Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը բարձրացրել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բողոքի կարգավիճակը

Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը բարձրացրել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բողոքի կարգավիճակը

Բեռնի կոնվենցիայի Բյուրոն հանձնարել է կասեցնել ցանկացած զարգացում, որը կարող է բացասաբար ազդել Ամուլսարի ծրագրի տարածքում Կոնվենցիայով պաշտպանվող կենսամիջավայրերի և տեսակների վրա:

Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի բյուրոն որոշել է բարձրացնել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «ԷկոԼուր» տեղեկատվական, «Հայաստանի անտառներ», «Կանաչ Հայաստան» ՀԿ-ների և CEE Bankwatch Network միջազգային ցանցի՝ ի դեմս կենսաբազմազանության անկախ փորձագետ Անդրեյ Ռալեֆի ներկայացրած բողոքի կարգավիճակը՝ տալով սպասման կարգավիճակ:

Հիշեցնենք, որ 2020թ. մարտին Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ուղարկված ՀԿ-ների բողոքում նշված է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Բեռնի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 5-րդ և 6-րդ կետերը՝ տալով թույլտվություններ Ամուլսարի ոսկու նախագծին և թույլ տալով նշանակալից ազդեցություն Մշտական հանձնաժողովի 4-րդ բանաձևով (1996թ.) և 6-րդ բանաձևով (1998թ.) պաշտպանվող բնակմիջավայրերի և տեսակների վրա: Ամուլսարի ծրագիրն ունի ազդակիր տարածքներ Էմերալդի «Ջերմուկ տարածք»-ում (AM0000009), իսկ հետագայում կարող է նշանակալից ազդեցություն թողնել այլ Էմերալդ տարածքների վրա՝ «Սևան» ազգային պարկ (AM0000002) և «Գորհայք տարածք» (AM0000002): Բոլոր երեք տարածքները Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի կողմից ստացել են ԲՀՀՏ-ի թեկնածուի կարգավիճակ: ՀՀ կառավարությունն անտեսել է Էմերալդ տարածքների վրա ազդեցություն թողնող ծրագրերի գնահատման ընթացակարգերը՝ չիրականացնելով պաշտպանության ենթակա տեսակների և բնակմիջավայրերի պատշաճ գնահատում, իսկ ՇՄԱԳ հաշվետվություններում կիրառված են մեթոդաբանություններ, որոնք խախտում են Բեռնի կոնվենցիան և անհամատեղելի են Էմերալդ ցանցի հետ:

Բյուրոն վերահաստատել է իր հանձնարարականը՝ կասեցնել ցանկացած զարգացում, որը կարող է բացասաբար ազդել Կոնվենցիայով պաշտպանվող կենսամիջավայրերի և տեսակների վրա, անկախ նրանից դա վերաբերում է «Էմերալդ» ցանցի տարածքներին, թե ոչ, և մեկ անգամ ևս խնդրել է ՀՀ իշխանություններից զեկույց ներկայացնել, որը մասնավորապես կարձագանքի Ամուլսարի ոսկու հանքի խնդրին: Բյուրոն հիշեցրել է, որ «Էմերալդ» ցանցի ներքո ստանձնած պարտավորությունները գոյություն ունեն ինչպես թեկնածուների, այնպես էլ հաստատված տարածքների համար և որ իշխանությունները պետք է հետևեն Մշտական հանձնաժողովի թիվ 208 (2019) հանձնարարականին՝ «Էմերալդ» ցանցի տարածքների էկոլոգիական բնույթի փոփոխությունները հայտնաբերելու, զեկուցելու, գնահատելու և արձագանքելու վերաբերյալ: Նրանք պետք է հարգեն «Էմերալդ» ցանցի իրական շահերը: Բյուրոն նաև խրախուսել է իշխանություններին գործընթացում ներգրավել բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերին: Այս մասին նշված է Բեռնի կոնվենցիայի քարտուղարության կողմից 2021թ-ի ապրիլի 30-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված նամակում:

Բյուրոն մտահոգություն է հայտնել նաև Հայաստանում «Էմերալդ» ցանցի ծածկույթի զգալի կրճատման կապակցությամբ և կրկին հորդորել է ՀՀ իշխանություններին պարզաբանել, թե երբ պատրաստ կլինի վերանայված ցուցակը, և երբ այն կներկայացվի քարտուղարություն: Բյուրոն խնդրել է 2021թ. հոկտեմբերին տրամադրել թարմացված տեղեկատվություն «Էմերալդ» ցանցի ՀՀ կառուցվածքի մասին Պաշտպանված տարածքների և էկոլոգիական ցանցերի փորձագետների խմբին:

Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի  նախկին փոխնախարար Իրինա Ղափլանյանը Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանն ուղարկած 21.07.2020թ. թիվ 4/08.8/8058 նամակում նշել էր, որ Հայաստանի ներկայացրած թեկնածու տարածքների նոր ցանկն ընդգրկել է ավելի քան 1 միլիոն հա տարածք ունեցող 23 պոտենցիալ տարածք, որը կազմում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի 34,7%-ը` ներառյալ «Ջերմուկ տարածքը», «Սևան» ազգային պարկը, «Գորայք» տարածքը և այլ տարածքներ, որտեղ ընթանում են խոշոր արդյունաբերական և տնտեսական աշխատանքներ: «Թեկնածու տարածքների վերոնշյալ ցանկը պաշտոնապես համաձայնեցված չէր ո՛չ Շրջակա միջավայրի նախարարության (նախկին Բնապահպանության նախարարություն) հետ, ոչ էլ շրջանառվել էր համապատասխան այլ պետական գերատեսչական մարմինների հետ նախքան Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը: Մենք ներկայումս հետաքննում ենք այս ընթացակարգային խախտումը և հաջորդաբար միջոցներ կձեռնարկենք դրա լուծման ուղղությամբ: Կցանկանայի նշել նաև, որ մի շարք փորձագետներ և մասնագետներ, ովքեր մասնակցում էին թեկնածու տարածքների մշակման նախագծին, պայմանագրային կերպով ներգրավված էին որպես «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի ՇՄԱԳ-ի մշակման փորձագետներ: Այս հանգամանքը ենթակա է հետագա հետաքննության նախարարության կողմից և, հնարավոր է, որ նաև այլ համապատասխան մարմինների կողմից: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև այն փաստը, որ Կոնվենցիայի շրջանակներում կազմակերպված տարբեր միջոցառումների ընթացքում քննարկվել է Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների վերանայման հարցը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է նախկինում ներկայացված ցուցակի վերանայում և օպտիմալացում»,- իր նամակում նշել էր փոխնախարարը:

Ինչպես պարզ է դառնում Բեռնի կոնվենցիայի քարտուղարության նամակից, Շրջակա միջավայրի նախարարությունը 2021թ. ապրիլի 16-ին քարտուղարությանը ուղարկել է զեկույց, որը  Բյուրոյի ուշադրությանն է ներկայացվելու 2021թ. սեպտեմբերի 15-16-ին կայանալիք հանդիպմանը:

Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանան թարմացումներ ուղարկել մինչ այդ հանդիպումը, ապա վերջիններս, ինչպես նաև բողոք բերող կողմերը կարող են լրացուցիչ զեկույցներ կամ թարմացումներ ուղարկել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն մինչև 2021թ. հուլիսի 31-ը:

Մայիս 06, 2021 at 13:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր