Քաղաքացիներին պաշտպանելու մեխանիզմներ չունենալու պարագայում պետք է մոռանալ հանքարդյունաբերական նոր օջախների ստեղծման մասին. Օլեգ Դուլգարյան

Քաղաքացիներին պաշտպանելու մեխանիզմներ չունենալու պարագայում պետք է մոռանալ հանքարդյունաբերական նոր օջախների ստեղծման մասին. Օլեգ Դուլգարյան

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանում ակտիվացել են երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությանը կամ տեղական ինքակառավարման մարմիններին ներկայացվող հայտադիմումները: Այդ ակտիվությունը հատկապես նկատելի է հանքարդյունաբերական ենթակառուցվածքներով ծանրաբեռնված Լոռու մարզում: Մասնավորապես, Մարգահովիտ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքների բնակիչները վերջրես միաձայն դեմ արտահայտվեցին Հանքաձորի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելուն: Հանրային լսումներ են նախատեսվում Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: 

«Չունենալով պետական մակարդակով քաղաքացիներին պաշտպանելու հստակ մեխանիզմներ, քաղաքացիներին պատճառված վնասները մեղմելու հստակ քաղաքականություն, նրանց առողջապահական իրավունքը պաշտպանելու և պատճառված վնասների փոխհատուցման մեխանիզմներ, նոր հանքերի մասին ենք մտածում»,- ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը մայիսի 7-ին «Հոդված 3» ակումբում անցկացված «Նոր հանք Լոռիում. տարածաշրջանի անտառները վտանգված են» թեմայով քննարկման ժամանակ: 

«Լոռին արդեն իսկ աղետի գոտի է: Հանքարդյունաբերության ընդլայնման կասեցումը կապված չէ միայն տուրիզմի զարգացման հետ, այլև տնտեսության շատ այլ ճյուղերի հետ է շաղկապված: Կան լուրջ խորքային տնտեսական, առողջապահական խնդիրներ: 2020թ. Ախթալա համայնքում իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ երեխաների մոտ մկնդեղի կրիտիկական բարձր ցուցանիշ է առկա, լրջագույն առողջապահական խնդիր է սա: Բայց ովքե՞ր են պաշտպանում այդ համայնքի բնակիչներին, ինչպե՞ս ենք լուծում իրենց խնդիրները, ունե՞նք այդ մեխանիզմները: Երբ դիմում ենք Առողջապահության նախարարություն, ասում են՝ մենք մեխանիզմներ չունենք այդ ամենը չափելու համար: Երբ դիմում ենք Շրջակա միջավայրի նախարարություն, ասում են՝ դա մեր իրավասիրությունների ներքո չի գտնվում: Եթե մենք չունենք այդ մեխանիզմները շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը գնահատելու, մարդկանց առողջությունը գնահատելու, փոխհատուցման կամ ապահովագրության մեխանիզմներ դեռ չկան, պետք է ընդհանրապես մոռանալ հանքարդյունաբերական նոր օջախների ստեղծման մասին»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

Ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության առաջատար մասնագետ Նարինե Հակոբյանը նշեց, որ մեխանիզմներ գոյություն ունեն, ուղղակի անհրաժեշտ է կիրառելի դարձնել արդեն իսկ գոյություն ունեցողները և նորերը մտածել: «Որպես քաղաքացի, որպես նախարարության աշխատակից կիսում եմ մտահոգությւնները՝ կապված բնության պահպանության հետ: Խնդիրները շատ են, հատկապես Լոռու մարզը եղել է հանքարդյունաբերությամբ հայտնի, և լեռնարդյունաբերության ազդեցության կրողները մենք ենք: Բարձրացված բոլոր հարցերը մտահգոիչ են, բայց այս պահին նախարարության գործիքակազմն է կիրառել հնարավորինս կայուն զարգացում, ապահովել նոր տեխնոլոգիաներ նոր բացված հանքավայրերի համար: Հայաստանում չենք կարող վերցնել ու մի զարկով հանքարդյունաբերությունը փակել՝ ասելով, որ շրջակա միջավայրին վնաս է հասցնում: Պետք է մշակենք ինչ-որ մեխանիզմներ, հնարավորինս մեղմելու ու վերացնելու թե՛ նախկինից ժառանգություն ստացած պոչամբարների, լցակույտերի հետևանքները, թե՛ նոր բացվող հանքավայրերի հնարավոր ազդեցությունները փոքրացնելու»,- ասաց նա: Արձագանքելով նախարարության ներկայացուցչի պատասխանին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ եթե մեխանիզմներ կան,  գրված են, բայց չեն կիրառվում, ուրեմն՝ չկան: «Պետք է օրենսդրության մեջ բարեփոխումներ լինեն»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով հանրային լսումների անցկացմանը՝ Նարինե Հակոբյանը նշեց, որ ամեն ինչ սկսվում է համայնքից, և անհրաժեշտ է համայնքում բնակչության տեղեկացվածության աստիճանը բարձրացվի: «Հաճախ համայնքում չեն գիտակցում իրենց բնակվելու վայրի հետ կապված առավելությունները և թերությունները: Բոլորը պետք է նեգրավվեն նոր հանքավայրերի թույլտվությունները տրամադրելիս: Մարդիկ պետք է տիրապետեն իրենց սպասվող վնասների հետ կապված գիտելիքներին»,- նշեց նա: 

Մատնանշելով հանրային լսումների անցկացման բացերը՝ Լոռու նախկին փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն էլ նշեց, որ դրանցում մի կողմից ներգրավված են լինում բնակիչները, մյուս կողմից՝ ընկերությունը: «Չկա պետական համակարգից որևէ այլ պաշտոնյա, որպեսզի երրորդ կողմ լինի: Մասնագիտական մոտեցում է պետք: Մասնակցում են նախապես համաձայնեցված մարդիկ, որոնց կարծիքը շատ հաճախ չի արտահայտում ամբողջ համայնքի կարծիքը: Գյուղացին շատ հաճախ կարող է չպատկերացնել, թե ինչ վտանգներ կարող են լինել: Այս առումով պետք է ոչ թե ապավինենք համայնքապետերին...Պետք է լինի ընդհանուր պետական մոտեցում, որ քաղաքացին զգա, որ պետությունն իր կողքին է, և հանրային շահը գերակա է: Շատ հաճախ նեղ մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ են անհրաժեշտ»,- ասաց նա: 

Իր հերթին Օլեգ Դուլգարյանն ասաց, որ լսումների մասին համայնքի բնակիչներին պատշաճ կերպով չեն իրազեկում, այն անց է կացվում համայնքապետերի հետ ամենօրյա շփման մեջ գտնվող մարդկանց շրջանակում: «Իրական իրազեկում չկա: Գալիս են մասնագետներ, ինչ-որ նախագծեր են ներկայացնում, խոսում են մասնագիտական լեզվով՝ հասարակ գյուղացուն դա այդքան էլ հասանելի չէ»,- նշեց նա: Դուլգարյանը նաև տեղեկացրեց, որ ներկայումս հանքարդյունաբերությունից տուժած մոտ 70 քաղաքացի դիմել է դատարան իր առողջությանն ու տնտեսությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով:

Մայիս 11, 2021 at 10:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր