Վերջերս Գեղարքունիքի մարզում Արգիչի գետի վրա կառուցված «Արգիչի» փոքր ՀԷԿ-ի խողովակը հերթական անգամ պայթել էր և գոյացրել 3 մետր խորությամբ փոս: Ամեն անգամ նմանատիպ վթարները մեծ վնաս են հասցնում տեղի բնակիչներին, որոնց հողերի տարածքով է անցնում ՓՀԷԿ-ի խողովակաշարը:
«Արգիչի» ՓՀԷԿ-ի ազդեցության տակ են գտնվում Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Մադինա և Գեղհովիտ համայնքները: Ըստ «SOS Արգիճի» նախաձեռնող խմբի անդամ, Վերին Գետաշեն համայնքի բնակիչ Վարդան Գալստյանի՝ «Արգիչի» ՓՀԷԿ-ը «ռումբ» է հարակից համայնքների համար: «Եթե պայթյունը լիներ Մադինա կամ Վերին Գետաշեն գյուղերից վերև, ավերածություններ կլինեին ավելի շատ, և ավելի մեծ վնաս կհասցվեր: Շատ ուժեղ ջրի շիթ էր, մոտ 3 մետր խորությամբ ձորակ է ստեղծել: Այդ քարերը հանել, լցրել էին ինչ-որ մեկի, հավանաբար սեփականաշնորհված տարածքի վրա»,- ասաց Վարդան Գալստյանը:
«Արգիչի» ՓՀԷԿ-ն առաջացնում է սակավաջրության խնդիր համայնքներում՝ աշխատելով ոռոգման սեզոնին: Տարիներ շարունակ համայնքների բնակիչներն իրենց հասանելիք ոռոգման ջուրը ստացել են բողոքի ակցիաների և ճանապարհներ փակելու արդյունքում: «Պայմանավորվածություն ունեինք, որ ոռոգման սեզոնին չեն աշխատելու, բայց հասցնում էին կրիտիկական աստիճանի, որ գյուղացիներն արդեն ընդզվում էին: Մինչև չբողոքեցինք, ջուր չտվեցին: Ջրերը չէին բացում, որովհետև գետում ջուր չկա: Գետի հունը իսկապես դատարկ է: Կարող ես գետի հունով քայլել, բարձարանալ, ջրաթողք գրեթե չկա: Ընկերության գործունեության հետևանքով վնաս է հասցվել նաև ձկնաշխարհին»,- նշեց Վարդան Գալստյանը:
«SOS Արգիճի» նախաձեռնության մեկ այլ անդամ, Վերին Գետաշենի բնակիչ Պայծառ Աղաբաբյանն էլ նշեց, որ ՓՀԷԿ-ի գործունեության հետևանքով գյուղից տարածքներ են ավերվել, մարդիկ փոխհատուցում չեն ստացել կամ եթե ստացել են, դրանք եղել են չնչին գումարներ: «Սա հարց է, որ պետք է լուծվի: Գյուղացին չպետք է տուժի, պետք է փոխհատուցում ստանա: Ոռոգման շրջանում մարդ պետք է իմանա, որ վաղն իր ջուրն արդեն պետք է լինի, ինքը օգտվի, ոչ թե գնա կռվի, դեռ մի բան էլ վիրավորեն: Եթե մի անձնավորություն շահ ունի, ապա դա չպետք է լինի գյուղացու շահի հաշվին»,- նշեց նա:
Վարդան Գալստյանն անդրադարձավ նաև «Արգիչի» ՓՀԷԿ-ի մյուս խնդրին. կայանի ագրեգատորների աղմուկի հետևանքով կրճատվել են հանգստի գոտիները: «Այնտեղ, որտեղ մենք հանգստանում էինք, երկար մնալու դեպքում հոգնում ենք ՀԷԿ-ի աղմուկից»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այդքան վնաս հասցնելուն զուգահեռ ընկերությունը որևէ օգուտ չի տալիս իրենց համայնքին: «Կարող էր սոցիալական ծրագրեր աներ, սակայն ընկերության սոցիալական գործունեությունը համայնքի զարգացման գործում բացակայում է: «Արգիչի» ՓՀԷԿ-ը ջրային ռեսուրսն ու տարածքն օգտագործում է, պայթյունների ժամանակ վնաս է հասցնում համայնքին և ընդամենը տարեկան 120 հազար դրամ է վճարում»,- ասաց նա: Պայծառ Աղաբաբյանն էլ նշեց, որ պետք է գործի համայնքին պատճառված վնասների փոխհատուցման մեխանիզմ: «Ընկերությունը պետք է ունենա պարտավորություն ներկայացնելու, թե յուրաքանչյուր տարվա որ ամսին, որ օրը, որ ժամին պետք է ջուր տա, որպեսզի բողոքի ալիք չառաջանա ժողովրդի մեջ»,- ասաց նա: Վերին Գետաշենի բնակիչները նաև նշեցին, որ «Արգիչի» ՓՀԷԿ-ի հետ կոնֆլիկտում համայնքապետարանի աջակցությունը նկատելի չէ: «Երբ խոսք է գնում ոռոգման համար ջրի բացթողման մասին, գյուղապետը չկա»,- նկատեց Վարդան Գալստյանը:
Ըստ Հաշվարկային կենտրոնի տվյալների՝ «Արգիչի» ՓՀԷԿ-ը 2020թ-ի տարեսկզբից մինչև օգոստոս ամիսը արտադրել է 17,560,657 կ/Վտժ էլեկտրաէներգիա, այդ թվում օգոստոսին, ոռոգման սեզոնի ամենաթեժ սեզոնին, ՓՀԷԿ-ում արտադրվել է 364,733 կ/Վտժ էլեկտրաէներգիա: 2021թ-ին ՓՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի վերաբերյալ տեղեկությունները դեռևս հրապարակված չեն:
Հոկտեմբեր 04, 2021 at 12:22