«Սոսու պուրակից» որևէ հատված չի անցել Ադրբեջանին. ՇՄՆ-ն հերքում է համացանցում տարածված լուրը

«Սոսու պուրակից» որևէ հատված չի անցել Ադրբեջանին. ՇՄՆ-ն հերքում է համացանցում տարածված լուրը
Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե Սյունիքի մարզի «Սոսու պուրակ» պետական արգելավայրի մի մասն անցել է Ադրբեջանին: Նման լուրերի համար հիմք ծառայեցին ադրբեջանական կայքերում հրապարակված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր ընտանիքի լուսանկարները, որոնց ուղեկցող վերնագրերում նշված է, որ վերջինները եղել են Ջաբրաիլի և Զանգելանի շրջաններում:
 
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հերքել է այս լուրերը: Նախարարությունը  պարզաբանում է տարածել, որում մասնավորապես, նշված է. «Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն
Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառման` հայտնում ենք
հետևյալը. Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, վերջին պատերազմական իրադրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է։
«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։ Արգելավայրում մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով, հստակ
կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային
փոփոխության չի ենթարկվել։ Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց:»:
 
 
 
Տարածվող լուրերի ապատեղեկատվություն լինելու մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արսեն Գասպարյանը:
 
«Սոսիների պուրակ պետական արգելավայրը /շուրջ 64 հա/ իր հարակից Ներքին հանդ գյուղով իրենց տեղում են: Մենք կորցրել ենք ՀՀ պետական սահմանից այն կողմ գտնվող սոսիների բնական պուրակի մի հատվածը: Այո, մենք կորցրել ենք Սև լիճ պետական արգելավայրի մի մասը, կորցրել ենք բնական սոսիների պուրակի մի մասը, Շիկահող պետական արգելոցն և Արևիք ազգային պարկն էլ դարձել են սահմանամերձ իր բոլոր հետևանքներով: Այս ամենը խնդիրներ են ու շատ լուրջ, բայց գոնե սա պետք է մեզ սթափեցնի, որ փոխենք մեր վերաբերմունքը մեր բնության հրաշքների նկատմամբ ու գնահատեք դրանք»,-նշել է նա։

 

Լուսանկարները՝ ՇՄՆ նախարարության

Ապրիլ 27, 2021 at 12:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր