի հետ և առկա են եղել մինչև համավարակը նույնպես: Դրանց վերահսկողությունը վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին»:

ՀՀ վարչապետին ուղղված ԷկոԼուրի նամակում, մասնավորապես, նշված է.

««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «COVID-19՝ նոր մարտահրավերներ էկոլոգիապես խոցելի համայնքներում» ծրագրի շրջանակներում հետազոտություններ է անցկացրել Հայաստանի համայնքներում սոցիալական վիճակի վրա COVID-19 համավարակի ազդեցության վերաբերյալ: Այս նամակով ներկայացնում ենք հայտնաբերված խնդիրները և դրանց հաղթահարման առաջարկությունները:

Պիլոտային ուսումնասիրություններն  իրականացվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքային, Վերին և Ներքին Գետաշեն գյուղական, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքային և Տարոնիկ գյուղական, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքային և Արարատ գյուղական, ՀՀ Լոռու մարզի Շնող խոշորացված  համայնքներում, որոնք ընտրվել էին որպես էկոլոգիապես խոցելի համայնքներ: Բնակչության համար պատրաստվել են COVID-19 համավարակի վերաբերյալ իրազեկման թերթիկներ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական վիճակի մեղմացմանն ուղղված ՀՀ կառավարության սահմանած միջոցառումների սեղմագրերը։ 8 խոցելի համայնքներում անցկացրած հարցումներին մասնակցել է 75 մարդ։ 

Ընդհանուր խնդիրներ

1.      Արտագնա աշխատանքի չմեկնածները հիմնականում մնացել են գործազուրկ և լավագույն դեպքում ունեն ժամանակավոր աշխատանք իրենց գյուղացիական տնտեսություններում կամ շինարարության մեջ։ Զբաղվածության ժամանակավոր բնույթը չի նպաստում համայնքի կյանքին նրանց լիարժեք մասնակցությանը և հայրենիքում հիմնավորվելուն:

2.      Բնակչության համար ավելացել են առողջության, կրթության հետ կապված հավելյալ ծախսեր, և սոցիալական բեռը ծանրացել է:

3.      Համայնքներում կրճատվել է տարբեր ոլորտների աշխատանքների ծավալը,  աշխատավարձը:

4.      Համայնքներում չեն բավարարում տեխնիկական միջոցները հեռավար ուսուցման համար, հեռավար ուսուցման համակարգը չի ապահովում բավարար կրթական որակ, առաջացել են հոգեբանական դժվարություններ, խ

նդիր է  համակարգչին տիրապետելու  բավարար գիտելիքների բացակայությունը:

5.      Բնապահպանական խնդիրները խորացել են պատասխանատու մարմինների գործունեության թուլացման պատճառով:

6.      Նվազել է համայնքային խնդիրների շուրջ տեղի ունեցող հանրային կարծիքի արտահայտման հնարավորությունը, քանի որ ստեղծված իրավիճակում բնակիչների կարծիքն իմանալու համար հանրային լսում կազմակերպելը դարձել է անհնարին: Ավելին, որոշ համայնքներում (ք. Արարատ) արդեն մի քանի ամիս չեն անցկացվել ավագանու նիստեր, հետաձգվել են համայնքի համար կարևոր որոշումների ընդունումները:

7.      COVID-19 համավարակի խնդրին ավելացել են պատերազմական գործողությունների սոցիալ-տնտեսական և դեմոգրաֆիկական հետևանքները: Համայնքներում հակահամաճարակային միջոցառումները զգալի թուլացել են:

Ուսումնասիրված համայնքներին բնորոշ խնդիրներ

8.      Արմավիրի մարզի Արմավիր քաղաքային և Տարոնիկ գյուղական  համայնքները, գտնվելով Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 5-10 կմ ազդեցության անմիջական գոտում, չունեն «ազդակիր համայնքի» կարգավիճակ, չունեն դրանից բխող որոշակի արտոնություններ, որոնք կարող էին օգնել՝ լուծելու տեղի բնակչության առաջ ծագած նոր մարտահրավերները: Համայնքներն Արարատյան արտեզյան ավազանի մակարդակի իջեցման հետևանքով ունեն ջրի խնդիր, ինչը հանգեցնում է սանիտարահամաճարակային ռիսկերի:

9.      Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքը, լինելով  Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի ազդակիր համայնք, 20.02.2013 թվականի ՊՎ-376 ընդերքօգտագործման  պայմանագրի շահառու չէ,  և «Թեղուտ» ՓԲԸ-ն պայմանագրով չի ստանձնել ազդակիր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հանձնառություններ

։ 2020-ին «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ն Շնող համայնքի հետ կնքել է Շնողի համայնքապետարանի հետ գործընկերության և համագործակցության պայմանագիր 140 միլիոն դրամ արժողությամբ: Սակայն համայնքի տարածքի քիմիական աղտոտվածության հետ կապված խնդիրները մնում են չլուծված, քանի որ գումարների նպատակային ծախսերի մեջ բնապահպանական հարցեր ներառված չեն:

10.  Արարատի մարզի Արարատ գյուղի տարածքում է տեղակայված Արարատի ոսկու կորզման գործարանի ցիանային պոչամբարը: Սակայն գյուղը չի համարվում ազդակիր համայնք ի տարբերություն Արարատ քաղաքի, որտեղ գտնվում է ոսկու կորզման գործարանը: Կրելով պոչամբարի ողջ բացասական ազդեցությունը՝ Արարատ գյուղը չի օգտվում բնապահպանական վճարներից առողջապահական և բնապահպանական խնդիրների լուծման համար:

11.  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում առկա Մարտունու կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանը կարիք ունի կենսաբանական մաքրման կայանի վերապրոֆիլավորման: Մաքրման կայանի տարածքից դուրս եկող կեղտաջրերն ուղղակիորեն լցվում են Սևանա լիճ՝ աղտոտելով ինչպես լիճը, այնպես էլ հարակից հանրային լողափը, ինչը  խոչընդոտում է տուրիզմի զարգացմանը և առաջացնում սանիտարահամաճարակային ռիսկեր:

12.  Մարտունու տարածքում ՀՀ Գեղարքունիքի մարզի  Գեղհովիտ համայնքի  և Մարտունու կոյուղագծերի միացման համար բացակայում է 100 մետր կոյուղու խողովակաշար, և կոյուղաջրերը լցվում են Մարտունի քաղաք։

13. Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներն ունեն ոռոգման ջրի խնդիր, որը կապված է Արգիճի գետի վրա շահագործվող «Արգիճի» ՓՀԷԿ-ի հետ: ՓՀԷԿ-ը խոչընդոտում է Սևանա լճի էնդեմիկ տեսակների վերարտադրմանը:

Հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքի էկոլոգիական խոցելիության առանձնահատկությունները, ինչպես նաև ծագած խնդիրների ընդհանրությունը՝ դրանց լուծման համար  ներկայացնում  ենք հետևյալ առաջարկներն՝ ըստ ոլորտների

Սոցիալական

1.    Ստեղծել ծրագիր Հայաստան վերադարձած աշխատանքային միգրանտների ներուժն օգտագործելու և հարկադիր  պարապուրդից դուրս բերելու համար, նրանց լիարժեք ներգրավելու համայնքի զարգացման մեջ:

2.    Ազդակիր համայնքներում վերսկսել սոցիալ-բնապահպանական խնդիրների շուրջ օրենքով սահմանված հանրային քննարկումները, ապահովել բնակչության, բիզնեսի և պետության ձևաչափով երկխոսության մեխանիզմներ:

3.      ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավղով ազդեցության գոտում գտնվող 25 համայնքներին տալ ՀԱԷԿ-ի «ազդակիր համայնքի» կարգավիճակ՝ դրանից բխող  արտոնությունների սահմանմամբ և ապահովել ՀԱԷԿ-ի ու ազդակիր գոտու համայնքների կառուցողական համագործակցությունը:

4.      Ապահովել «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 20.02.2013 թվականի ՊՎ-376 ընդերքօգտագործման  պայմանագրով ստանձնած բնապահպանական պարտավորությունների կատարումը, ինչպես նաև վերակնքել այդ պայմանագիրը սոցիալ-տնտեսական զարգացման պարտավորությունների ներդմամբ՝ հաշվի առնելով  ազդակիր համայնքում անցկացված հանրային քննարկումների արդյունքները:

5.      Վերանայել «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊ  ընկերության 2014թ. հոկտեմբերի 22-ի  N ՊՎ-189 ընդերքօգտագործման պայմանագրի հավելված 3-ը, այնտեղ ամրագրել Արարատ քաղաքի, Արարատ գյուղի նկատմամբ սոցիալ-տնտեսական օժանդակության ստանձնման պարտավորություններ: Արարատ գյուղական համայնքին տալ Արարատի ոսկու կորզման գործարանի «ազդակիր» համայնքի կարգավիճակ:

Առողջապահություն

6.      Ուժեղացնել խոցելի համայնքներում բժշկական հաստատությունները կարողությունները՝ դրանք համալրելով նոր սարքավորումներով և  բարձր մասնագիտական կարողություններով բժշկական անձնակազմով շարունակվող COVID-19 համավարակի պայմաններում:

7.      Շարունակել COVID-19 համավարակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, բարձրացնել բնակչության շրջանում սոցիալական ինքնագիտակցությունը՝ նպաստելով անձի սոցիալական պատասխանատվության ենթամշակույթի ձևավորմանը։

8.      Համավարակի դեմ պայքարում մեծացնել տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը: 

Բնապահպանական

9.      Հաշվի առնելով Սևանա լճի ռազմավարական նշանակությունը Հանրապետության համար՝ Մարտունու կեղտաջրերի ֆիզիկական մաքրման կայանը վերապրոֆիլավորել կենսաբանական մաքրման կայանի։ Ափամերձ բնակավայրերն ապահովել կոյուղացման համակարգով և դրանց կենսաբանական մինի մաքրման կայաններով։ 

10.  Իրականացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի  Գեղհովիտ համայնքի  և Մարտունու կոյուղագծերի միացման համար պահանջվող  100 մետր կոյուղու խողովակաշարի միացման աշխատանքները։

11.  Հաշվի առնելով Արարատյան արտեզյան ջրերի ռազմավարական նշանակությունը Հանրապետության համար՝ սահմանափակել ձկնաբուծության նպատակով այդ ջրային հորիզոններից ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, խիստ հետևողական լինել ջրօգտագործման թույլտվություններով  տրված չափաքանակների ռացիոնալ օգտագործման նկատմամբ, կոնսերվացնել չօգտագործվող հորերը, կառուցել Մեծամորի կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանը։

Խիստ վերահսկողություն սահմանել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության արտադրության  կազմակերպման գործընթացում մթնոլորտային օդի աղտոտման կանխարգելմանն ուղղված ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցառումների կատարման,  մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման  թույլտվության մեջ ամրագրված չափաքանակների և նորմերի պահպանման նկատմամբ։

13.  Արգիճի գետի վերին հոսանքներում Սևանա լճից էնդեմիկ  ձկնատեսակների ձվադրման և հարակից համայնքների գյուղատնտեսական հողերի ոռոգման ջրով ապահովման նպատակով ուժեղացնել պետական վերահսկողությունը  «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի գործունեության նկատմամբ։ Ապահովել «Աճգիճի» ՓՀԷԿ-ի գործունեության ժամանակ  բնապահպանական և ջրային ռեսուրսների բանական օգտագործման համար սահմանված բոլոր սահմանափակումների պահպանումը»:

Փետրվար 11, 2021 at 17:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր