Երկու ընկերություն՝ մեկ անուն. Գլաձորի հանքի շահագործման թույլտվությունը ստանալու ապարդյուն փորձերը

Երկու ընկերություն՝ մեկ անուն. Գլաձորի հանքի շահագործման թույլտվությունը ստանալու ապարդյուն փորձերը

Շուրջ հինգ տարի Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքը պայքարում է հանքարդյունաբերության դեմ՝ փորձելով պաշտպանել իր մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքը:

Բնակիչների դիրքորոշումն այս տարիների ընթացքում չի փոխվել: Տեղաբնակները համոզված են, որ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման դեպքում վտանգ է սպառնում ոռոգման և խմելու ջրերին: «Եթե հորատեն, ո՞ւր պետք է գնա այդ ամբողջը… Մեր խմելու ջուրը հանքի սարի տակից է գալիս: Իսկ ոռոգման ջուրը գնում, խառնվում է մեծ գետերին: Արդյունքում ոչ միայն մեր գյուղը կաղտոտվի, կաղտոտվի նաև Կեչուտի ջրամբարը»,- նշեցին նրանք: 

Գլաձորի հանքավայրում առաջին երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվել են նախորդ դարի 20-ական թվականներին, վերսկսվել՝ 1950-1964թթ.։ Սակայն հանքը չի շահագործվել: 2007-2009թթ. ընթացքում հանքում հետախուզական աշխատանքներ է իրականացրել «Վայք Ռեսուրս» ՍՊԸ-ն: Ըստ այդմ՝ 2009թ. հաստատված պաշարներն ըստ հանքաքարի կազմում են 14474,0 հազար տոննա, որտեղ ոսկու քանակությունը կազմում է 9789,1 կգ (0,68 գ/տ):

Այնուհետև, հանքը շահագործելու հավակնություններ է ունեցել «Վայք Մետալ» ՍՊԸ-ն: 2016թ. ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն Գլաձորի բազմամետաղային հանքի շահագործման համար: Սակայն նախարարությունը բացասական փորձաքննական եզրակացությունն է տվել այդ հայտին։ Ի թիվս այլ պատճառների, բացասական եզրակացության տրամադրումը հիմնավորված է եղել տեղի բնակչության բացասական դիրքորոշմամբ։ 2017թ. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով մերժվել է «Վայկ Մետալ» ՍՊԸ-ին Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունքի տրամադրումը։ Ընկերությունը հայց է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարության բացասական եզրակացությունը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ մերժումը:

Սակայն, այս դատական գործն օգուտ չտվեց ընկերությանը, քանի որ պարզվեց, որ բնապահպանական փորձաքննական եզրակացությունը վարչական ակտ չէ, ապացույց է և այն չի կարող դատարանում վիճարկվել, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դատարանի որոշումը կատարելու համար վարչական վարույթ հարուցեց և վարույթով մերժեց Ընկերությանն ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը:

«Վայկ Մետալ» ընկերությունը հայց է ներկայացրել նաև ընդդեմ խոշորացած Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան համայնքի հողերից հող հատկացնել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ին և կնքել հողօգտագործման պայմանագիր, որպեսզի Ընկերությունը, համաձայն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքված պայմանագրի, կատարի ընդերքի ուսումնասիրություն Գլաձորի հանքի տարածքում: Ընկերության հայցը Վայքի դատարանը 16.05.2017թ. վճռով բավարարեց՝ պահանջելով չխոչընդոտել Ընկերության կողմից երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը Գլաձոր համայնքի տարածքում Ընկերության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա: Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանը բողոքարկել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի այս որոշումը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ուղարկված բողոքարկման մեջ Արմեն Մովսիսյանը նշում է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է և անօրինական: «Ըստ էության՝ Վայքի դատարանը պարտավորեցրել է Արմեն Մովսիսյանին ոչ իրավաչափ գործողություններ կատարել, քանի որ նա համայնքի հող հատկացնելու իրավունք չունի: Այդ վճիռը երեք ատյաներով ես բողոքարկել եմ, բայց մեր բողոքը չի բավարարվել և մտել է ուժի մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված վճռի կատարումը հնարավոր չէր առանց ՀՀ Սահմանադրության և ՀՀ մի շարք օրենքների խախտման, դիմել ենք այդ վճիռը կայացնող Դատարան /դատավոր` Հ.Դարբինյան/, որպեսզի վերջինս պարզաբանի, թե ինչպես այդ վճիռը պետք է կատարել առանց օրենքի խախտման: Սակայն, Դատարանը պատասխանել է, որ ամեն ինչ պարզ է և պարզաբանման կարիք չկա: Այդ որոշումը բողոքարկել ենք ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը պատասխանել է, որ իրավասու չէ վճիռը մեկնաբանելու և որ դա պետք է արվի վճիռ կայացնող դատարանի կողմից: Արմեն Մովսիսյանը, որպեսզի կատարի այդ անօրինական վճիռը, երկու անգամ դիմել է Գլաձորի ավագանուն, որն իրավասու է հողհատկացում անել և թույլ տալ համայնքի ղեկավարին հողօգտագործման պայմանագիր կնքել, սակայն, երկու անգամն էլ ավագանին մերժել է համայնքի ղեկավարի միջնորդությունները: Անհրաժեշտ է նշել, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքած ընդերքի ուսումնասիրության պայմանագիրը, որի վրա Վայքի դատարանը հիմնվել է, ուժը կորցրել է: Անհասկանալի է՝ ինչի համար են ուզում այդ հողը ստանալ, եթե դրա համար չունեն ոչ թույլտվություն, ոչ էլ այդ հողի վրա գործունեություն ծավալելու իրավունք: Հիմա Արմեն Մովսիսյանը երկու քարի արանքում է. կա՛մ դատարանի վճռի չկատարման համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, կա՛մ` պաշտոնական դիրքը չարաշահելու համար, եթե հողհատկացում անի, այսինքն՝ վճիռը կատարի»,- այս մասին ԷկոԼուրին պարզաբանեց Գլաձոր համայնքի շահերի պաշտպան, փաստաբան Նազելի Վարդանյանը: Դատարանի վճիռը կատարել հարկադրելու համար «Վայկ Մետալ»-ը դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Հարկադիր կատարողը որոշել է Գլաձորի համայնքապետին պարտավորեցնել հողհատկացում իրականացնել: Սակայն Նազելի Վարդանյանը կարողացել է հասնել նրան, որ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել հարկադիր կատարողի որոշումը` Վայքի դատարանի վճռի կատարման անհնարինության պատճառով: «Վայք Մետալ»-ը այդ որոշումը ևս բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարանում:

Խոշորացած Գլաձոր համայնքը հանքարդյունաբերությանը դեմ լինելու իր դիրքորոշումը հաստատել է ավագանու 2019թ․ ապրիլի 29-ին ընդունած որոշմամբ. որով հավանություն է տվել Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019թ. ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: 

Մինչ «Վայկ Մետալ»-ը դատական վեճերի մեջ է, ընկերության նույն ղեկավարության նախաձեռնությամբ ստեղծվում է մեկ այլ ընկերություն՝ «Մետալ գոլդ» ՍՊԸ-ն: Ըստ Հետքի հրապարակման, «Վայկ մետալ» ՍՊԸ-ի հիմնադիրը, միակ բաժնետերը և տնօրենը Արթուր Տեր-Սիմոնյանն է, ով ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության վարչության նախկին պետ, միևնույն ժամանակ` կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանի որդին է: «Մետալ գոլդ» ՍՊԸ-ի հիմնադիր բաժնետերն ու տնօրենը նույնպես Արթուր Տեր-Սիմոնյանն է: 

2021թ-ի փետրվարին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Մետալ Գոլդ»-ին 3 տարի ժամկետով արդյունաբերական նպատակով երկրաբանական հետազոտության թույլտվություն է տվել: Ընկերությունը նախատեսում էր համայնքում քննարկել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի 02.06.2009 թ. դրությամբ հաստատված կոնդիցիաների պարամետրերի և պաշարների 2020-23թթ. վերագնահատման և վերահաշվարկման համար» ծրագիրը: «Մետալ Գոլդ»-ն Գլաձոր համայնքից թույլտվություն ստանալու նպատակով հանրային լսում էր նախատեսում անցկացնել, թեպետ ըստ ընկերության ծրագրի, աշխատանքները կրելու էին զուտ գրասենյակային և համակարգչային բնույթ և դաշտային աշխատանքների հետ որևէ առնչություն չէին ունենալու։ 2021թ. մայիսի 11-ին Գլաձոր համայնքի բնակիչները թույլ չտվեցին հանրային լսումների անցկացումը: «Մենք հասկանում ենք, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, բայց վրայի հողը մերն է: Եթե մեր ավագանին թույլ չի տալիս աշխատանքներ կատարել, ուրեմն վերևին չեն կարող ձեռք տալ»,- նշեցին բնակիչները։ Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնեցին, որ «Մետալ Գոլդ» ընկերության կողմից հայտ չեն ստացել փորձաքննության համար:

Որպես հանքարդյունաբերությանն այլընտրանք՝ տեղի բնակիչներն իրենց համայնքի զարգացումը տեսնում են գյուղատնտեսության, գինեգործության և տուրիզմի մեջ: Ըստ նրանց՝ հեռանկարային է խաղողագործությունն ու այգեգործությունը: Համայնքում առաջնային խնդիր է ոռոգման ջրի անբավարար քանակը: Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանն ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ Կորեկի ձոր կոչվող տարածքում ջրամբարաշինության ծրագիր է քննարկվում: «Այդ ծրագրի իրականացման դեպքում Մալիշկայում, Վերնաշենում և Գլաձորում 800-900 հա ոռոգելի կդառնա»,- ասաց նա: Որպես այլընտրանքային աշխատատեղի ստեղծում Մովսիսյանը նշեց, որ «Գրանդ Թոբակո» ընկերության հետ պայմանավորվել են 5 հա-ի վրա թութուն աճեցնել: Աշխատանքներում կընդգրկվի համայնքից 5-7 կին:

Գլաձորցիները նաև նշեցին, որ համայնքի պոտենցիալը գնահատելու կարիք կա, որը պետք է համապատասխան ինստիտուտները կատարեն: 

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Հունիս 16, 2021 at 17:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր