Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ Ամուլսարի ծրագրի. Մաս 2

Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ Ամուլսարի ծրագրի. Մաս 2

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարության հայտարարությունը պատահական չէ, և հասարակությանը պատրաստում են Ամուլսարի հանքի շահագործման օգտին որոշումներ կայացնելուն: Միևնույն ժամանակ, միջազգային հարթակում տեղի են ունենում Ամուլսարի ծրագրին վերաբերող կարևոր գործընթացներ: Ակնհայտ է դառնում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կառավարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և այլ շահագրգիռ կողմերի պատասխանատվությունը միջազգային կոնվենցիաների և այլ կարգավորող փաստաթղթերի դրույթների կատարման վերաբերյալ: Այս ամենին ուշադիր հետևում է միջազգային հասարակությունը, մասնավորապես, CEE Bankwatch Network ցանցը:

«CEE Bankwatch Network»-ը ՀԿ-ների միջազգային ցանց է, որը գործում է կենտրոնական և արևելյան Եվրոպայում: Այն ունի 17 անդամ խմբեր, բազմաթիվ ՀԿ-ներ տարբեր տարածքներում: Ցանցը բնապահպանական կազմակերպությունների ամենամեծ ցանցերից է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: «CEE Bankwatch Network»-ը հիմնադրվել է 1995թ-ին և կենտրոնացել է տարբեր միջազգային ֆինանսական ինստիտուտների, ինչպես օրինակ, Եվրոպական ներդրումային բանկի  (ԵՆԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)  գործունեության մոնիտորինգի վրա՝ միաժամանակ հրապարակելով և բացահայտելով նախագծերի հավանական ռիսկերը հասարակության համար ՝ բնապահպանական, սոցիալական և տնտեսական խնդիրները լուծելու համար: Ցանցի նպատակն է ազդել ԵՆԲ-ի և ՎԶԵԲ-ի որոշումների վրա և մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության քարոզչություն իրականացնել:

«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը հրապարակել է նոր զեկույց Եվրոպայի «Կանաչ գործարք» (Green Deal) պլանի վերաբերյալ՝ զգուշացնելով, որ «Կանաչ գործարք»-ում նշվող հումքի ձեռքբերումը չպետք է իրականացվի աշխատողների, տեղական համայնքների և բնության հաշվին: Զեկույցում օրինակներից մեկը Հայաստանի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի մասին է:

«Ամուլսարի ոսկու հանքի դեպքը լեռնահանքային արդյունաբերության դեպքերին հատուկ օրինակներից մեկն է. մետաղի արդյունահանումը հսկայական վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության համար, և հաճախ համայնքներն են պայքարում բնությունը պաշտպանելու համար: Ամուլսարի ոսկու հանքը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում՝ սիրված Ջերմուկ առողջարանային քաղաքից ոչ հեռու: Ամուլսար լեռը սնում է խոշոր գետեր երկրի մի շարք շատ կարևոր ջրային ավազանների համար:

Կանադական «Lydian International» ընկերությունը նախատեսում էր ոսկու բացհանք շահագործել, որը, ինչպես ակնկալվում  է, կազդի ոչ միայն ջրի աղբյուրների և օդի որակի, այնպես էլ նաև այս արժեքավոր բնական տարածաշրջանում գտնվող վայրի կենդանական աշխարհի վրա: Ընկերությունն աջակցություն է ստացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից  (2009 և 2017 թթ.) և Միջազգային ֆինանսական կորպորացիայից (վերջինս 2017թ. դուրս է եկել նախագծից): «Lydian»-ն ի սկզբանե նախատեսում էր օգտագործել արդյունահանման և վերամշակման տեխնոլոգիա, որը հայտնի է որպես ցիանիդային տարրալվացում, ինչն անհանգստացրել է հարակից համայնքներին տվյալ տեխնոլոգիայի հավանական վտանգավոր ազդեցությունների պատճառով: Տեղի բնակիչները, ովքեր իրենց ապրուստը վաստակում են, մշակելով ծիրանի այգիներ, հավաքելով վայրի բույսեր, բազմացնելով կենդանիներ և ձկներ, 2018թ. փակել են հանքավայրի ենթակառուցվածքներ տանող մուտքը: 2020թ. ամռանը ընկերությունն ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ ճանապարհային շրջափակումը ճեղքելու համար, ահաբեկեց և վարկաբեկեց տեղի համայնքի անդամներին, ցուցարարներին և ակտիվիստներին՝ դատական գործեր սկսելու միջոցով»,- մասնավորապես նշված է զեկույցում 

