Համալիր մշակման է ենթարկվում ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքի նոր նախագիծը

Համալիր մշակման է ենթարկվում ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքի նոր նախագիծը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳ) մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը համալիր մշակման է ենթարկվում: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Երկար ժամանակ է՝ աշխատանքներ են տարվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վրա՝ ներգրավելով միջազգային փորձագետների, հաշվի առնելով այս բնագավառում միջազգային փորձը, ապահովելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը և օրենսդրության համապատասխանեցումը միջազգային իրավական չափորոշիչներին։ Նոր օրենքով հստակեցվում և ամրագրվում է փորձաքննության տված եզրակացության և փորձագետի կարգավիճակը, ինչպես նաև ՇՄԱԳ նախագիծ մշակողի լիցենզավորման կարգը, ինչը շատ մեծ բաց էր», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Կառավարությունն այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրել է լրացուցիչ 10.541.7 հազար դրամ գումար՝ ՊՈԱԿ-ի աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար։ ՊՈԱԿ-ի ընդհանուր բյուջեն տարվա կտրվածքով կազմել է 56003.5 հազար դրամ, կատարվել է հաստիքների համալրում, աշխատավարձերի բարձրացում 30-40%-ով, ՊՈԱԿ-ը համալրվել է ավտոմեքենայով, որով փորձագետներն այցելում են փորձաքննության ենթարկվող տարածքներ, ձեռք է բերվել նոր տեխնիկա և գույք։

ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ ՇՄԱԳ ինստիտուտում մեկնարկած բարեփոխումների վերաբերյալ քննարկում է անցկացրել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նախարարին են ներկայացվել 2021թ. ընթացքում կատարված աշխատանքները: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ 2021թ. հունվար ամսից մինչ օրս փորձաքննության են ներկայացվել 258 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ, տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել գործունեությունների 110 հայտերի, փորձաքննական եզրակացություններ են տրամադրվել 193 գործունեությունների վերաբերյալ և տարբեր ոլորտների գործունեությունների վերաբերյալ տրվել է 12 բացասական եզրակացություն։ Առաջիկայում նախատեսվում է թվայնացնել ՊՈԱԿ-ի գործունեության ավելի քան 20 տարվա արխիվը։

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Հոկտեմբեր 22, 2021 at 16:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր