

Վայքում ակտիվացել են Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման շուրջ գործընթացները: 2021թ. մայիսի 24-ին Վայք համայնքի ավագանու որոշմամբ Վայք համայնքի մոտ 50 հա տարածք 3 տարի ժամկետով վարձակալության է տրվել «Վայք Գոլդ» ՍՊԸ-ին՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տարածքում հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Մեկ հա-ի վարձավճարը կազմում է 67 հազար 500 դրամ:
Վայք
Նշենք, որ 2021թ-ի մարտի 15-ի դրութամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվության մեջ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ տվյալներ չկան:
«Վայք Գոլդ» ՍՊԸ-ն Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման թույլտվությունը ստացել էր 2012-2037թթ. ժամկետով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019թ-ի դեկտեմբերի 12-ի 711-Ա հրամանով ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է: Ընկերությունը նախարարի հրամանը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում: Հերթական նիստը նշանակված է սույն թվականի օգոստոսի 31-ին:
Ազատեկի հանքավայրի շահագործման շուրջ ազդակիր համայնքներում կարծիքները կիսվում են: Մի քանի անգամ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կազմակերպած հանրային լսումները տեղի ակտիվիստներն ու բնակիչները բոյկոտել են: Սակայն 2020թ-ի վերջին՝ պատերազմից հետո, Ազատեկ բնակավայրում կայացել են հանրային լսումներ և լսումների մասնակիցները 2 ձայնի առավելությամբ տվել են իրենց համաձայնությունը հանքի շահագործման համար:
Ազատեկի բնակիչներ
ԷկոԼուրի հետ զրույցում Վայքի համայնքապետի տեղակալ Վիգեն Գասպարյանը դրական գնահատեց հանքի շահագործումը: «Հանքը շահագործվելու է փակ եղանակով: Ոսկու կորզման և հարստացման գործարանը լինելու է նոր տեխնոլոգիայով: Չի օգտագործվելու ցիանիդ և չեն լինելու պոչմաբարներ: Մեզ խոստացել են, որ բնությանը վնասները լինելու են մինիմալ»,- ասաց Վիգեն Գասպարյանը: Նա նշեց, որ պահանջ են դրել, որ պայմանագիր ունենան, թե համայնքի համար ինչ գումարներ է ներդնելու ընկերությունը, ինչ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնելու: Պահանջներից է նաև տեղի աշխատուժի ու տեխնիկայի օգտագործումը:
Վիգեն Գասպարյան
Սոցիալապես ծանր պայմաններում գտնվող Ազատեկ և Փոռ բնակավայրերի վարչական ներկայացուցիչների կարծիքով հանքի շահագործման դեպքում կլուծվի աշխատատեղերի խնդիրը, գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի: Փոռ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Լազր Ենոքյանն ակնկալում է, որ ընկերությունը կլուծի գյուղատնտեսական տեխնիկայի խնդիրը, սորտավոր անասուններ կհատկացնի գյուղին: Ազատեկ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Սիրակ Հովսեփյանն էլ նշեց, որ ընկերությունից պահանջելու են գյուղում մրգի վերամշակման արտադրություն հիմնել:
Լազր Ենոքյան
Սիրակ Հովսեփյան
Նշենք, որ «Վայք Գոլդը» 2012թ-ին կնքած իր ընդերքօգտագործման պայմանագրով պարտավորություն է ունեցել ազդակիր համայնքին ամեն տարի հատկացնել 3 միլիոն դրամ մանկապարտեզի, դպրոցների համար գրենական պիտույքների և խաղալիքների ձեռք բերման, համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցության և գյուղական միջհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման համար։ ԷկոԼուրի հարցին, թե արդյոք Ազատեկ և Փոռ բնակավայրերն այդ գումարները ստացել են, Փոռի և Ազատեկի ներկայացուցիչները բացասական պատասխան տվեցին: «Չէ, կոնկրետ Ազատեկ գյուղի համար կոնկրետ ոչ մի ներդրում չի արվել: Տվել է մենակ վարձակալության վարձերը»,- ասաց Ազատեկի ներկայացուցիչ Սիրակ Հովսեփյանը:
Ազատեկ
Փոռ
Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կայքում հրապարակված «Վայք Գոլդ» ընկերության հաշվետվությունների համաձայն, 2018թ-ին ընկերությունը սոցիալ-տնտեսական պարտավորությունների շրջանակներում 10 միլիոն դրամ է փոխանցել խոշորացված Վայք համայնքին, որի կազմում են Ազատեկն ու Փոռը, սակայն այդ մասին Ազատեկում և Փոռում չգիտեին:
Վայքի համայնքապետի տեղակալ Վիգեն Գասպարյանը նշեց, որ ընկերությունը Նոր տարուց առաջ վեց միլիոն դրամ է փոխանցել Վայք համայնքի բյուջե, որը բաժանվել է արցախադրբեջանական պատերազմում զոհվածների և վիրավորների ընտանիքներին:
Չնայած սոցիալ-տնտեսական որոշակի աջակցությանը և խոստումներին՝ ազդակիր Վայքի բնակիչների մի մասը կտրականապես դեմ է հանքի շահագործմանը: Հանքը Վայք քաղաքին կպած է և հանքի շահագործման մեջ տեղի բնակիչները, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչները մեծ ռիսկեր են տեսնում:
Հանքավայրի շահագործման դեմ պայքարի ակտիվ մասնակից, «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարյանն ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ հանքի շահագործման հարցը դիտարկում են ոչ թե որպես բնապահպանական, այլ՝ գոյապահպանական խնդիր: «Այս հանքի շահագործումն ուղղակի սպառնալիք է մեր գոյությանը: Ազատեկի ոսկու հանքը համակցված բազմամետաղային հանք է և բազմամետաղների ցանկի մեջ մտնում է նաև ուրանը: Որևէ երաշխիք չկա, որ հանքը մեզ վնաս չի հասցնի»,- ասաց նա: Ռուզան Ղազարյանի կարծիքով այս հանքավայրի շահագործումը սպառնում է տարածաշրջանի գյուղատնտեսությանը: «Հանքի սարի տակով անցնում է Արփա գետը, որով ոռոգում են Վայոց ձորի գյուղերի այգիները: Փոշին ու ջրի պղտորությունը գնալու է դեպի այդ պտղատու այգիները: Վայոց ձորի գյուղատնտեսական կառուցվածքը հնարավոր է՝ փոխվի, գյուղատնտեսությունն ու գինեգործությունն արդեն անիմաստ կդառնան: Արդյո՞ք հաշվարկված է պոտենցիալ օգուտն ու վնասը, որ կլինի հանքարդյունաբերությունից»,- նշեց նա:
Ռուզան Ղազարյան
«Իրենք խոստանում են փակ եղանակով շահագործել: Բայց վերամշակման գործարանը դիմացի Արին գյուղում է լինելու: Դա նշանակում է, որ իրենք Ազատեկից պեքտ է հանքաքարը բեռնատարներով Վայքի միջով տանեն Արին և այդ թափոնները լցնեն պատմական Մոս քաղաքի տարածք, որի տակ գտնվում է մեր զորամասը: Մենք արդեն գիտական հոդվածներից գիտենք, որ հանքը ուրանային պաշարներ ունի: Այդ թափոններում ռադիոակտիվություն կա: Առաջին հերթին թունավորվելու է մեր զորամասը: Երկրորդ, իրենք գետնի տակ պայթեցումներ են անելու: Մենք ապրում ենք ակտիվ սեյսմիկ գոտում: Այս պայթյուններից երկրաշարժերի հավանականությունը մեծանում է: Երբ ժամանակին Ազատեկի հանքում հետախուզում է արվել, ես 57 տարի ապրում եմ այստեղ ու այդ հորատված տարածքների թափոնների վրա մի ծիլ, մի խոտ ես չեմ տեսել: Այդ ամբողջը վկայում է ռադիոակտիվության մասին»,- ասաց «Վայք» հյուրանոցի տնօրեն Շիրակ Միքայելյանը:
Շիրակ Միքայելյան
Վայքի բնակիչ, «Յուսես» փաստաբանական գրասենյակի փաստաբան Մարիամ Մկրտչյանը Ազատեկի հանքավայրի շահագործման ռիսկերից նշեց.
«Հանքն անմիջապես գտնվում է Վայքի դեմ դիմաց՝ մոտ 50-100 մետր հեռավորության վրա: Հնարավոր է ուրանի որոշակի ճառագայթումներ լինեն: Անհասկանալի է, թե առողջական խնդիրները մարդիկ ինչպես են լուծելու: Այն սոցիալական պատասխանատվությունը, որ նշված է, չեմ կարծում, որ բավարար է համայնքի խնդիրները լուծելու կամ առողջապահական խնդիրները կարգավորելու համար: ԽՍՀՄ տարիներին հանքում որոշակի աշխատանքներ են արվել: Հանքանյութը փորձաքննության է տարվել: Առ այսօր դրենաժային ջրերը հոսում են Արփա գետ, դեղին գույնի ջրային հոսքեր են: Այդ ռիսկերը հաշվարկվե՞լ են: Արփա գետը սնուցում է Արփի գյուղի բոստանային հատվածները, Արենին: Ռիսկերի կառավարման խնդիր կա շահագործման հետ կապված»:
Մարիամ Մկրտչյան
Արփա գետ
Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի կարծիքով ջրամբարաշինությունը Վայոց ձորի մարզին ավելի շատ օգուտ կտա, քան՝ հանքարդյունաբերությունը: «Ջրամաբարաշինության հետ կապված նախագծեր կան: Դրանց կառուցման դեպքում 1500 հա հող դառնում է ջրովի՝ անապատային հողը դառնում է կանաչ տարածք: Եթե ջրամբարն արժի 8-12 միլիոն դոլար, ապա 5-6 տարի հետո մենք այդ փողը հետ ենք վերադարձնում պետությանը: Ջրամբարը 100 տարի գործում է, ժողովուրդն էլ 1500 հա հող մշակում և ապրում»,- ասաց նա:
Գեղամ Մարգարյան
Որպես հանքարդյունաբերությանն այլընտրանք խոշորացված Վայքի բնակիչներն առաջարկում են զարգացնել էկոտուրիզմը, այգեգործությունը, մեղվագործությունն ու անասնապահությունը, բրդի արտադրությունը ստեղծել մթերքի իրացման շուկաներ:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հուլիս 01, 2021 at 17:15