

«Բիզնեսի և մարդու իրավունքների ռեսուրսային կենտրոն» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Փորփրելով ստվերում» զեկույցը, որում նշված է, թե Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ինչպես է հանքարդյունաբերությունը սնուցող միջավայր ծառայում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:
Զեկույցում ներկայացված են Հայաստանում, Վրաստանում և Ղազախստանում հանքարդյունաբերական 30 ընկերությունների գործունեության վերլուծության արդյունքները, բացահայտված են ոլորտի կապերը շրջակա միջավայրի ոչնչացման, մարդկանց մահվան ու բռնության մեղադրանքների հետ:
Հայաստանից զեկույցում ներկայացված են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Չաարատ Կապան» (Կապանի լեռնահարստացման կոմբինատ), «Մեղրաձոր գոլդ», «Լիդիան Ինթերնեյշնլ», «Սագամար», «Թեղուտ» և «Մուլտի գրուպ» ընկերությունները:
Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը պարզել է մարդու իրավունքների 167 խնդիր այդ 30 ընկերություններում: Մարդու իրավունքների հետ կապված ամենամեծ թվով խնդիրներ արձանագրվել են Ղազախստանի ընկերություններում (73), որոնց հաջորդում է Հայաստանը (60), ապա Վրաստանը (34):
Մտահոգիչ է բիզնես գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության սահմանափակությունը: Ուսումնասիրված 30 ընկերություններից 8-ում չափազանց դժվար էր գտնել մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ որևէ տեղեկություն, այն դեպքում, որ 22 ընկերություն հայտնել էին տեղեկատվության հասանելիության հետ կապված խնդիրների մասին:
Առկա է մտահոգիչ անջրպետ քաղաքականության և պրակտիկայի միջև: Չնայած 19 ընկերություններ ունեն մարդու իրավունքների վերաբերյալ քաղաքականություն, նրանք բոլորն էլ բախվել են չարաշահման մասին մեղադրանքների: Առավել տարածված էին բնապահպանական և ջրային իրավունքների վերաբերյալ մեղադրանքները (25 մեղադրանք), դրանց հաջորդում էին տեղեկատվության հասանելիությունը (22), առողջությունն ու անվտանգությունը (22), ինչպես նաև՝ ապրուստի միջոցներն ու կենսամակարդակը (22): Համայնքի, մշակույթի ու սեփականության իրավունքները (20) և աշխատանքային իրավունքները (19) նույնպես կարևորվել են որպես լուրջ խնդիրներ, ընդ որում, արդարացի փոխհատուցումն ու աշխատավարձերը ընդհանրական խնդիրներ էին:
Բոլոր երեք երկրների ձեռնարկությունների գործունեության ընթացքում հայտնաբերված մարդու իրավունքների լրջագույն խախտումներն էին մահերն ու բռնությունը:
Զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք գտնել հղումով:
Լուսանկարը՝ www.business-humanrights.org
Հունիս 15, 2021 at 14:17
