

Գործադիրը 2021թ. հոկտեմբերի 14-ի կառավարության նիստի օրակարգում է ներառել «Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Ըստ նախագծի՝ այն կնպաստի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, նոր հողատարածքների ավելացմանը, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավմանը, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովմանն ու գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցմանը:
Հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը 2-3 անգամ ավելի է նորմատիվային պահանջարկի նկատմամբ: Ներկայում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգով ոռոգվող շուրջ 250.0 հա հողատարածքների համար օգտագործվում է 980.0 հազ. մ3 ջուր: Նախնական տվյալներով ապագայում կանխատեսվող շուրջ 22.0 հազար հա հողատարածքի համար նշված համակարգը ներդրողները կօգտագործեն շուրջ 88.5 մլն. մ3, որի արդյունքում ոռոգման ջրի սպառման ծախսը կնվազի 2-3 անգամ:
Ծրագրից կարող են օգտվել գյուղատնտեսական մշակաբույսեր մշակող ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց հողատարածքներն ընդգրկված են ջրօգտագործողների սպասարկման տարածքներում, հանդիսանում են ջրօգտագործողների ընկերությունների անդամներ՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների տարածքների։
Նախագիծը մշակվել է ՀՀ ջրային կոմիտեի կողմից:
Հոկտեմբեր 14, 2021 at 10:21
