Նոր կարգ ազդակիր համայնքների և բնակավայրերի ֆինանսավորման համար

Նոր կարգ ազդակիր համայնքների և բնակավայրերի ֆինանսավորման համար

ՀՀ կառավարությունը 2021 թվականի ապրիլի 1-ին ընդունեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը սահմանելու մասին» N 447 – Ն որոշումը։

Ըստ որոշման` շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից ազդակիր համայնքների ցանկը կազմելիս հաշվի է առնվելու նաև համայնքների տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ընկերությունների դուստր ձեռնարկությունների, մասնաճյուղերի և ընկերությունների կազմում ընդգրկված այլ ստորաբաժանումների կողմից հասցվող վնասը՝ առանձին վերցված:

Որոշման նպատակն է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն մասհանումներ ստացող ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի որոշման և միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների և (կամ) բնակավայրերի միջև  oրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշման իրավական հիմքի ապահովումը։

Որոշմամբ հաստատված կարգով սահմանված են ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունների (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկների մեթոդաբանությունը, կապված բնակավայրի հեռավորության, համայնքի (կամ բնակավայրի) մշտական բնակչության թվաքանակի և վնասակար նյութերով մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտման մակարդակի, ինչպես նաև տվալ համայնքի կամ բնակավայրի տարածքում թափոնների տեղադրման կամ պահման տարածքի մակերեսի, տեղադրված կամ պահված թափոնների ծավալի հետ։

Որպես շրջակա միջավայրի բաղադրիչների աղտոտման չափանիշներ հիմք են ընդունվում կազմակերպությանը տրված մթնոլորտային օդ վնասակար արտանետումների թույլտվություններով ամրագրված՝ տվյալ նյութի տարեկան թույլատրելի խտությունների, ջրային ռեսուրս տվյալ ընկերության կողմից ջրպգտագործման թույլտվությամբ սահմանված կարգով արտանետվող վնասակար նյութերի և միացությունների սահմանային թույլատրելի խտությունների  գերազանցումների մեծությունները և թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակներին համապատասխան տվյալ համայնքում կամ բնակավայրում տեղադրված  կամ պահվող ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները և ՀՀ շրջակա միջավայրի բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը։  

Հիշեցնենք, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում նշվող՝ շրջակա միջավայր վնասակար ազդեցություն թողնող կազմակերպությունները իրենց գործունեության բացասական ազդեցությունը կրող ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար վճարում են արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի և հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման և պահման դիմաց հարկեր, ինչից էլ վարչական և ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ։

Ապրիլ 02, 2021 at 15:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր