ՆՅՈՒԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ Է

ՆՅՈՒԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ Է

ՀՀ դատախազության պաշտոնական կայք

Օգոստոսի 25-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին, ինչպես նաև հրապարակեցին ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի բաց նամակը, որով իբրև թե հանցագործության մասին հաղորդում է ներկայացվում հանրապետության գլխավոր դատախազին` Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչների նկատմամբ ոստիկանության և դատախազության գործողությունների վերաբերյալ:

Հարգելով հանրության` ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը` տեղեկացնում ենք, որ նախևառաջ հարգելի պատգամավորը պետք է վաղուց տեղյակ լիներ, որ 2007 թվականի մայիսից ` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, ՀՀ դատախազությունը նախաքննությամբ չի զբաղվում, դատախազության համակարգում քննիչներ չեն աշխատում, հետևաբար հարգարժան պատգամավորի հայտարարությունը` «քրեական գործ հարուցել Մարտունու դատախազության քննիչի գործողությունների կապակցությամբ», անհիմն են, քանզի ՀՀ դատախազության կառուցվածքային կազմում «Մարտունու դատախազություն» ստորաբաժանում, և «Մարտունու դատախազության քննիչ» գոյություն չունեն: Կարծում ենք` հայտարարությամբ հանդես գալուց առաջ, կարելի էր ճշտել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանը չստուգված տեղեկատվություն փոխանցելուց:

2010 թվականի  հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վ. Գետաշեն, Ն. Գետաշեն և Մադինա գյուղերի մի խումբ բնակիչներ անօրինական միջոցառում էին անցկացրել Մարտունի-Երևան հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դադարեցրել երթևեկությունը: ՀՀ ոստիկանության` Մարտունու բաժնի կողմից դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում հիշյալ գյուղերի մի խումբ բնակիչներ իրենց բացատրություններում հայտնել են, որ իրենք ցանկացել են դիմել կառավարությանը` «Արգիճա» գետի հունը փոխելու շինարարական աշխատանքները դադարեցնելու նպատակով:

Նյութերի նախապատրաստման արդյունքում մերժվել է քրեական գործի հարուցումը:

Գեղարքունիքի մարզի դատախազությունում վերոնշյալ գյուղերի բնակիչների կողմից որևէ դիմում-բողոք չի ստացվել:

«Էկոլուր»-ի նկատառում: «Հայոց Աշխարհ»-ում տպագրված ՀՀ դատախազության մամուլի ծառայության տեղեկատվության մեջ ոչ մի խոսք չկա քրեական գործի հարցումը մերժելու մասին: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Ոստիկանության Մարտունու բաժնի կողմից դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում հիշյալ գյուղերի մի խումբ բնակիչներ իրենց բացատրություններում հայտնել են, որ իրենք ցանկացել են դիմել կառավարությանը` «Արգիճա» գետի հունը փոխելու շինարարական աշխատանքները դադարեցնելու նպատակով:
  
Նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մարտունու բաժնի քննչական բաժանմունքում շարունակվում է:
  
Գեղարքունիքի մարզի դատախազությունում նյութերի նախապատրաստման ընթացքում վերոնշյալ գյուղերի բնակիչների կողմից որեւէ դիմում-բողոք չի ստացվել:
  
Նկատի ունենալով դեպքի հնչեղությունը, նյութերի հետագա ընթացքի վերաբերյալ հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Օգոստոս 26, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր