Սևանա լճի ափին շուրջ 3800 շենք-շինություն ենթակա է ապամոնտաժման

Սևանա լճի ափին շուրջ 3800 շենք-շինություն ենթակա է ապամոնտաժման

Սևանա լճի ափին շուրջ 3800 շենք-շինություն ենթակա է ապամոնտաժման: Առաջնահերթությունը կտրվի մինչև 1901.5 մ բացարձակ նիշն ընկած տարածքներում գտնվող շենք-շինությունների ապամոնտաժմանը: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` ի պատասխան ԷկոԼուրի հարցմանը Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ: 

«1. 2010թ. Կադաստրի կոմիտեի կողմից կատարված գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ընթացքում հաշվառվել է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր 4729 շենք-շինություն, որոնցից շուրջ 880-ը նախորդ տարիների ընթացքում վարձակալների և շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցներով ապամոնտաժվել է: Ներկայում առկա է ապամոնտաժման ենթակա շուրջ 3800 շենք-շինություն, ինչը լրացուցիչ ճշգրտումների կարիք ունի: 2021թ. փետրվարին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են Սևանա լճի հանրային լողափից դեպի թերակղզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ՝ 1901.5 մ նիշից ներքև գտնվող լճափնյա հատվածներում հետևյալ շենք-շինությունների (պարիսպներ, կիսակառույց շինություններ) ապամոնտաժման աշխատանքները.

  1. լճի մեջ գտնվող 2 քարե պարիսպ՝ 50 գմ երկարությամբ և 3 մ բարձրությամբ,
  2. նավահանգստի հարակից տարածքում 240 գմ և 3 մ բարձրությամբ պարիսպ և 2 շինություն՝ 308 և 84 քառ.մ 4, 4մ բարձրությամբ,
  3. 9 վագոն-տնակ, պարիսպ՝ 200 գմ 3 մ բարձրությամբ, ինչի ներսում առկա է 50 քառ.մ, 65 քառ.մ, 63,7 քառ.մ մակերեսներով և 4,4 մ բարձրությամբ 3 շենք:
  4. Լճի մեջ առկա են 30 մ երկարությամբ և 2 մ բարձրությամբ պարիսպներ: 

2. 2021թ. հուլիսի 8-ի Կառավարության N1133 որոշմամբ պետական բյուջեում կատարվել է «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, ինչի շրջանակներում նախատեսվում է ՊՈԱԿ-ի միջոցներով շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Առաջնահերթությունը կտրվի մինչև 1901.5 մ բացարձակ նիշն ընկած տարածքներում գտնվող շենք-շինությունների ապամոնտաժմանը: 

3. Աշխատանքների իրականացման համար վերոնշյալ որոշմամբ մեքենամեխանիզմների ձեռք բերումից բացի նախատեսված են նաև դրանց շահագործման ծախսերը: 

Ապամոնտաժման աշխատանքները իրականացվում են նաև վարձակալների կողմից՝ իրենց իսկ միջոցներով», - նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանում:

Նշենք, որ Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների հետ կապված բացահայտվում են տարբեր խախտումներ: Դեռ փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «Սևան» ազգային պարկի պահպանության պարտականությունները չկատարելու և լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 

Իսկ 2020թ. նախատեսված 271 հա Սևանա լճի ափամերձ տարածքների փոխարեն մաքրվել է ընդամենը 45 հա տարածք: Մաքրման աշխատանքը կատարել է «Հարությունյան Շին» ՍՊԸ-ն, որի հետ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2019թ. պայմանագիր էր կնքել 2019-2021թթ. ընթացքում 750 հա տարածք մաքրելու վերաբերյալ: Սակայն թերի աշխատանքի պատճառով նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվեց հաստատել «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի կատարողական ակտը և միակողմանիորեն լուծարեց պայմանագիրը: Նաև հիշեցնենք, որ դեռ 2010թ. Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման համար ՀՀ բնապահպանության նախարարությունը 295,6 միլիոն դրամով ձեռք էր բերել «Watermaster Classic III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը: Թե այդ թանկարժեք էքսկավատորով որտեղ և ինչ աշխատանքներ են կատարվել, մինչ օրս հայտնի չէ: 

Սեպտեմբեր 28, 2021 at 13:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր