

Տարիներ շարունակ չշահագործված Սյունիքի մարզի Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում 2020թ-ի տարեվերջից հողային աշխատանքներ են սկսել իրականացնել: Այս մասին Այգեձորում ԷկոԼուրին հայտնեց տեղի բնակիչը: «Ամբողջ հանույթը լցրել են Մեղրի գետի ափին: Մեր տունը հանքից ներքև է, եթե այս աշխատանքները շարունակվեն, ստիպված ենք լինելու հեռանալ գյուղից»,- ասաց նա:
Այգեձորը Սյունիքի դատարկվող գյուղերից է: Մեր զրուցակիցը գյուղում մնացած միակ տնտեսության ներկայացուցիչն էր, որը փորձում է տեղում տուրիզմ զարգացնել, բայց՝ ապարդյուն: Արդեն երկու տարի է՝ նրա հանգստյան գոտի հյուր չի գալիս, պատճառը, ըստ բնակչի, Լիճքվազ թեյի հանքավայրից Կապան հանքաքար տեղափոխող բեռնատարների առաջացրած փոշին է: «Տուրիստական հյուրանոց կար, ամռանը տուրիստներ էին գալիս: Երկու տարի է՝ մարդ չի գալիս: Ո՞վ կգա, որտե՞ղ նստի, սուրճ խմի: Իրենց վեջը չի: Խնդրել ենք գոնե ասֆալտապատեն, որ այս փոշին չլինի, բայց՝ ապարդյուն»,- ասաց նա: Այս տնտեսության փակման դեպքում գյուղը կդառնա ամբողջովին անմարդաբնակ:




Նշենք, որ Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար երկու ընկերություն է թույլտվություն ունեցել: Մեկը «Թաթսթուն» ՍՊԸ-ն է, որն ուներ Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թխկուտի տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը, սակայն 2020թ-ին ընկերությունը կորցրել է այդ իրավունքը: Մյուսը «Ակտիվ Լեռնագործ» ՍՊԸ-ն է, որը 2012թ-ից մինչ օրս տիրապետում է Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը, սակայն հանքաքարի արդյունահանում մինչև 2020թ-ի ավարտը չի իրականացրել:




Ընկերության ընդերքօգտագործման պայմանագիրն ազդակիր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցության համար դրույթներ չի պարունակում:
ԱՃԹՆ-ի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ընկերությունը 2016-2018թթ. ազդակիր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված որևէ միջոցառում չի իրականացրել: Չի կատարել նաև բնակավայրի համար բարեգործական հատկացումներ կամ նվիրատվություններ: Ընդամենը հողի վարձակալության վճար է վճարել: ԷկոԼուրի հետ զրույցում Լեհվազ/Վարդանիձոր (Այգեձորը ներառված է Վարդանիձոր բնակավայրի կազմում) բնակավայրերի վարչական ներկայացուցիչ Ռաֆիկ Մկրտչյանը ևս հաստատեց, որ ընկերությունը բնակավայրին որևէ աջակցություն չի ցուցաբերել: Ավելին՝ Մկրտչյանը նշեց, որ հանքարդյունաբերական ընկերություններն անգամ երկխոսության չեն եկել իրենց հետ: «Թաքուն գալիս, աշխատում են, չենք իմանում»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց նա:

Այգեձորի հանքում իրականացվող հողային աշխատանքների մասին տեղյակ չէին նաև խոշորացած Մեղրիի համայնքապետարանում: Մեղրիի համայնքապետարանի կազմակերպական բաժնի պետ Վանիկ Սարգսյանն ասաց, որ «Ակտիվ Լեռնագործ» ՍՊԸ-ի հետ ոչ հողի, ոչ անշարժ գույքի, ոչ էլ շարժական գույքի մասով հարկերի հետ կապված հարաբերություններ չունեն:

2018թ-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վարչական վարույթ էր հարուցել «Ակտիվ Լեռնագործ» ՍՊԸ-ի նկատմամբ ընդերքօգտագործման պայմանագրի 3.4.1 (իրականացնել աշխատանքներն օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան), 3.4.4 ( ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը), 3.4.26 (կատարել ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պարտականությունները) կետերով սահմանված պարտավորությունների չկատարման համար, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մասով և մշտադիտարկումների մասով ապառք ունենալու համար: Որոշ ժամանակ անց վարչական վարույթը նախարարությունը կարճել է՝ ընկերության կողմից խախտումների վերացման հիմնավորմամբ: Չնայած դրան հանքը կրկին չշահագործվեց:
Հանքի շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումները անցկացվել են 2012թ-ին: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննական եզրակացությունը բացակայում է Շրջակա միջավայրի նախարարության կայքում։ Եզրակացությունը, սակայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի հիմքով կորցրել է իր ուժը, քանի որ փորձաքննական եզրակացությունն ստանալուց հետո Ընկերությունը նախագծով նախատեսված գործունեություն մեկ տարվա ընթացքում չի իրականացրել:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Մայիս 13, 2021 at 15:05
