

2021թ-ի հունիսի 1-ին ավարտվեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի շինարարության փուլը: Այս մասին նշված է 2020թ-ի դեկտեմբերի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման 2012 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ ՊՎ-245 պայմանագրի փոփոխություն» համաձայնագրում:
Ամուլսար
Օգտակար հանածոյի արդյունահանումը տևելու է 9 տարի, հանքի փակումը՝ 5,5 տարի: Սույն համաձայնագրով Ամուլսարի ծրագրի շինարարության փուլի ավարտը 2020թ-ի դեկտեմբերի 31-ից դարձել է 2021թ-ի հունիսի 1: Իսկ հանքի տիրապետման ու օգտագործման համար ժամկետը 2034թ-ի ապրիլի 3-ից դարձել է 2036թ-ի հունվարի 1-ը:
Ամուլսարի ծրագրի տարածք
Ժամկետների փոփոխությունը, հավանաբար, պայմանավորված է 2 տարի Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնքի բնակիչների կողմից դեպի հանքի ենթակառուցվածքներ տանող ճանապարհների փակված պահելով, երբ ընկերությունը հնարավորություն չուներ աշխատանքներ կատարելու: Ծրագրին դեմ բնակիչները ճանապարհները բացեցին 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին: Նրանցից շատերը մեկնեցին ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը:
Ամուլսարի պահակակետ
Հունիսի 1-ից հետո հանքի շահագործում չի սկսվել ու դեռ հստակ չէ, արդյոք այս հանքը կշահագործվի, թե՛ ոչ:
Կույտային տարրալվացման հարթակ
«Ամուլսարը մի մեծ աղետ է մեր տարածաշրջանի, Սևանի ու ամբողջ Հայաստանի համար: Ամբողջ աշխարհը պայքարում է մաքուր ջրի համար, մենք ուզում ենք ավիրել մեր ջրային պաշարները, Ջերմուկի խմելու և հանքային ջրերը: Այս պահին «Լիդիանն» էլ ոչ մի աշխատանք չի իրականացնում, բայց եթե տեսնենք, որ փորձում են աշխատանքներ սկսել, բնականաբար, թույլ չենք տա: Այստեղ ոչ թե բնապահպանական է խնդիրը, այլ Ջերմուկ համայնքի լինել-չլինելու հարցն է»,- նշեց Գնդեվազի բնակիչ Միհրդատ Ներսեսյանը։
Միհրդատ Ներսեսյանը
Գնդեվազ
Նա շեշտեց, որ լինելով Հայաստանի ամենախոշոր առողջարանային քաղաքը, Ջերմուկ համայնքը պետք է զարգանա առողջարանային զբոսաշրջության ուղղությամբ: ««Լիդիանն» ասում է՝ այսքան միլիոն դոլարի ծախս ենք արել, իսկ Ջերմուկն իր զարգացման 80 տարում քանի՞ միլիարդ դոլարի ծախսեր է արել»,- ասաց նա,-«Դեռ շինարարության ժամանակ, երբ ցիանային հարթակի վրա կատարում էին պայթեցումներ, փոշին նստում էր մեր ծիրանի այգիների վրա, և ծիրանի արտահանումը գյուղից 80%-ով կրճատվել է: Կանդրադառնա նաև մնացած սննդամթերքի արտահանման ու վաճառքի վրա»,- նշեց նա:
Տեղի բնակիչների այգին
Ջերմուկի ավագանու անդամ Մխիթար Բունիաթյանն էլ նշեց. «Իրենք արդեն տվել են վնաս՝ հողի շերտը հանելով: Մեզ մոտ քամիներն ուժեղ են, ամբողջ փոշին գալիս, նստում է քաղաքի վրա»:
Մխիթար Բունիաթյանը
Բնակիչների համար ընդունելի չէ հանքավայրի շահագործմամբ մի քանի տարիների ընթացքում գումար աշխատելը. «Եթե շահագործվի 5-10 տարի հետո մեր տարածքը կդառնա կիսաանապատային, չենք կարող ոչ մի բանով այստեղ զբաղվել, իսկ Ջերմուկ առողջարանային քաղաքը կդառնա հանքին սպասարկող մի կեղտոտ ավան: Առողջարանային քաղաքն ամբողջովին կվերանա»,- նշեց Միհրդատ Ներսեսյանը:
Ջերմուկ
«Այստեղ գալիս են բուժվելու նպատակով: Ինչպես են գալու այստեղ՝ իմանալով, որ հանք է աշխատում: Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Գա բուժվի՞, թե՞ փոշի ստանա: Ժամանակավոր է այդ հանքը: Հետո ի՞նչ է լինելու: Հետոյի մասին ո՞վ է մտածելու»,- ասաց Մխիթար Բունիաթյանը:
Ազդակիր Գորայք համայնքի բնակիչները, որոնք ողջունել են Ամուլսարի ծրագրի իրականացումը, այսօր տարակուսած են: Մասնավորապես, ընկերության կողմից չեն պահպանվել պայմանավորվածությունները հանքավայրի շահագործման աշխատանքներում Գորայքի բնակիչներին ներգրավելու մասին: Վերջին տարիներին աշխատանքից ազատվել են անգամ «Լիդիանի» կրթական ծրագրերի շրջանակներում համայնքից ուսում ստացած մասնագետները։
Գորայք
Գորայքի համայնքապետ Աշոտ Աղաջանյանը նշեց, որ պետք է ունենալ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների բացառման հստակ և հիմնավորված երաշխիքներ և դրանց առկայության պարագայում միայն կայացնել Ամուլսարի Ծրագրի թույլտվության որոշումը։
Գորայքի նախկին համայնքապետ Առուստամ Առուստամյանն էլ հանքի շահագործման դեպքում շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ ասաց. «Որ ասենք 100%-անոց մաքուր է լինելու, չի լինելու: Դա էլ է իր վնասը թողնելու, էդ մարդիկ (խմբ.՝ ընկերությունը) էլ ասում են, չափն էլ են ասում, բայց որ բնապահպանական աղետ, էս մեկ, էն մեկ, դրանք բացառվում են...»:
Առուստամ Առուստամյանը
Ամուլսարի ծրագրի ռիսկերը, որոնք իր զեկույցում ներկայացրեց Earth link & Advanced Resources Development» (ELARD) լիբանանյան ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, պաշտոնապես չեն հերքվել: Քրեական գործը դեռ չի ավարտվել: Ամուլսարի հանքի շահագործման թեման դարձել է նախընտրական պայքարի շահարկման թեմա: Մինչդեռ ազդակիր Ջերմուկ համայնքի բնակիչները հաստատակամ են իրենց համայնքը զարգացնել առանց մետաղական հանքարդյունաբերության, ինչի համար էլ Ջերմուկ համայնքի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում ընդունեց Ջերմուկը զարգացնել առանց հանքարդյունաբերության:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հունիս 24, 2021 at 15:08