

Սյունիքի մարզի Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրը 2014թ-ից չի շահագործվում: Հանքի ընդերքօգտագործման իրավունքը պատկանում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ին 2012 թվականից մինչև 2032 թվականը ժամկետով:
2020թ. դեկտեմբերին ընկերությունը Քաջարան համայնքում հանքավայրի փակման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում է անցկացրել: Ծրագիրը, սակայն, դեռ բնապահպանական փորձաքննության գործընթաց չի անցել: ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ից ԷկոԼուրին հայտնեցին, որ հանքի փակման ծրագրի փորձաքննությունը սկզբնական փուլում դադարեցվել է, ուղարկել են լրամշակման:
«Ասում են՝ պաշարները տնտեսապես շահավետ չեն, դրա համար չի աշխատել»,- հանքի չշահագործվելու պատճառի մասին ԷկոԼուրին ասաց Քաջարանի համայնքապետարանի Բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանը:
Հանքի չաշխատելու մյուս պատճառն էլ, ըստ տեղի բնակիչների, տեխնիկական խնդիրներն էին: Հանքավայրի շահագործման հետևանքով Գեղի գետն աղտոտվել է: «Լեռ-էքս»-ի հարստացուցիչ ֆաբրիկան պետք է աշխատեր ջրօգտագործման լրիվ շրջանառու համակարգով: Սակայն այդ համակարգը տեխնիկական-կազմակերպչական տարբեր պատճառներով չի գործել: Արդյունքում պոչամբարի պարզված ջրերը լցվել են Գեղի գետ: «Արտահոսք կար: Ամբողջը Գեղի գետի մեջ էր թափվում: Ջուրը կարծես կաթ լիներ ու շատ վատ հոտ էր գալիս, ոնց որ նեխած ձու լիներ... Գիշերը չէինք կարողանում քնել այդ հոտից: Ընկերությանը շատ ենք դիմել, եկել, նայել են, անցել է ինչ-որ ժամանակ, չգիտեմ ինչ են արել: Երբ հանքը կանգնեց, էլ ոչ մի բան չկա, մաքուր ջուր ա, կարող ենք էդ գետից ջուր խմել»,- գետի աղտոտման խնդրի մասին պատմեցին գյուղացիները:
Ազդակիր Նոր Աստղաբերդ բնակավայրի նախկին համայնքապետ Սուրիկ Թևանյանը նշեց, որ ընկերությունը գետի մեջ արտահոսքը բաց էր թողնում երեկոյան, որպեսզի ցերեկը կենդանիներն այդ ջուրը չխմեն: «Հետո արդեն խողավակաշար են կառուցել, որով ջուրը պետք է գնար, միանար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարին, որտեղից էլ՝ Արծվանիկի պոչամբար ու չխառնվեր գետին: Այն էլ կանգեցրին, չաշխատեց»,- նշեց նա:
Ըստ Նոր Աստղաբերդի բնակիչների՝ ընկերությունը ապամոնտաժել է հարստացուցիչ ֆաբրիկան, գույքի մի մասը տեղափոխվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն գնել է «Լեռ-էքս» ընկերությունը, և «Լեռ-էքս»-ի ֆաբրիկայում վերամշակվել է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից բերված՝ օրական 1200-1400 տոննա քանակով հանքաքար։
Ռեկուլտիվացված չէ պոչամբարը: «Մեծ պոչամբար չէ, չորացած պոչամբար է: Շուտ ծածկեն, որ քամիներից փոշին չբարձրանա, վնաս հասցնի բնությանը»,- ասաց Սուրիկ Թևանյանը:
Պոչամբարի պատկերը տիեզերքից
«Լեռ-էքսն» իր ընդերքօգտագործման պայմանագրով որևէ սոցիալ-տնտեսական պարտավորություն ազդակիր համայնքների նկատմամբ չի ունեցել: Ըստ ընկերության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում հրապարակված հաշվետվությունների՝ Նոր Աստղաբերդ (խոշորացումից հետո Քաջարան համայնք) համայնքին որևէ սոցիալական կամ բարեգործական աջակցություն չի ցուցաբերել։
Սակայն Նոր Աստղաբերդ և Գեղի բնակավայրերի վարչական ներկայացուցիչ Վասիլ Զաքարյանը նշեց, որ ընկերությունն աջակցություն ցուցաբերել է: Նա ասաց, որ «Լեռ-էքսը» համայնքում կամուրջ ու խմելու ջրագիծ է կառուցել, անվճար ավտոբուս տրամադրել, ճանապարհներ վերանորոգել ու փողոցային լուսավորության խնդիրը լուծել:
Սուրիկ Թևանյանի խոսքով էլ Նոր Աստղաբերդում բնակիչների 60-80%-ը և՛ աշխատում էին հանքավայրում, և՛ անասնապահությամբ զբաղվում:
ԷկոԼուրի հետ զրույցում տեղի բնակիչները նշեցին, որ աշխատակիցների մի մասին ընդգրկել են Կապան և Քաջարան համայնքներից:
Որպես բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման առաջարկ՝ տեղի բնակիչները նշեցին, որ անհրաժեշտ է համայնքն ապահովել մաքուր ջրով, բարեկարգել ճանապարհներն ու միջհամայնքային տրանսպորտ տրամադրել, ինչպես նաև՝ վերամշակող արտադրություն հիմնել:
Քաջարանի համայնքապետարանի Բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանն էլ նշեց, որ համայնքում հանքարդյունաբերության առկայության պայմաններում գյուղացիները հանքավայրում են աշխատում, հողի վրա չեն չարչարվում: Որպես հետևանք՝ գյուղը չի զարգանում: «Որպես կանոն Հայաստանի հանքարդյունաբերական համայնքերում տնտեսությունը միաբևեռ է: Հանքարդյունաբերության ազդեցությունն ինչ-որ չափով կոմպենսացնել ու ապագայի մասին մտածել է պետք: Այդ հանքերը պիտի մի օր փակվեն, իսկ փակվելուց հետո այդ բնակչությունը ինչո՞վ է զբաղվելու: Պետք է բնակչությանը նախապատրաստել փակմանը: Դա պետք է կանոնակարգվի և՛ Կառավարության որոշումներով, և՛ փակման ծրագրերում ընդգրկվի»,- նշեց նա: Գաբրիելյանն ընդգծեց, որ հանքերի փակման ծրագրերով պետք է փոքր դասընթացներ կազմակերպվեն գյուղացիների համար՝ գյուղատնտեսության ճյուղերը զարգացնելու վերաբերյալ: «Խոշոր կազմակերպությունների ազդեցությունը մեծ է այդ տարածքի վրա, պետք է փոքր ձեռնարկությունների զարգացման ուղղություն լինի, նույնիսկ պարտադրվի, որ հանքարդյունաբերական ընկերություններին անհրաժեշտ սպասարկումների մի մասն այդ տարածքում կազմակեպրվի, պատվերն իջեցվի այդ տարածքում գործող կազմակերպություներին»,- ասաց նա:
Ընկերությունների գործունեության հաշվետվողականության բարձրացման համար էլ Գարեգին Գաբրիելյանն առաջարկեց, որ հաշվետվությունները ոչ թե գրավոր ձևով ներկայացվեն, այլ՝ հանդիպումների ժամանակ: «Եվ այդ հանդիպումները լինեն մշտական ու պարտադիր: Ծրագրերը, մոնիթորինգի արդյունքներն ու դրանից բխող հետագա գործընթացները ներկայացվեն համայնքին, համաձայնեցվեն և ճշգրտվեն համայնքի հետ՝ առավել արդյունավետ լինելու համար»,- նշեց նա:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հունիս 16, 2021 at 15:51