ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը շահագործելու նպատակով Արփա գետից ջրօգտագործման թույտվության տրամադրման հարցում: Այս մասին մարտի 24-ին նախարարությունը հայտնել է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանին։
Ընկերությունն ակնկալում էր Արփա գետից 41,3 լ/վրկ ջրաքանակով ջրառի թույլտվություն ստանալ:
««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Արփա գետից 41,3 լ/վրկ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար շրջակա միջավայրի նախարարություն 2021թ. հունվարի 27-ի գրությամբ ներկայացված ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը մերժվել է շրջակա միջավայրի նախարարի 2021թ. մարտի 22-ի N86-Ա հրամանով»,- նշված է նախարարութան պատասխանի մեջ։
Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2020թ. ստացել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրօգտագործման թույլտվություն: Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ Ընկերությունը 2019 թ-ի հոկտեմբերին մերժում է ստացել երկարաժամկետ գործունեության համար նաև Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի ՋԹ ստանալու համար: «Լիդիան Արմենիան» վիճարկում է նախարարության այդ մերժումը ՀՀ վարչական դատարանում։ Այս գործի դատաքննությունը դեռ շարունակվում է: Դատական նիստի օր է նշանակված 2021թ-ի մարտի 31-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում էլ քննվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործը:
Մարտ 25, 2021 at 13:27