«Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ն դատական վեճի մեջ է մտել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ, երբ նախարությունը 2020թ-ին դադարեցրել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքը Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նկատմամբ: Ընկերությունը դատարանում պահանջեց ՏԿԵ նախարարի 07.08.2020թ. թիվ 1075-Ա հրամանն անվավեր ճանաչել: Վարչական դատարանը մերժեց ընկերության հայցը, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարեց: Սույն թվականի հունիսի 10-ից գործը ՏԿԵՆ-ի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանում է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել, որ. «վարչական ակտի գործողությունը չկասեցնելու արդյունքում/պատճառով Ընկերությունը մինչև ընդերքօգտագործման պայմանագրի գործողության ավարտն անընդհատ և պարբերաբար չի կատարելու Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները … Ընկերությունը հանքավայրը չշահագործելու արդյունքում կկրի մեծ նյութական վնասներ շահույթ չստանալու պատճառով, ինչը կարտացոլվի նաև պետական բյուջեի վրա հարկեր չվճարելու պատճառով, աշխատակիցների վրա շահույթ չստանալու արդյունքում հայցվորը ստիպված կլինի ազատելու աշխատակիցներին աշխատանքից, համայնքի վրա՝ չաշխատելու և շահույթ չստանալու արդյունքում հայցվորը ստիպված կդադարեցնի համայնքին տրամադրվող սոցիալական օգնությունները, աջակցությունը։ Հաշվի առնելով նաև երկրի ներկայիս իրավիճակը, կարծում են անթույլատրելի է նման հետևանքների ստեղծումը»։
Նշենք, որ «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ն, ունենալով 2012թ-ից Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման թույլտվությունը, հանքը չի շահագործել և իր ստանձնած պարտավորությունները չի կատարել: Պետական հարկեր չի վճարել:
Հենց այդ պատճառով 2020թ. ՏԿԵ նախարարի հրամանով դադարեցվել էր ընկերության ընդերքօգտագործման իրավունքը, ուժը կորցրած ճանաչվել օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունն ու լեռնահատկացման ակտը, լուծարվել ընդերքօգտագործման պայմանագիրը։
ԷկոԼուրի հետ զրույցում հանքին ազդակիր Զառիթափ համայնքի բնակիչներն էլ նշեցին, որ ընկերությունը համայնքին սոցիալ-տնտեսական աջակցություն չի ցուցաբերել: Նշենք, որ ընկերությունը ընդերքօգտագործման պայմանագրով չի ունեցել համայնքի նկատմամբ ստանձնած սոցիալ-տնտեսական պարտավորություններ:
Զառիթափի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Շմավոն Ազատյանը նշեց, որ «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ն Զառիթափ համայնքի հետ հողերի, գույքի և հողամասի վարձակալության պայմանագրեր չունի, համայնքին երբևէ որևէ բարեգործական աջակցություն չի ցուցաբերել: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա, ըստ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կայքում հրապարակված «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի հաշվետվությունների, առնվազն 2016-2018թթ. ընկերությունն ունեցել է ընդամենը 1 աշխատակից:
Ըստ հարցված զառիթափցիների՝ ընդերքօգտագործման պայմանագիր կնքելիս համայնքը չի ներգրավվել այդ աշխատանքներում և տեղյակ էլ չի եղել, թե ընկերությունը որևէ պարտավորություն համայնքի նկատմամբ ստանձնել է, թե՛ ոչ: Նրանց զգալի մասը դեմ է հանքարդյունաբերության զարգացմանը: Համայնքի ապագան տեսնում են գյուղատնտեսության զարգացման, էկոլոգիապես մաքուր կուլտուրաների մշակման և հումքի վերամշակման փոքր՝ պահածոների, չոր մրգերի, ուտելի կանաչեղենի արտադրամասերի հիմնման, անասնապահության ընդլայնման, ինչպես նաև Էկոտուրիզմի զարգացման մեջ: Սակայն այստեղ էլ խնդիրները քիչ չեն: «Տարածաշրջանում արոտավայրերը շատ քիչ են, իսկ հողերը բերրի չեն ու անջրդի են: Ջրելու հնարավորությունը մի փոքր բարդ է՝ բոլոր հողերը թեքությունների վրա են: Բացի այդ էլ, համայնքը սակավաջուր է: Կեչուտից գալիս է խողովակաշարը, գյուղի ներքևի հատվածով անցնում, մի 20%-ին է հերիքում: Մնացած ամեն մեկը մի ձորից մի լեռնային աղբյուր է բերել ոռոգելու համար»,- նշեց Զառիթափի համայնքապետարանի ներկայացուցիչը:
Ըստ Շմավոն Ազատյանի՝ Խորհրդային Միության տարիներին գյուղում էլեկտրաապարատների գործարան կար, և գյուղը զարգանում էր: «Հիմա արևային էներգետիկան ենք փորձում զարգացնել: Ներդրողներ կան: Սարավանում հողի կատերգորիա ենք փոխել, հողհատկացումներ արել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե ընդհանրապես հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու դեպքում ինչ պահանջներ պետք է ներկայացվեն ընդերքօգտագործողներին, Ազատյանը պատասխանեց. «Համայնքին պետք է որոշակի լծակներ տրամադրվեն՝ վերահսկելու համար ընկերությունների աշխատանքը: Միևնույն ժամանակ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման ժամանակ համայնքը պետք է ներգրավվի որպես երրորդ կողմ և հնարավորություն ունենա վերահսկողություն իրականացնել»:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հունիս 23, 2021 at 15:54