«ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն մտադիր է Լոռու Ուռուտի հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել

«ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն մտադիր է Լոռու Ուռուտի հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել

«ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն մտադիր է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել: Այս ընկերությունը, ըստ ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի, գրանցվել է 2021թ. փետրվարի 8-ին:

Լոռի Բերդի համայնքապետարանը մայիսի 5-ին իր կայքում հայտարարություն է տարածել, որ «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ի կողմից Ուռուտ բնակավայրում 2021-2024թթ. երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման առաջին փուլը տեղի կունենա մայիսի 14-ին: 

Տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն արդեն իսկ դեմ են արտահայտվում ընկերության նախաձեռնությանը:

Ալավերդու «Համայքնային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կոչ եմ անում տեղի բնակիչներին պաշտպանել մաքուր միջավայրում ապրելու և արարելու սեփական իրավունքները և բոյկոտել ցանկացած նման նախաձեռնություն, Լոռու մաքուր մնացած պատառիկներում հանքային գործունեություն նախաձեռնելու վերաբերյալ»։

Դուլգարյանի գրառմանն արձագանքել են բազմաթիվ քաղաքացիներ՝ նշելով, որ դեմ են նման գործունեությանը, ոմանք էլ հայտնել, թե այդ գրառմամբ տեղեկացան խնդրի մասին:

«Պետք է թույլ չտանք նոր հանքի բացումը: Ոսկին մեր բնակչության առողջությունն է: Ուզում են բացել մի քանիսի հարստացման համար: Թույլ չենք տալու»,- արձագանքել է «Լոռե» էկո-ակումբ» ՀԿ-ի նախագահ Մանյա Մելիքջանյանը:

Նշենք, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասի (բազմամետաղ) երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը 2015 թ-ին տրվել  էր «ԷՔՈՒԻՎԵՍՏ ԱԼԼԻԱՆՍ ՖԱՈՒՆԴԵՅՇՆ» ՍՊԸ-ին: Թույտվության ժամկետը ավարտվել է 2020թ-ի հուլիսի 27-ին:

Մայիս 05, 2021 at 16:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր