

2021թ. նոյեմբերի 4-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ի անդամների աշխատանքային հանդիպում, որի օրակարգում ՇՄԱԳ փորձաքննության գործընթացում համայնքներում հանրային լսումների անցկացման հետ կապված խնդիրների քննարկումն էր: Քննարկման կազմակերպման առիթը ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության կողմից Ուռուտ բնակավայրում և Գլաձոր համայնքում հանրային լսումների հետ կապված հայտարարությունն էր:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուներ, ինչպես նաև ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության կողմից հրավիրված՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը և ԲՇԽ-ի արդյունահանող ընկերությունների կողմից հրավիրված՝ Գլաձոր համայնքի բնակիչներ Արմեն Ստեփանյանը և Արման Վարդանյանը:
Հանդիպման մասնակից լիազոր մարմինների ներկայացուցիչները անդրադարձան հանրային լսումների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին, պարզաբանեցին իրավական առանձին դրույթներ և նշեցին, որ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության հայտարարության մեջ նկարագրվող մասնավոր դեպքում հանքարդյունաբերական ծրագիրը ներկայացրած նախաձեռնող խմբի հանրային լսումներ անցկացնելու գործողությունները իրավաչափ են եղել: Քննարկման այլ մասնակիցները իրենց դիրքորոշումը հայտնեցին խնդրի գլոբալ կարգավորման ոլորտում փոփոխությունների անհրաժեշտության, ինչպես նաև այն հանգամանքի վերաբերյալ, որ տարբեր շահագրգիռ խմբեր ներկայացնող տեսակետները անհրաժեշտ է ներառել ներկայումս քննարկման և մշակման փուլում գտնվող Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության նոր փաստաթղթում:
Հանդիպման արդյունքներով կազմվեց արձանագրություն, որով քննարկման մասնակիցները որոշեցին 15-օրյա ժամկետում ԱՃԹՆ-ի քարտուղարություն ներկայացնել քննարկված խնդիրների վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթ:
Դեկտեմբեր 03, 2021 at 16:28