2020թ-ի հուլիսի 1-ին «CEE BankWatch» միջազգային ցանցը դիմեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հակակոռուպցիոն քաղաքականության պահպանման մարմնին և Ծրագրերի բողոքարկման մեխանիզմին՝ հայտնելով Ամուլսարի ծրագրի տարածքում աճող լարվածության մասին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն Ամուլսարի ծրագրի ֆինանսավորողներից է: «CEE BankWatch»-ը պահանջել է բանկի կառույցներից կապվել ծրագրի թիմի, Երևանում գտնվող ՎԶԵԲ-ի գրասենյակի և անմիջապես հաճախորդի հետ՝ նշելով «Լիդիան Արմենիա»-ի կողմից ակտիվ գործողությունների կատարման անհրաժեշտության մասին` կանխելու ակտիվիստների նկատմամբ բռնի գործողությունները: «CEE BankWatch»-ը խնդրել էր ՎԶԵԲ-ին երաշխավորել, որ ոչ մի սադրանք կամ բռնի միջոցներ չեն կիրառվի շրջափակումը վերացնելու նպատակով: «Ուժի կիրառմամբ ծրագրի տարածք մուտք գործելու ապահովումը չի օգնի ընկերությանը ձեռք բերել սոցիալական աջակցություն և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի տեղի համայնքների միջև հակամարտության սրմանը»,- նշված էր «CEE BankWatch» դիմումում:

ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմն արձագանքել է այս կոչին և հայտնել, որ դիմումը փոխանցվել է Ամուլսարի ծրագրի թիմին և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակին:

«CEE BankWatch»-ը հիշեցրեց «Լիդիանին», որ ՎԶԵԲ-ի բնապահպանական և սոցիալական քաղաքականությունը պարունակում է հստակ դրույթներ անվտանգության ուժերի վարքագծի վերաբերյալ։ Մասնավորապես, հաճախորդը չի թույլատրում որևէ ուժի կիրառում, բացառությամբ այն դեպքերի, եթե այն օգտագործվում է կանխարգելիչ և պաշտպանական նպատակներով`սպառնալիքի բնույթին և աստիճանին համապատասխան:

«CEE Bankwatch Network»-ն աջակցեց տեղի բնակչության և հասարակության բողոքին՝ ուղղված ՎԶԵԲ-ի Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (ԾՀԱՄ): Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից 23 բնակիչ դիմել է ՎԶԵԲ-ի Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին՝ նշելով, որ ընկերության գործունեությունը չի համապատասխանում Բանկի սոցիալական և բնապահպանական քաղաքականությանը: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն,  «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը ևս միացել են այդ դիմումին՝ աջակցելու Ջերմուկի բնակիչներին:

Բողոքն ընդունված է և գտնվում է քննության փուլում: Ինչպես նշված է ՎԶԵԲ-ի կայքում, Բանկը ներդրել է 11.4 միլիոն կանադական դոլլար «Lydian International»-ի բաժնետոմսերը գնելու համար՝ իր կապիտալի ավելացման շրջանակներում

ՎԶԵԲ-ը ներդրումներ չի կատարել «Lydian Ventures»-ում և դրանում ֆինանսական հետաքրքրություն չունի: Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականն է պատրաստվել ծրագրի համար, և ՎԶԵԲ-ը ակտիվորեն հետևում էր ԲՍԱԳ-ի իրականացմանը մինչև Lydian International-ի անվճարունակ դառնալը, որի ժամանակ դադարեցվեց ՎԶԵԲ-ի ֆինանսական հետաքրքրությունը Ամուլսարի ծրագրի նկատմամբ: Ամուլսարի ծրագրի նկատմամբ ՎԶԵԲ-ի ֆինանսական հետաքրքրության դադարեցման մասին նշել է նաև  ԾՀԱՄ-ը բանկի կայքում:

2020թ-ի մարտին կենսաբազմազանության անկախ փորձագետ Անդրեյ Ռալեֆը «CEE Bankwatch Network»-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի  անունից բողոք ներկայացրեց Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն:

Բողոքում մասնավորապես նշված է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Բեռնի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 5-րդ և 6-րդ կետերը՝ տալով թույլտվություններ Ամուլսարի ոսկու նախագծին և թույլ տալով նշանակալից ազդեցություն Մշտական հանձնաժողովի 4-րդ բանաձևով (1996թ.) և 6-րդ բանաձևով (1998թ.) պաշտպանվող բնակմիջավայրերի և տեսակների վրա: Նախագիծն արդեն իսկ տեղակայված է և ունի ազդակիր տարածքներ Էմերալդի «Ջերմուկ տարածք»-ում (AM0000009), իսկ հետագայում կարող է նշանակալից ազդեցություն թողնել այլ Էմերալդ տարածքների վրա՝ «Սևան» ազգային պարկ» (AM0000002) և «Գորհայք տարածք» (AM0000002). բոլոր երեք տարածքները Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի կողմից ստացել են ԲՀՀՏ-ի թեկնածուի կարգավիճակ: ՀՀ կառավարությունն անտեսել է Էմերալդ տարածքների վրա ազդեցություն թողնող ծրագրերի գնահատման ընթացակարգերը՝ չիրականացնելով պաշտպանության ենթակա տեսակների և բնակմիջավայրերի պատշաճ գնահատում, իսկ ՇՄԱԳ  հաշվետվություններում կիրառված են մեթոդաբանություններ, որոնք խախտում են Բեռնի կոնվենցիան և անհամատեղելի են Էմերալդ ցանցի հետ:

Շարունակելի

Մարտ 29, 2021 at 16:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր