

2019թ. ստեղծված Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը նախորդ 2 տարիների իր գործունեության ընթացքում ստերջացրել, կատաղություն հիվանդության դեմ պատվաստել և կլիպսավորել է 6000-ից ավելի շուն, 120-ից ավելիին՝ հանձնել որդեգրության։ Այս մասին տեղեկացնում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի հանրության հետ կապերի բաժինը:
Ստերջացման աշխատանքներին զուգահեռ կենտրոնն իրականացնում է շների շրջանում հատուկ վտանգավոր հիվանդությունների օջախների բացահայտում, վերացում և հետագա վերահսկողություն։
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ստեղծմանը հաջորդել է շների կողմից մարդկանց կծման դեպքերի անմիջական և օպերատիվ հավաքագրման համակարգ, որը համագործակցում է մայրաքաղաքային պոլիկլինիկաների հետ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՈԱԿ-ի կլինիկան մասնագիտական ռեկորդներ է գրանցել․ ստերջացման վիրահատություններ են իրականացրել մինչև 1 սմ երկարություն ունեցող կտրվածքով, ռեկորդային արագությամբ ստերջացման վիրահատություններ են կատարվել՝ 7-8 րոպե տևողությամբ։
Կենտրոնից նաև տեղեկացնում են, որ կունենան ընդունելության օրեր, որոնց ընթացքում քաղաքացիները կարող են հանդիպել կենտրոնի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանին:
Լուսանկարը՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի
Մարտ 17, 2021 at 13:37