

Ամուլսարի ոսկու ծրագրի շուրջ սոցիալական լարվածությունն աճում է քաղաքական ճգնաժամի խորացմանը և հայ հասարակության համար կենսականորեն կարևոր և համարժեք որոշումների բացակայությանը զուգահեռ: Իշխանական կուսակցության և իրենց ընդդիմություն անվանող նախկին քաղաքական առաջնորդների հակասության ֆոնին ակտիվացել է բնական ռեսուրսների շահագործմամբ զբաղվող բիզնեսը՝ մտադրված լինելով կառավարությունից ստանալ դրական եզրակացություններ և որոշումներ իր գործունեության համար:
Հասարակությունը, Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներն անհանգստացած են Ամուլսարի ծրագրի հնարավոր վերսկսման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի վերջին հայտարարություններից:
«Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ որևէ որոշում, որևէ լուծման գնալու, որևէ քաղաքական որոշում կայացնելու շեմի չենք հասել, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և օբյեկտիվ իրականությունը վեր չի հանված:
Ամուլսարի խնդիրն այս պահին առկախված է՝ պայմանավորված Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի առկայությամբ: Ես մի քանի անգամ խոսել եմ, որ ինքս մեծապես հղվելու եմ քրեական գործի հանգուցալուծման արդյունքներին: Եթե այնպիսի օբյեկտիվ իրողություններ վեր հանվեն, որոնք կասկածի տակ դնեն թե՛ ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը, թե՛ մյուս ինստիտուցիոնալ փաստաթղթերը, թույլտվությունները, որոնք թույլ են տալիս տնտեսվարողին շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, այդ դեպքում ես իմ լիազորություների և իրավասությունների շրջանակում կմիջամտեմ: Եթե նման օբյեկտիվ իրականություն գոյություն չունի, և բոլոր փաստարկները, այդ թվում՝ ՇՄ նախարարության կողմից մի շարք փաստերի քննվելուց հետո պարզի, որ որևէ օբյեկտիվ խանգարող փաստ և հանգամանք գոյություն չունի, ապա ՇՄ նախարարությունը ինստիտուցիոնալ առումով որևէ գործիքակազմ և իրավասություն չունի միջամտելու»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանը մարտի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի կազմակակերպած Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայն՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեծ հավանականություն կա: «Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ մենք, տեսեք, պատերազմական իրավիճակի մեջ ենք, և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երաշխավորում է երկրի համար վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից ես կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան և արդյունքում հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ»,- ասաց նա փետրվարի 23-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործը, որի շրջանակներում նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն: Այդ փորձաքննության կատարումը հանձնարարվել էր «Earth link & Advanced Resources Development» (ELARD) լիբանանյան ընկերությանը: Փաստաթղթային փորձաքննության իրականացման համար լիբանանյան ընկերությանը ՀՀ կառավարության կողմից վճարվել է 450,944 ԱՄՆ դոլար: ELARD-ը փորձաքննության արդյունքում Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ մի շարք ռիսկեր է նշել իր եզրակացության մեջ: Այդ եզրակացության հրապարակումից հետո առաջ քաշվեց Ամուլսարի ծրագրին տրված բնապահպանական փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու հարցը, որն առկախվեց: ՀՀ ՇՄ նախարարությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրեց պետական լիազոր մարմինների, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և ELARD և TRC կազմակերպությունների դիրքորոշումը Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի վերաբերյալ: Այդ փաստաթղթում 13 կետով ներկայացրեցին Ամուլսարի ծրագրում առկա բացթողումներն ու թերությունները, այդ թվում փաստաթղթի 13-րդ կետում մասնավորապես նշված է. «Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի՝ ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում հանգել են հետևյալ եզրահանգումների. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ հաշվետվության 2.9-րդ «Ռադիացիոն ֆոն» բաժինը պետք է ամբողջությամբ վերանայվի, հաշվի առնելով 1952-54թթ-ին Ամուլսարի տարածքում կատարված ուրանի հետախուզական աշխատանքների հաշվետվությունը: Եթե հանքանյութի ակտիվությունը գերազանցի ՀՀ օրենսդրությամբ սահմանված արժեքը, դրա կառավարումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N439 Ն որոշման պահանջների»:
Հասարակությունը, բազմաթիվ անկախ փորձագետներ կարծում են, որ «Լիդիան» ընկերության նախագծում Ամուլսարի ծրագրի ռիսկերը թերի են գնահատված, իսկ եզրակացությունը տրվել է գործող օրենսդրության և միջազգային կոնվենցիաների դրույթների բազմաթիվ խախտումներով: 2018 թ-ին Ջերմուկ առողջարանի բնակիչները, հայտնվելով Ամուլսարի ծրագրի անմիջական ազդեցության ներքո, փակեցին հանք տանող մուտքերը և տեղադրեցին մշտական պահակակետեր: Երկարաժամկետ բողոքի ակցիայի իրավաբանական հիմնավորումը դարձավ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Ջերմուկում չկազմակերպված հասարակական լսումներին մարդկանց մասնակցության իրավունքների խախտումը: Ջերմուկում հավաքվեց 3000 ստորագրություն ընդդեմ մետաղական հանքարդյունահանմանը: Ավելի քան երկու տարվա ընթացքում ընկերությունը փորձում էր հեռացնել Ամուլսարի պահապանների պահակակետերը, այդ թվում նաև «Լիդիան»-ի զինված պահնորդների մասնակցությամբ: Բախմանը միջամտեց ոստիկանությունը: 2020թ-ի աշնան հայ-ադրբեջանական պատերազմից հետո Ամուլսարի պահապանների կազմում տեղի ունեցան փոփոխություններ: Նրանցից շատերը մեկնեցին՝ պաշտպանելու սահմանները, մի քանիսը մահացան:
Չնայած ծայրահեղ բարդ իրավիճակին՝ Ջերմուկի ակտիվիստները մտադիր են շարունակել պայքարն իրենց քաղաքի «կանաչ» ապագայի համար:
Պատասխանելով պաշտոնյաներին՝ Ամուլսարի պահապանները հանդես եկան հայտարարությամբ, որում նշված է.
«Վերջին շրջանում որոշ մարդիկ և պաշտոնատար անձիք կարծիքներ են հայտնում հանրահայտ ջրաբուժական առողջարան և բրենդ համարվող Ջերմուկ քաղաքի հարևանությամբ ոսկու բաց հանքի ծրագրի շինարարության վերսկսման անհրաժեշտության մասին։ Տարբեր անընդունելի հիմնավորումներին ավելացել է ևս մեկը, որ Հայաստանը վերջին պատերազմից հետո տնտեսապես շատ ծանր վիճակում է և նրան գումարներ են պետք ճգնաժամից դուրս գալու համար։
Լավ հասկանալով ու գնահատելով այս ծանր ժամանակաշրջանի էությունը՝ մենք շարունակում ենք մնալ նույն կարծիքին, որ մեր տարածաշրջանում մետաղական հանքեր չպետք է լինեն, և կարճաժամկետ ծրագրերը չպետք է վերացնեն 7 տասնամյակ ձևավորված, արդեն իսկ կայացած ու հարատև զարգացման հեռանկար ունեցող տնտեսական զարգացման ուղղությունները։ Դա մենք նաև հաստատել ենք 2018թ-ի աշնանը իրականացրած հանրագրի միջոցով, երբ Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչներ իրենց ստորագրություններով դեմ արտահայտվեցին մետաղական հանքարդյունահանմանը։
Մենք շարունակում ենք լինել միակամ ու բոլոր հնարավոր եղանակներով թույլ չենք տալու մեր կենսատարածքի և սոցիալ-տնտեսական կայացած համակարգի վերացումը։ Դա թույլ չենք տալու առավել ևս պատերազմից հետո, երբ սահմանն ընդհուպ մոտեցել է Ամուլսարին և Ջերմուկին, որտեղ ըստ ծրագրի պետք կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ։
Հորդորում ենք որոշում կայացնողներին սթափ գնահատել վիճակն ու զերծ մնալ նոր արկածախնդրությունների գնալուց՝ բոլոր ռիսկերն իբր թե կառավարելի լիելու անապացույց թեզը պարբերաբար կրկնելով։ Հիշեցնենք, որ իրենց իսկ պատվիրած միջազգային ուսումնասիրությունն աներկբա ապացուցեց հակառակն, ու Հայաստանի քաղաքացիները շատ լավ հասկացան դա՝ չնայած մածունը սև ներկայացնելու ձեր բոլոր ջանքերի։
Բոլոր այն տնտեսվարողներին, որոնք մտածում են համագործակցել Ամուլսարում ոսկու ծրագիրն իրականացնելու ցանկություն ունեցող ընկերության հետ, բարեկամաբար խնդրում ենք չանել դա և իզուր ավելի չսրել իրավիճակը մեր պետության ներսում։ Ջերմուկցիները, հարակից գյուղերի և Հայաստանի գիտակից քաղաքացիները չեն թողնելու մեր ջրերի սրտում դանդաղ գործողության քիմիական զենքի տեղադրումը, որի վտանգավոր հետևանքները շարունակվելու են հարյուրավոր տարիներ։
ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ»:
Շարունակելի
Մարտ 29, 2021 at 16:06