Լոռու մարզի Թումանյանի շրջանի շուրջ 70 բնակիչներ մաքուր շրջակա միջավայրի իրենց իրավունքը կպաշտպանեն դատարանում

Լոռու մարզի Թումանյանի շրջանի շուրջ 70 բնակիչներ մաքուր շրջակա միջավայրի իրենց իրավունքը կպաշտպանեն դատարանում

Լոռու մարզի Թումանյանի շրջանի շուրջ 70 բնակիչ իրենց առողջության, կյանքի անձեռնմխելիության և սեփականության իրավունքը կպաշտպանեն դատարանում: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ դատական հայցեր են ներկայացրել Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչները: Ինչպես նշված է Դատական տեղեկատվական համակարգի www.datalex.am կայքում, հայցերը վերաբերում են առողջության իրավունքի, անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումներին ու վնասի փոխհատուցման պահանջին: Իրավաբանական աջակցությունը ցուցաբերում է «Թումանյան» փաստաբանական գրասենյակը: 

Հայցերի համար հիմք են ծառայել հանքարդյունաբերական օբյեկտների աղտոտող ազդեցությունը կրող բնակիչներից վերցված, ինչպես նաև հարատև աղտոտման ենթարկվող տարածքներից վերցված հողի, ջրի և մթերքների նմուշների հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են 2018–2020թթ. քիմիական աղտոտման հարցերում մասնագիտացած «Առնիկա» չեխական կազմակերպության կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի մասնակցությամբ: Հրապարակված զեկույցները ( 1 2 3 ) ցույց են տալիս ծանր և տոքսիկ մետաղների՝ մկնդեղի ու կադմիումի բարձր պարունակությունն օրգանիզմում: Առանձնապես մտահոգիչ էր քիմիական աղտոտվածության տարածքում բնակվող երեխաների օրգանիզմում այդ տարրերի բարձր պարունակությունը:

«Շատ կարևոր է հանքարդյունաբերությունից տուժած համայնքներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Հանքարդյունաբերությունը չպետք է գործի մարդկանց առողջության ու մաքրող տեխնոլոգիաների վրա տնտեսելու հաշվին»,- նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում չկան վնասի փոխհատուցման մեխանիզմներ, հետևաբար, հաստատված չէ սոցիալական արդարությունը: «Մենք ձգտում ենք նրան, որպեսզի այդպիսի մեխանիզմներ լինեն ու աշխատեն, և վստահ ենք, որ տեղի համայնքները գիտակցելով, թե ինչ վնասներ են կրել, կինքնակազմակերպվեն և կունենան ավելի շատ աջակիցներ կյանքի ու առողջության իրավունքը պաշտպանելու գործում»,- ասաց Դուլգարյանը: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է նաև ներդնել կանխարգելիչ միջոցառումներ ապահովագրության, փոխհատուցման վճարների չափի և մեխանիզմի վերաբերյալ` արդյունահանող ձեռնարկությունների պատճառած վնասը նվազագույնի հասցնելու համար:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց. «Առաջին անգամ մարդիկ պաշտպանում են իրենց իրավունքները ՝ հիմնվելով քիմիական աղտոտվածության վերլուծության արդյունքների վրա: Մենք ակնկալում ենք, որ կստեղծվի դատական նախադեպ, երբ ընկերությունը պատասխանատվության կենթարկվի լեռնահանքային օբյեկտների թունավոր արտանետումներից և արտահոսքերից տուժած կոնկրետ մարդկանց առաջ: Առողջ միջավայրի իրավունք նշանակում է կյանքի իրավունք: Դա այն է, ինչ Ախթալա համայնքի բնակիչները մտադիր են ապացուցել դատարանում»:

Թումանյանի տարածաշրջանում աղտոտվածության իրազեկվածության բարձրացում» ծրագրի՝ «Առնիկա» կազմակերպության կողմից համակարգող Վալերիա Գրեչկոն կարծում է, որ բնակավայրերի՝ հանքարդյունաբերական արտադրությանը մոտ գտնվելը պարտադիր ազդում է թե՛ տեղի բնակիչների առողջության, թե կենսապայմանների վրա: «Դատարան դիմելն իրենից ներկայացնում է Թումանյանի շրջանում բնապահպանական իրավիճակի բարելավմանն ուղղված գործողությունների և միջոցառումների մի ամբողջ շղթայի կարևոր փուլ: Դա նաև տեղի ակտիվիստների՝ իրավիճակը դեպի լավը փոխելու պատրաստակամության և վստահության ցուցիչն է: Դատական գործընթացները կարող են նպաստել հանքարդյունաբերության խնդիրների վրա ուշադրության կենտրոնացմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ պետական մակարդակով: Մենք չենք բացառում հայցերի ներկայացում Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այդ դեպքում գործընթացներին կներգրավվի նաև միջազգային հանրությունը»,- նշեց նա:

Սույն նյութը ստեղծվել է «Թումանյանի տարածաշրջանում աղտոտվածության իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է քիմիական անվտանգության հարցերում մասնագիտացած «Առնիկա» չեխական կազմակերպությունը՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համագործակցության փոխակերպման» ծրագրի շրջանակներում: Սույն նյութի բովանդակությունը չի արտացոլում Չեխիայի Արտաքին գործերի նախարարության կամ նախագծին ֆինանսական աջակցություն տրամադրող այլ ինստիտուտների պաշտոնական կարծիքը: Բովանդակության համար պատասխանատու են նյութի հեղինակները:

loga armenie opravena

Լուսանկարը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի 

Հունիս 30, 2021 at 11:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր