Ինչու էին գյուղացիները դեմ Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործմանը

Ինչու էին գյուղացիները դեմ Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործմանը

«Գեղի Գօլդ» ՍՊԸ-ն 2016թ. ստացել է Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման թույլտվությունը, կնքել ընդերքօգտագործման պայմանագիր: Ընկերությունն արտադրությունը նախատեսում էր սկսել 2020թ-ից և հանքավայրը շահագործել մինչև 2045թ.: Սակայն հանքը չի շահագործվել, միայն հետախուզական աշխատանքներ են իրականացվել: 

Հանքավայրին ազդակիր Նոր Աստղաբերդ բնակավայրի նախկին գյուղապետ Սուրիկ Թևանյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Գյուղացիները ժողովների ժամանակ դեմ են եղել, թույլ չեն տվել, որ հանքը շահագործվի»: Ըստ նրա՝ բնակիչների դեմ լինելու պատճառը համայնքում արդեն իսկ առկա հանքարդյունաբերական գործունեության բացասական փորձն էր: «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով աղտոտվել էր Գեղի գետը, ինչի հետևանքով կենդանիների անկում էր գրանցվել: «Բնակիչները երկու մասի էին բաժանված: Նրանք, ովքեր արդեն աշխատել էին, տուն եկամուտ էր մտել, ցանկանում էին, որ հանքը բացվեր: Իսկ ովքեր չէին աշխատել, իրենց անասունների մոտ նկատվող խնդիրները կապում էին հանքի հետ, դեմ էին»,- ասաց Թևանյանը: Հանքի շահագործմանը դեմ էին նաև կապանցիները, քանի որ Կապանի խմելու ջուրը վերցվում է Գեղի գետից, իսկ հանքի շահագործման հետևանքով կվատանար խմելու ջրի որակը:

Հանքին ազդակիր Գեղի բնակավայրի վարչական ներկայացուցիչ Վասիլ Զաքարյանը նշեց, որ գյուղում հանքարդյունաբերությանն այլընտրանք կա: «Աշխատելու հնարավորություններ կան, պարզապես մարդիկ պետք է ցանկանան աշխատել ու ստեղծել: Գյուղում պետք է գյուղատնտեսությամբ զբաղվեն: Գյուղացին պետք է հող ու ջրի հետ աշխատի: Լավ անասնապահության երկիր է, մասուր, պոպոք ու դեղաբույսեր ունենք, ուղղակի հավաքող է պետք: Չենք ուզում, որ հանքեր աշխատեն, ափսոս են էս ձորերը, էդ հանքերի թափոնները որտե՞ղ լցվեն, ջուրը որտե՞ղ լցնեն, պարզ չէ՞ որ այս գետ, ափսոս չի՞ այս գետը»,- նշեց նա: 

Թեև գյուղացիները հողագործության և անասնապահության կողմնակից են, սակայն դրանք եկամտաբեր ուղղություններ չեն համարում. «Շուկայում չենք կարողանում մեր մթերքն իրացնել, էժան տալիս ենք… Ես կարո՞ղ եմ ցորեն առնել 200 դրամով, միսը ծախել 1000 դրամով»,- գյուղատնտեսական ոլորտի խնդիրների մասին նշեցին նրանք: «Ժամանակին թեյեր ենք արտադրել, չրանոցներ ու սև հաղարջի պլանտացիաներ ունեինք: Սակայն շուկա չունենալու խնդիր կար»,- ասաց Սուրիկ Թևանյանը: Բնակիչներն ակնկալում են պատկան մարմինների ուշադրությունը՝ ոլորտի խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու ուղղությամբ:

Հանքավայրին ազդակիր խոշորացված Քաջարան համայնքի  համայնքապետարանի Բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանն այս առնչությամբ նշեց, որ գյուղացիական շուկա կառուցելու ծրագիր ունեն: Ըստ նրա՝ թեև տարածաշրջանում գերակա է հանքարդյունաբերությունը, սակայն անհրաժեշտ է տեխնոլոգիապես զարգացնել համայնքները և փոքր գյուղատնտեսությունը: «Իսկ հանքարդյունաբերության հետ կապված իրենց ծառայող ձեռնարկությունները պետք է զարգանան և ընկերություններին անհրաժեշտ նյութերը տեղում արտադրվեն: Բայց դրա համար պետական մոտեցում է անհրաժեշտ»,- ասաց Գարեգին Գաբրիելյանը:

«Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի պարտավորությունների մասին

«Գեղի Գօլդ» ՍՊԸ-ն իր ընդերքօգտագործման պայմանագրով ազդակիր համայնքների նկատմամբ որոշակի սոցիալ-տնտեսական պարտավորություններ է ստանձնել: Մասնավորապես, պարտավորվել է համայնքներին տրամադրել տարեկան 300 հազար դրամ համայնքի զարգացման և 150 հազար դրամ դպրոցի համար պիտույքների ձեռքբերման համար: Եվս 200 հազար դրամ, ըստ համայնքի հայտի, պետք է տրամադրվեր սոցիալապես անապահով ընտանիքներին նպաստ տրամադրելու նպատակով: Որպես ոչ նյութական օգնություն նշված է  համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման համար տեխնիկայի տրամադրումը։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակում ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ «Գեղի Գօլդը» 2016-2017թթ. չի կատարել սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունները և բարեգործական հատկացումներ: Այդ պարտավորությունները կատարել է 2018թ-ին: Գարեգին Գաբրիելյանը «ԷկոԼուրի» հետ զրույցում նշեց, որ սոցիալապես անապահով ընտանիքներին նպաստ տրամադրելու հայտ չեն ներկայացրել ընկերությանը: Իսկ ինչ վերաբերում է համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման համար տեխնիկայի տրամադրմանը, ապա նման բան չի արվել: Գարեգին Գաբրիելյանը նշեց, որ համայնքին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու տեսանկյունից ճիշտ կլինի սոցիալ-տնտեսական պարտավորությունների կազմման աշխատանքում ընդգրկել նաև ազդակիր համայնքներին: «Ընկերությունների պայմանագրերում պետք է ազդակիր բնակավայրերի նկատմամբ սոցիալական պարտավորությունների մասին պարտադիր հավելված լինի: Շատ ավելի արդյունավետ ու նպատակահարմար կլինի, որ սոցիալական աջակցության ծրագրի մշակմանը մասնակցեն նաև համայնքները. և՛ համայնքի շահերն այդտեղ հաշվի առնվեն, և՛ ընկերության, և՛ պետության»,- նշեց նա: Գաբրիելյանը հույս հայտնեց, որ կմշակվի համայնքի մասնակցության այդպիսի մեխանիզմ, ինչպես նաև՝ մինչև 2014թ. կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը կվերանայվեն ու դրանցում ևս կլինեն այդ հավելվածները:

«Գեղի Գօլդը», 2016-2018թթ. հաշվետվությունների համաձայն, չի վճարել բնապահպանական վճարներ։ 2016-2017թթ-ին Շրջակա միջավայրի պահպպանության դրամագլխին գումարներ չի վճարել, 2018թ-ին վճարել է 12224500 դրամ: Ընկերությունը խոստացել էր բացել 300 աշխատատեղ: Մինչդեռ «Գեղի Գօլդ»-ի հաշվետվությունների համաձայն, 2016թ-ին ընկերությունում աշխատել է 21 հոգի, 2017թ-ին՝ 28, իսկ 2018թ-ին՝ 24 հոգի:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Հունիս 14, 2021 at 09:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր